Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 09,2000 00:00

ԵՐԿՐԱՊԱՀԻ ՈՒԺՆ ԷԼ ՊԱՏԵՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՎՐԱ՞ Պարզվում է, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը դեռ բավարար հիմք չէ լիիրավ սեփականատեր համարվելու համար։ Ձեռքիս տակ գտնվող 15.04.1998թ. վկայականում գրված է. «վկայականը տրվում է «Էդար» ՍՊԸ-ին» եւ «Անշարժ գույքը գրանցված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրում ն.ն. 3/1-10 համարով»։ Անշարժ գույքի գտնվելու վայրն էլ Նանսենի փողոցի թիվ 6 տարածքն է։ Վերոնշյալ տարածքի ընդհանուր մակերեսը 282,81 քմ է եւ «իրավունքի տեսակը» տողի դիմաց գրված է. «Սեփականության իրավունքով»։ Չալարենք եւ թերթենք նաեւ «Մասնավորեցման պայմանագիրը» (03 մարտի 1998թ.), ըստ որի տեղեկանում ենք, որ վաճառողը սեփականաշնորհման նախարարությունն է եղել (ի դեմս նախարար Պավել Ղալթախչյանի), որն էլ ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 5-ի թիվ 53 որոշման համաձայն, վաճառել է թիվ 327 խանութը «Էդար» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Էդվարդ Հարությունյան), որն էլ գտնվում է Նանսենի 6 հասցեում։ Որքան էլ զարմանալի է, վերոնշյալ տարածքը զբաղեցնում եւ օգտագործում է այսօր ոչ թե սեփականատեր «Էդար» ՍՊԸ-ն, այլ… Խորհրդային շրջանի երկրապահ կամավորների միությունը։ Բոլոր իրավական-արտաիրավական պահանջները ԵԿՄ-ին՝ ազատել ապօրինաբար զբաղեցրած տարածքը, անհաջողության են մատնվել։ «Էդար» ՍՊԸ-ի տնօրեն Է. Հարությունյանը դիմել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, պաշտպանության նախարարությանը, սեփականաշնորհման նախարարությանը, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը՝ «հարցը կարգավորելու համար»։ Սակայն ոչ ոք չի կարողացել ապահովել վերոնշյալ տարածքի ընդունում-հանձնումը, հավանաբար… երկրապահի ահից։ Ուժեղ է նա, ով օրենքով է գործում եւ ոչ բռունցքով, եւ տվյալ իրավահարաբերության մեջ ուժեղը կամ ուժը «Էդար» ՍՊԸ-ի կողմն է։ «Քանի որ «Էդար» ՍՊԸ կոլեկտիվը իր բոլոր նյութական միջոցները ներդրել է օբյեկտի սեփականաշնորհման համար եւ փոխարենը ոչ մի օգուտ չի ստացել, միայն վնասներ է կրել, ուստի կոլեկտիվը չի կարող հայցով դիմել դատարան, քանի որ չի կարող վճարել օրենքով նախատեսված պետական տուրքը»,- ասում էր Է. Հարությունյանը մի տարի առաջ։ «Էդար» ՍՊԸ-ի կոլեկտիվը գտնում էր, որ մեղքի գերագույն բաժինը նաեւ ՀՀ սեփականաշնորհման նախարարությանն է, որը որպես վաճառող, կողմ, չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ ապահովելով օբյեկտի ընդունում-հանձնումը գնորդ «Էդար»-ին, կրելով պայմանագրային պատասխանատվություն գնորդի կրած ու բաց թողնված օգուտների դրամական փոխհատուցմամբ։ Տեղեկացնենք, որ 1997թ. դեկտեմբերի 9-ին «Էդար» ՍՊԸ-ն կատարել է առաջին վճարումը 4 միլիոն 232 հազար 425 դրամ։ «Էդարի» հաշվարկներով, 1999թ. դեկտեմբերի կտրվածքով տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունից զրկվելով, ինքը կրել է 7 մլն դրամի վնաս։ Այսօր պահանջվում է նաեւ յուրաքանչյուր ուշացված օրվա համար տույժ՝ մուծված գումարի 0,5%-ի չափով, որը անցել է 20 մլն դրամի սահմանը։ Այնուհանդերձ, սեփականաշնորհման նախարարությունը քաղհայցով մտավ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան՝ «Էդար» ՍՊԸ սեփականաշնորհված տարածքը հանձնելու պահանջի մասին»։ Անշուշտ, «ըմբռնումով» պիտի մոտենամ դատավոր Ն. Մարգարյանին, որը հայցն ընդունելով 11.10.99-ին, առաջին նիստը հրավիրեց 10.12.99թ., ապա՝ 31.01.2000թ. եւ՝ 14.02.2000թ.։ Ի վերջո, չհոգնեցնեմ, օգոստոսի 21-ին դատարանը որոշեց գործի վարույթը կասեցնել, մինչեւ այլ դատարանում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննության առնվի… Նոր Նորք համայնքի ԵԿՄ-ի հայցն ընդդեմ… սեփականաշնորհման նախարարության «սեփականաշնորհումն անվավեր ճանաչելու պահանջի մասին» գործով որոշում կայացնելը… Հա, բայց «Էդարն» ի՞նչ կապ ունի այդ հայցի հետ։ Ինքը սեփականատեր է եւ վերջ։ Եվ Նոր Նորքի դատարանի պատվերով ձգձգման պատճառով դարձյալ տուժեց։ Հիմա ի՞նչ, սպասենք, թե ԵԿՄ-ն իր նախընտրած շենքերի (ընդ որում՝ սեփականաշնորհված) սեփականաշնորհումն անվավեր ճանաչի՞։ Այդ դեպքում, սեփականաշնորհում չանեիք, կամ կասեցրեք սեփականաշնորհումը, մինչեւ… երկրապահի աչքը կշտանա։ Բա ո՞ւր մնաց սեփականության անձեռնմխելիություն իրավունք հասկացությունը։ Այրեք սեփականության բոլոր վկայականները։ Դրանք ուժ չունեն։ Երբ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի վերոնշյալ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերանայելու պահանջով դիմում ներկայացրեց «Էդարը» նույն այդ դատարանի նախագահին, վերջինս «ղեկավարվելով» ՀՀ քաղդատօրի 108 հոդվածի 2-րդ կետով եւ 144 հոդվածով՝ որոշեց «վարույթը կասեցնելու մասին որոշումը վերանայելու պահանջի մասին դիմումը մերժել»։ «Էդար» ՍՊԸ-ն ինչո՞վ ղեկավարվի։ Գուցե խորհուրդ տաք։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել