Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 05,2000 00:00

«ԴԱՏԱԿԱՆ ԱՅԴ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՄԻԱԿ ԻՐԱՎԱԲԱՆՆ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆՆ Է» Վստահ է նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը։ Մտադիր էինք նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատականները պարզել Աշոտ Բլեյանի դատաքննության վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ, սակայն նա երեկ բազմազբաղ էր եւ առաջարկեց զրուցել հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանի հետ։ «Այս խնդրի շուրջ մեր մոտեցումները նույնն են»,- ասաց պրն Հայրիկյանը։ Իսկ Վարդան Հարությունյանն Աշոտ Բլեյանի գործը վերջին 2-3 տարիների փորձաքարն էր համարում։ – Նա մեր այսօրվա իրականության զոհը դարձավ։ Փորձեցին, բայց չկարողացան նրա վրա գործ սարքել, որ նույնպես մակարդակ է պահանջում։ Հայտնի անեկդոտի պես է՝ «Այնքան ապուշ ես, որ նույնիսկ ապուշների մրցույթում չես կարող գրավել առաջին տեղը»։ Այսինքն՝ այնքան ցածր է մակարդակը, որ սովորական քրեական գործ սարքելը պրոբլեմ է դառնում նրանց համար եւ Բլեյանի պես ոչ իրավաբանը կարողանում է դատարանի դահլիճում կետ առ կետ հերքել այդ սարքված մեղադրանքները։ – Ինչպե՞ս եք գնահատում, որ լուծում չտալով այն միջնորդություններին, որոնք Աշոտ Բլեյանն իր պաշտպանական իրավունքի իրականացման առումով գնահատում էր խիստ էական եւ կարեւոր գործի ելքի համար, դատավորը փորձում է անցնել դատական վիճաբանությունների փուլին։ – Իրավաբանների հետ այս թեմայով իմ զրույցներից ելնելով կարող եմ ասել՝ դատական այդ դահլիճում միակ իրավաբանն Աշոտ Բլեյանն է։ Աշոտ Բլեյանի պահանջը շատ հստակ եւ ճիշտ է. մինչեւ չունենա իր միջնորդությունների պատասխանները, որոնք պետք է օգտագործի իր պաշտպանության մեջ՝ նա չի կարող պաշտպանվել։ Այս պահանջը շատ բնական է, եւ անհասկանալի է դատարանի եւ մեղադրող կողմի դիրքորոշումը։ Փաստորեն, դատարան՝ որպես այդպիսին, գոյություն չունի։ Գոյություն ունի միայն մեղադրյալ եւ մեղադրող կողմ։ Աշոտ Բլեյանի գործից բացի, էլի նման ճչացող փաստեր կան, երբ մեղադրվողն է պարտավոր պաշտպանվել եւ ապացուցել իր անմեղությունը։ Մի բան, որ քաղաքակիրթ հասարակությունում մեղադրվողի պարտավորությունների մեջ չէ։ – Պաշտպանության իր իրավունքի անտեսմանն ի պատասխան՝ Աշոտ Բլեյանն էլ խոչընդոտեց մեղադրական ճառի ընթերցմանը։ Սրա արդյունքն էլ դատավարությունը դռնփակ անցկացնելը դարձավ։ Բայց արդյոք դռնփակ նիստ անցկացնելու համար օրենսդրությամբ սահմանված հիմքերից որեւէ մեկն առկա՞ է այս դեպքում։ – Ընդհանրապես, Աշոտ Բլեյանի գործի քննության ժամանակ այնքան շատ ու ճչացող խախտումներ են կատարվել, որ էական նշանակություն երեւի թե չունի՝ մի խախտումով, անհիմն որոշմամբ էլ ավելի կամ պակաս։ Այս խնդրին պիտի անդրադառնանք ոչ թե իրավաբանական տեսանկյունից՝ դատավորն ունե՞ր կամ չունե՞ր այդ իրավունքը, այլ պիտի միանշանակ հայտարարենք, որ սա դատարանի եւ արդարադատության նկատմամբ հեգնա՛նք է։ Արդյոք այս օրինակները լավագույն հիմք կարո՞ղ են ստեղծել մեր վաղվա արդարադատության համար։ Արդյոք չենք ստեղծո՞ւմ այն հասարակական կարծիքը եւ մթնոլորտը, որտեղ դատավոր Իսկուհի Վարդանյանի թոռը կամ տղան դատվելուց պաշտպանված կզգան իրենց։ – Փաստորեն դատավարությունն ավարտվելու է ոչ հրապարակայնության պայմաններում։ Բռնություն գործադրվեց այն լրագրողի նկատմամբ, որը փորձում էր լուսանկարել, թե ինչպես են Աշոտ Բլեյանին բռնի ուժով դուրս հանում ճաղավանդակից։ Կարծում եմ, այս ամենը կանդրադառնա Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության վրա եւ կարժանանա միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքին։ – Ընդհանրապես, մենք այնքան ենք օտարված զգում մեր պետությունից, որ պատրաստ ենք տրամադրել տեղեկատվություն, որին կհետեւի Եվրախորհրդին Հայաստանի չանդամակցելը եւ մեր նկատմամբ միջազգային սանկցիաների կիրառումը՝ վաղը-մյուս օրը, էական չէ։ Մեր դատախազները իրենց բարձր աթոռները թողած՝ գնում են դատարան, նստում ու սկսում պաշտպանել մեղադրանքը՝ միայն թե ցանկացած գնով որեւէ մեկի մեղադրանքն ապացուցեն (Աշոտ Բլեյանի գործով երեք պետական մեղադրողներից մեկը Երեւանի դատախազի տեղակալ Էդուարդ Ղուկասյանն է- Ա. Ի.)։ Նրանց «շնորհիվ» մենք կարող ենք նայել մեր պետությանն այնպես, ինչպես նայում էին անցած տարիների այլախոհները Խորհրդային Միությանը եւ ասում՝ «Ինչքան վատ՝ այնքան լավ։ Ինչքան շատ արատավորող տեղեկատվություն տրամադրվի, այնքան շուտ կփլվի այս սարսափելի համակարգը եւ կգա ազատությունը»։ Եվ հիմա ես ասում եմ՝ իհարկե, Աշոտ Բլեյանի դատավարությունը չպետք է անհետեւանք մնա այս պետության համար։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել