Aravot.am-ը ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից մեկնաբանություն խնդրեց կառավարության շենքի առաջ ցույց արած վարորդական իրավունքից զրկված վարորդների խնդրի վերաբերյալ։ Նա, օրենքը վկայակոչելով, հետևյալը նշեց. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում հստակ նշված է՝ ․․․ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները՝ որակավորման քննություններ հանձնելուց հետո»։
Հարցրինք, թե ինչպես վարվեն վարորդական իրավունքից զրկված արցախցիները։ Նարեկ Սարգսյանն ի պատասխան փոխանցեց, որ նրանք ևս պետք է դիմեն վարորդական վկայական ստանալու համար՝ ըստ սահմանված կարգի։
Ի դեպ, վարորդների խնդրին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը։ «Ձեր ասածը նոր թեմա է, որը պետք է լրացուցիչ ուսումնասիրել, հիմա պատրաստ չեմ, կծանոթանամ, կտեսնենք, թե ինչ է հնարավոր անել։ Մեկ հարց ուղղակի կարող եմ ասել՝ պետք է նայել՝ հիմքերը պահպանվա՞ծ են, թե՞ պահպանված չեն։ Ըստ այդմ՝ որևէ ձևով կարձագանքենք»,- ասել է նա։
Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված անձանցից ոմանք զրկվել են վարորդական իրավունքից և Հայաստանում չեն կարողանում վերականգնել իրենց վարորդական վկայականները, նրանցից պահանջում են քննություն հանձնել և նոր վկայականներ ձեռք բերել։ Նրանց թվում կան արցախցիներ, որոնք ՀՀ-ում են զրկվել վարորդական իրավունքից։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































