Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԳԵՂԻ ԿԵՆՏՐՈՆ ՉԷ

Հուլիս 23,1999 00:00
Narek Sargsyan

Քաղաքաշինությո՜ւն, ճարտարապետությո՜ւն։ Եթե ինքս հայ չլինեի, երեւի թե հավատայի, որ մենք՝ հայերս, կառուցող ազգ ենք։ Իսկ կառուցելիս պարտադիր ինչ-որ մի կառույց քանդում եւ տեղը նորն են դնում։

Դա հատկապես նկատվում է քաղաքի, այսպես կոչված, «պրիստիժնի» փողոցներում։ Իսկ քաղաքի ծայրամասերում նման կառուցողական գործընթացների հազվադեպ ենք հանդիպում։ Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքի կենտրոնից հեռու իրենց կառույցները մարդիկ տեղադրեն, եթե քաղաքի կենտրոնում էլ է նույն միջոցներով հնարավոր դա իրականացնել։

Բարոյական քայլ

1998 թ. դեկտեմբերին, նախկին վարչապետ Ա. Դարբինյանը, ճարտարապետ, նախագծող Նարեկ Սարգսյանին հրավիրեց իր մոտ որպես քաղաքաշինության գծով խորհրդական։ Ըստ Ն. Սարգսյանի, Ա. Դարբինյանը, քաղաքաշինության բնագավառը, որպես պետական քաղաքականության կարեւորագույն մաս, շատ էր կարեւորում, որով եւ պայմանավորված էր քաղաքաշինության հարցերով խորհրդական ունենալու գաղափարը։ Ն. Սարգսյանը նշեց նաեւ, որ վերջին 8-9 վարչապետներից Դարբինյանը միակն էր, որը լրջությամբ ուշադրություն դարձրեց այդ բնագավառին, որը շատ վատ վիճակում է գտնվում։ Վարչապետության պաշտոնից Ա. Դարբինյանի ազատվելու հետ մեկտեղ Ն. Սարգսյանը հրաժարվեց այլեւս խորհրդական լինելու շնորհից եւ դուրս եկավ։ «Հենց իմացա նրա հրաժարականի մասին, ես առաջինն էի, որ դուրս եկա։ Կարծում եմ, դա պարտադիր եւ բարոյական քայլ է։ Նա է ինձ հրավիրել, նրա հետ էլ պետք է դուրս գայի, մանավանդ որ ես այնտեղ որպես պաշտոնյա հանդես չէի գալիս։ Աշխարհում, բոլոր քաղաքակիրթ երկրներում այդպես է, միայն Հայաստանում այդպես չէ։ Մարդիկ ճանապարհներ են փնտրում՝ մտածելով, որ միգուցե նորը գա եւ իրենք մնան։ Նման խնդիր ես չունեի։ Նոր վարչապետը պետք է իր չափանիշներից ելնելով նոր ընտրություն կատարի, այն արդեն արել է»։

Դարբինյանը հարգում էր մասնագետներին

Իսկ թե լա՞վ է արդյոք լինել վարչապետի խորհրդական հարցիս, Ն. Սարգսյանն առանց հապաղելու ասաց. «Ես Ա. Դարբինյանի հետ որեւէ խնդիր չունեի։ Անկախ բոլոր այն ոչ մոտ կանգնած գնահատականներից, որ կարելի է տալ նրա մասին, նա հարգում էր մասնագետներին»։ Ն. Սարգսյանն այնտեղ աշխատել է 6 ամիս։ Ուզում էին Երեւանի համար հատուկ կարգավիճակ ստեղծել, որն իր ձեռքը վերցներ ամբողջ կառավարումը (քաղաքաշինական)։ «Օրենքները կիսատ-պռատ են։ Երեւանի գլխավոր հատակագիծը հնացել է եւ այսօր հույս դնել մեկը մյուսի հետեւից եկող ու գնացող գլխավոր ճարտարապետների վրա՝ արդյունքը տեսնում ենք»։ Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառը, ըստ Ն. Սարգսյանի, շատ ծանր վիճակում է։ Նա կարեւորագույն երկու խնդիր առանձնացրեց. հանրապետության ամբողջ քաղաքաշինական խնդիրը եւ Երեւան քաղաքի, հատկապես նրա կենտրոնի խնդիրը։ «Մինչ այսօր,- ասում է Ն. Սարգսյանը,- քաղաքաշինական քաղաքականությունը տարբերակված չէ։ Հեռավոր գյուղերի եւ Երեւանի կենտրոնի շինարարական գործընթացների կառավարումը նույնատիպ է կատարվում, որն ընդունելի չէ։

Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական աղքատիկ վիճակը, Երեւանի կենտրոնում պետք է խստացվի այն, իսկ մնացած բնակավայրերում (գյուղեր եւ այլն), որոնք իրենցից քաղաքաշինական արժեք չեն ներկայացնում, մարդկանց պետք է հանգիստ թողնել։ Իսկ Երեւանում օր-օրի ավելանում է ադմինիստրատիվ քաշքշուկը, ինչի վկայությունն է քաղաքապետարանի ամբողջ կառուցվածքը, որտեղ ցանկացած նոր գաղափար ունեցողն այնքան դռնեդուռ կընկնի, որ ի վերջո ուժասպառ կլինի կամ ձեռք կքաշի իր գաղափարից, որը քաղաքին կարող էր մեծ օգուտ բերել։ Պետք է ոչ թե վարչական այդ քաշքշուկը խստացնել, այլեւ անհրաժեշտ է ստեղծել մասնագետների, ոչ միայն ճարտարապետների, այլեւ քաղաքացիների եւ քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասնագետների հատուկ խորհուրդ, որի կայացրած բացառիկ որոշումից հետո (համենայնդեպս, Երեւանի կենտրոնում) միայն թույլտվություն տրվի որեւէ նոր կառուցումների։ Այնուհետեւ պետք է խիստ հսկողություն սահմանել՝ շինարարության ընթացքում նախագծից շեղումներ թույլ չտալու համար։ Հակառակ դեպքում, այսօր ինչ-ինչ ճանապարհներով նախագիծը հաստատվում է»։ Հակառակ դեպքում, Ն. Սարգսյանի խոսքերով. «Եթե մարդ ուզում է շենք կառուցել եւ հնարավորություն ունի չինովնիկին գնելու, նրա համար արդեն վերջինիս կարծիքը նշանակություն չունի, կանի այն, ինչ մտադիր է»։

Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ այն պարզ, հայեցի բանաձեւումը, որը շատ սիրում են կրկնել հայերը՝ «Մենք տաղանդավոր ժողովուրդ ենք»։ Նույնիսկ այնքան շատ ասացին, մինչեւ իրենք էլ սկսեցին կասկածել իրենց ասածին։ Անգամ կամաց-կամաց արդեն հակառակ խոստովանություններ են լինում։ Ազգիս «տաղանդները» սիրում են նաեւ, ինչպես հին ժամանակներում էր, կրկնել՝ սա լավ ճարտարապետ է, սա՝ ոչ, երբեմն էլ այդ որակումով որոշակի պատասխանատու պաշտոնի են նստեցնում։ Ն. Սարգսյանի կարծիքով, այդպիսի հասկացողություն գոյություն չունի։ Գլխավոր ճարտարապետի հիմնական խնդիրը քաղաքաշինական գիտելիքներ ունենալն է։ Իսկ թե արդյոք մեր գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը նման գիտելիքներ ունի, թե ոչ հարցիս նա պատասխանեց. «Երբ նա նշանակվեց, հայտնի ճարտարապետ էր եւ մինչ օրս էլ շարունակում է հարցերին ստեղծագործաբար նայել։ Նրա պրոբլեմները զուտ կազմակերպչական են։ Պետք է ներսից այդ հիմնարկը մաքրեր եւ, ազատվելով ավելորդ մարդկանցից, մեկ ուժեղ կառույց ստեղծեր։ Այսօր այդ կառույցը, օգտվելով իր վարչական դիրքից, նախագծեր անելով մոնոպոլիա է ձեռք բերում։ Նա անգամ մի օր խոստովանեց, թե շատ դժվար է աշխատել, նախագծերը հաստատելուց հետո անգամ մարդիկ սկսում են կառուցել այն, ինչ ի սկզբանե ուզում էին»։ Ն. Սարգսյանն անկեղծ մի գաղտնիք ասաց, թե եթե ինքը լիներ գլխավոր ճարտարապետը, այլ կերպ կվարվեր։ Անպայման կստեղծեր քաղաքաշինական խորհուրդ եւ իր վրա որեւէ պատասխանատվություն չէր վերցնի։

Ն. Սարգսյանը շարունակ պնդում էր (երկար ժամանակ նա այդ հարցը բարձրացրել է- Լ. Ս), որ քաղաքի կենտրոնը պետք է մեկ համալիր վերակառուցման նախագիծ ունենա, որտեղ կնշվեն շենքերի բարձրությունները, գույնը, ֆունկցիաները, իսկ եղած օրենքները պետք է վերանայվեն։ Դրանք խորհրդային ժամանակաշրջանում գերատեսչություններն են ընդունել եւ առայսօր անջատ են գործում։ «Խորհրդային շրջանում հուշարձանների պահպանության վարչությունը, գերատեսչական շահերից ելնելով, աշխատում էր հնարավորին չափով շատ շենքեր հուշարձան համարել, որպեսզի շատ ավելի բյուջե ունենա։ Այսօր, նոր չափանիշներից ելնելով, անհրաժեշտ է վերանայել Երեւանի բոլոր հուշարձան կոչվող հատվածները եւ առանձին շենքեր։ Եթե շենքը խիստ արտահայտված ճարտարապետական արժեք չունի, բայց գտնվում է հուշարձան հանդիսացող կառույցների կողքին, դա արդեն ֆոնային հուշարձան է համարվում, այսինքն՝ այն իր միջավայրում է այդպիսին դարձել։ Նման շենքերը՝ առանց ճարտարապետական արժեքը կորցնելու, կարող են դեպի վերեւ աճել»։

Ն. Սարգսյանն էլ, շատերի նման, այլեւս չի հավատում, որ մեր ճարտարապետները ցավում են մեր քաղաքի համար։ Անգամ նա այն կարծիքին է, որ նրանք ցանկացած կառույց կքանդեն, միայն թե իրենց նոր նախագիծն իրականացնեն։ Նրանք դեռ այդպիսին են։ Իսկ դառը ճշմարտությունն ասելիս, այլեւս անցանկալի ես դառնում նրանց համար։ Վստահ է, որ նոր սերունդը, որոնք առանց նախապաշարումների մարդիկ են, ի տարբերություն շատերի, որոնց կենսագրությունները քրքրելիս պարզվում է, որ քաղաքին ժամանակին մեծ վնասներ են տվել, այդ ամենը կիրականացնի։ «Իսկ Ճարտարապետների միության անդամներն ազատ մարդիկ են, եւ եթե, իրոք, ցավում են քաղաքի համար, պետք է կառուցողական լինեն։ Իսկ բոլորի մոտ մեխանիկորեն հինը պահելու ձգտումն է միայն, գործնականում ոչինչ չեն անում»,- ասում էր Ն. Սարգսյանը։

ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031