Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն ԷԻՆ

Մարտ 23,2000 00:00
loqyan

Ազգային հեռուստատեսությունը երեկ ամբողջությամբ հաղորդեց Դավիթ Լոքյանի շուրջ 1 ժամանոց հաղորդումը։ Ուստի չենք վերաշարադրի բացահայտված չարաշահումները, այլ կանդրադառնանք միայն դրանց առնչվող քաղաքական որոշ հարցադրումների։

Արդեն կես տարի գործող «1992-1999 թթ. էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ հաղորդումից քաղաքական սենսացիաներ էին ակնկալում։ Սպասում էին, թե փաստաթղթերով կհաստատվի այն, ինչի մասին այս էլ քանի տարի պնդում էին նախկին ընդդիմադիրները, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության մեղքով մեր ժողովուրդը կրեց «խավարի եւ ցրտի» տարիների ողջ դառնությունը եւ էներգետիկ չարաշահումները կազմակերպված էին պետականորեն։ Մեջբերենք այն անունները, որ իր հաղորդման մեջ հնչեցրեց Դավիթ Լոքյանը, կատարելով հանձնաժողովի որոշումը, թե պետք է չարաշահումների եւ յուրացումների փաստերը թվարկելիս հրապարակվեն համապատասխան գերատեսչությունների ղեկավարների անունները, որոնք պատասխանատվություն են կրում կատարվածի համար։

Ըստ այդմ, տրվեցին հետեւյալ անունները. օպերատիվ շտաբի ղեկավար Հրանտ Բագրատյան եւ նրա տեղակալ Գագիկ Մարտիրոսյան, էներգետիկայի նախարարներ Սեպուհ Թաշճյան եւ Միրոն Շիշմանյան, նյութական ռեսուրսների նախարար Վահան Մելքոնյան, «Հայէներգոյի» տնօրեն Մելս Հակոբյան, երկու ՋԷԿ-երի տնօրեններ՝ Հակոբջանյան եւ Հովակիմյան, «Էրեբունի» բարեգործական միության նախագահ Մկրտչյան, «ԹուրԹրեյդի» ղեկավար Ավետ Սարգսյան, «Դվին» կոնցեռնի ղեկավար Ռաֆիկ Սարգսյան եւ «Պրոմէներգո» կազմակերպություն՝ Միրոն Շիշմանյանով, Թելման Տեր-Պետրոսյանով եւ մի քանի խոշոր ձեռնարկությունների տնօրեններով։ Ընդ որում, Դավիթ Լոքյանը հաղորդման վերջում ասաց. «Հանձնաժողովը երբեք էլ նպատակ չի ունեցել ուղղակիորեն այս անձանց մեղադրելու հնարավոր չարաշահումների կամ յուրացումների մեջ։

Այս անձանցից շատերն այս պետության համար նաեւ շատ ու շատ լավագույն գործեր են արել»։ Նաեւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, թե որեւէ մեկին իրավունք չունեն անվանել հանցագործ, քանի դեռ չկա դատարանի որոշումը։ Սակայն հարակից ելույթ ունեցողները որակումների մեջ խտրություն չէին դնում։ Ի դեպ, հետո պրն Լոքյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ հարակից զեկույցները հանձնաժողովը չէր քննարկել. «Եվ դրանք ճիշտ էլ չէր այդպես կոչել։ Դրանք պարզապես ելույթներ էին»։ Ուրեմն, իր անձնական ելույթում (այլ ոչ հանձնաժողովի հարակից զեկուցման մեջ) Արշակ Սադոյանը հայտարարեց. «Այո՛, չտեսան պատից կախ՝ տեսան ճակտից կախ։

Միլիոն դոլարների տեր դարձան բազմաթիվ մարդիկ։ Անուններ են այստեղ հրապարակվում։ Եվ ի՞նչ։ Միգուցե մենք էլ հետեւենք այն քաղաքականությանը, թե՝ դե լավ, ինչ եղել՝ եղել է։ Միգուցե պողպատյաններից մի երկու միլիոն դոլար վերցնե՞նք բյուջեի համար, գոնե մի քիչ օգուտ կլինի։ Եվ սա՞ է արդյոք ճանապարհը։ Ես կարծում եմ, ներկայացրած կլինեմ հանձնաժողովի կարծիքն էլ, որ սա չէ ճանապարհը։ Պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ։ Այս հանցավոր գործարքներն այս մասշտաբով հնարավոր չէր իրականացնել առանց հանրապետության նախագահի, առանց վարչապետի, առանց էներգետիկայի եւ այլ նախարարների, առանց այդ «Դվին» կոնցեռնի, «Արմկոնտրակտի», «ԹուրԹրեյդի» եւ այլնի ղեկավարների»։ Համահունչ ելույթ ունեցավ, բնականաբար, նաեւ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ներկայացուցիչ Աղասի Արշակյանը եւ ասաց, թե հանձնաժողովից սպասում են, որ «զամոռսկի աֆերիստներին» էլ պատասխաններ տալու կանչեն։ Դավիթ Լոքյանը էներգակիրներին առնչվող բազմաթիվ ֆիրմաների անուններ էր տվել՝ է՛լ «Էրեբունի» բարեգործական միություն, է՛լ «Ֆորտունա», որը չեչեն տնօրեն է ունեցել, է՛լ «Մարմարիկ», որը ստեղծվել էր որպես գյուղատնտեսական ձեռնարկություն եւ զբաղվել դարձյալ վառելիքի ներկրմամբ։

Աղասի Արշակյանն այս ու չթվարկված այլ ձեռնարկությունների առնչությամբ հանձնաժողովին հստակ պատվիրան տվեց. պարզել, թե դրանք նախագահի եւ վարչապետի գիտությա՞մբ են գործել, թե՞ նրանց «հանցավոր թողտվության պայմաններում»։ Յուրօրինակ զուգահեռի համար նշենք, որ երբ Մանուկ Գասպարյանը վարչապետ Արմեն Սարգսյանից հետո վերանայված մի պայմանագրի մասին էր խոսում, առանց անուն տալու նշեց, որ չնայած վարչապետն այդ ժամանակ ուրիշ մարդ էր, բայց պայմանագիրը ստորագրել էր Գագիկ Մարտիրոսյանը։ Դահլիճում այս ռեբուսն ինչ-որ մեկն արագ լուծեց եւ տեղից նետեց, թե ինչո՞ւ չի ասում, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Ինչեւէ։ Էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանին «Առավոտը» հարց ուղղեց, թե համամի՞տ է արդյոք Արշակ Սադոյանի եզրահանգմանը, որ չարաշահումները հնարավոր չէր իրականացնել առանց երկրի ղեկավարների մասնակցության. «Իրեն հարցրեք, թե ինչու այդպես ասաց՝ երեւի կբացատրի։ Ես այդքան խորը չեմ ուսումնասիրել։ Ինքն է հանձնաժողովում։ Չեմ կարծում։ Կարծիք էլ չունեմ այս հարցի մասին։ Պիտի մտածեմ՝ նոր»։ Նախարարի այս խուսափողական պատասխանները որոշակիացնելու մի փորձ էլ արեցինք եւ հետաքրքրվեցինք, թե՞ արդյոք հնչած անունները կարո՞ղ են բերել այդ եզրակացության, թե սա պետականորեն կազմակերպված դավադրություն է։ Դավիթ Զադոյանը կռահեց, որ լրագրողական հնարքի ենք դիմել. «Նորից նույնն եք պնդում։ Արդեն ասացի, որ այդ հարցին չեմ կարող պատասխանել»։

Մեկ այլ հարցի ի պատասխան պրն Զադոյանն ասաց, թե հաճախ Արշակ Սադոյանը դատավորի դեր է ստանձնում եւ ինքը կողմնակից է, որ այս բոլոր փաստերը գնահատի դատարանը։ Մայիսի 5-ին այս հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հայտնաբերված բոլոր իրավախախտումների վերաբերյալ նյութերը թերեւս փոխանցվեն դատախազությանը։ Մինչ այդ սակայն, Դավիթ Լոքյանին հիշեցրինք, թե Արշակ Սադոյանի հայտարարությունների հիման վրա դատախազությունն անցած տարի քրեական գործեր էր հարուցել։ Ինչո՞ւ այդ դեպքում նման խոշորածավալ չարաշահումներ չբացահայտվեցին։ Ի դեպ, ԱԺՄ ներկայացուցիչ Սեմյոն Բաղդասարյանը ելույթում ավելի հեռուն հասավ եւ նշեց, թե դեռ 1994-ին իր համահունչ ահազանգներին հարկ եղած ուշադրությունը չէր դարձրել գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը։ Ի՞նչն էր այժմ խոչընդոտում դատախազությանը՝ մեր հարցին ի պատասխան պրն Լոքյանն ասաց. «Ոչինչ նրանց չի խանգարել։ Նրանք լրջագույնս զբաղվում են այս խնդիրներով։ Եվ մեր շատ ու շատ փաստեր համատեղ աշխատանքի արդյունք են։ Նրանք փաստաթղթերով, նյութերով մեզ բավական օգնել են ու հատկապես դրսից՝ Նովոռոսիյսկից, Մոսկվայից բերված նյութերի առումով։ Իսկ մեզ մոտ եղած նյութերն էլ մենք ենք փոխանցում դատախազությանը։ Չգիտեմ, թե շարունակությունն ու արդյունքն ինչ կլինի՝ վերջին հաշվով, քննության գործընթաց պիտի սկսվի»։ Նույն հարցն ուղղել էինք նաեւ Դավիթ Զադոյանին։

Եվ այսպես, նրա վարկածը, թե ինչու մի պատգամավորական հանձնաժողովի հաջողվեց այն, ինչ չհաջողվեց ամբողջ դատախազությանը. «Երեւի շատ խոչընդոտող բաներ կային։ Երեւի պետք էր, որ անպայման հանրապետության վարչապետը, էներգետիկայի նախարարը եւ նման պաշտոնյաներ կանգնեին այս գործի կողքին»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031