Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆ ՆԱԵՎ ԱՅԼ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Նոյեմբեր 07,2000 00:00
usucich

Երեւանի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցի ուսուցիչները, որոնք ընթերցել էին «Առավոտի» թիվ 199-ում տպագրված «Գործող դասագրքերը խոցելի տեղեր շատ ունեն» հոդվածը, իրենց կարծիքները հայտնեցին։

Այսօր 4-րդ եւ 5-րդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերի մեջ բավականին շատ են անհամապատասխանությունները։ Այսպես, 5-րդ դասարանում տրված է խնդիր, որտեղ պետք է որոշվի սյան երկարությունը։

– Սակայն խնդիրը դժվարություն է ներկայացնում,- ասաց ուսուցչուհի Լիզա Գաբրիելյանը,- ընթերցում եմ, ընթերցում, բայց դժվարանում եմ բացատրել։ Եվ սա թարմ օրինակ է։ Ինչո՞ւ։ Նախ, այդ խնդիրը պետք է լուծվի կոտորակների բաժանումով, սակայն այդ թեման, ըստ ծրագրի, դասարանում անցնելու են ավելի ուշ եւ տվյալ պահին ուղղակի դժվարություն է առաջացել ինչպես ուսուցչի, այնպես էլ աշակերտների համար։ Ուսուցչուհին դա բացատրում է նրանով, որ անմիտ ձեւով, առանց մտածելու հետեւանքների մասին, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերը փոփոխվեցին նույն ժամանակաընթացքում եւ այսօրվա չորրորդ դասարանցին անցած ուսումնական տարում առարկան յուրացրել է հին ծրագրով։ Հիմա ուսուցչի ձեռքին նոր դասագիրք է եւ նոր ծրագիր։

– Ո՞րն է դժբախտությունը,- միջամտում է մաթեմատիկայի մեկ այլ ուսուցչուհի՝ Ջուլիետա Եփրեմյանը,- 4-րդ եւ 5-րդ դասարաններում բավականին շատ են այն նյութերը, որոնք վերամշակման խիստ կարիք են զգում։ Այո՝ խիստ։ Հենց 6-րդ դասարանի հանրահաշվի դասագիրքը։ Նա նշեց, որ այն շատ խրթին է, հաշվի չի առնված, որ դրանով պետք է սովորի 13-14 տարեկան երեխան։ Ուսուցիչը ընթերցում է առաջադրանքները, բայց չի հասկանում։ Եթե մաթեմատիկական տեխնոլոգիան անհասկանալի է եւ մատչելի չէ նույնիսկ ուսուցչին, ապա ինչ կարող է անել աշակերտը։ 7-րդ դասարանում «Պատկերացում բազմանիստերի, գլանի, կոնի, գնդի մասին» թեմային տրամադրված է ընդամենը հինգ դասաժամ։ Կարծում է, որ այդ թեման կարելի է եւ չանցնել։ Նա խիստ ծավալուն է համարում այդ դասարանի երկրաչափությունը, որին տրամադրված է ընդամենը 68 ժամ։ Իսկ եթե կարգավորվի այդ հարցը, ապա խնդիրների լուծմանը, որոնք թեորեմի ուժ ունեն, ժամեր տրամադրելու հնարավորություն կունենան։

Դպրոցի ֆիզմաթ առարկայական մեթոդական միավորման նախագահ Մարինե Մուրադյանը նույնպես նշեց 6-7-8-րդ դասարանների ծրագրերի միաժամանակյա եւ հապճեպ փոփոխության վնասակարությունը։ Դա բերել է նրան, որ 8-րդ դասարանի եռանկյունաչափության բաժնից անհասկանալի պատճառով 25 ժամ դուրս է մնացել։ Իսկ հիմա էլ 9-րդ դասարանում ծրագիրը սկսվում է հենց եռանկյունաչափությունից, որի մասին աշակերտը գաղափար չունի։ Ստացվել է խոր անջրպետ 8-րդ եւ 9-րդ դասարանների դասագրքերի միջեւ։ Ճիշտ է, այս տարի ծրագրից 22 դասաժամ տրամադրել են այդ չանցած թեմաներին՝ աշակերտին տրամադրելով 400 դրամ արժեքով բրոշյուր։ Երեխաները ոչ միայն դասագրքերի պակաս են զգում, այլ նաեւ դժվարանում են գնել այդ բրոշյուրը։ Կարծես թե դա մտածված է արվում։

Ուսուցիչները գտնում են նաեւ, որ ծրագրից «Ֆունկցիաների զույգություն եւ կենտություն», ինչպես նաեւ այլ թեմաների զտումը նույնպես այլ նպատակներ են հետապնդում։ Ասել է թե՝ դա արվում է դիմորդ հավաքագրելու նպատակով։ Շուշիկ Բաբայանը եւ Սիրուշ Ամիրյանը մեր զրույցին մասնակցեցին իրենց հետ բերած դասագրքերով։ Դրանք գունավոր գրավիչ գրքեր են։ Բայց… Սովորական հանրակրթական դպրոցում, ըստ անգլերենի ծրագրի, անգլերենի 26 տառերի ուսուցմանը տրամադրված է ընդամենը մեկ ժամ։ Այդ բոլոր տառերը նկարազարդ տպագրված են մեկ էջի վրա, որը ավելի է հաստատում մեկ ժամի տրամադրումը։ Զարմանալի է, բայց այդպես է։ Իսկ մեր այբուբենի ուսուցումը ամիսներ է տեւում։ Անհասկանալի է, թե ուրիշ այլ կերպ ինչպես կլինի։ Օքսֆորդի համալսարանում տպագրված այս դասագրքի հետ պետք է լինեին նաեւ աշխատանքային տետրեր, որոնք այդպես էլ չեն ստացել։ Եվ ուսուցիչները միայն հարցումներ են կատարում։

Աշխատանքային գործընկերուհուն Սիրուշ Ամիրյանը լրացրեց, ասելով, որ անգլերենի դասագրքերում ցանկալի է, որ տեղ գտնեն հայ երեխաներին սրտամոտ մանկական ստեղծագործություններ, հեքիաթների առանձին մասեր, որ նկար-նախադասությունները կծառայեն իրենց նպատակին, եթե ներկայացվեն նաեւ թարգմանաբար։ Իսկ ինչո՞ւ խորհրդային ժամանակներում օտար լեզվի դասագրքերի վերջում կային նաեւ բառարաններ, իսկ հիմա դրանք մոռացվել են, անտեսվել։ Դա տրամաբանական չէ եւ քննադատության չի դիմանում։

Դպրոցի տնօրեն Վարդուհի Գրիգորյանը լիովին համաձայն է թիվ 144 դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Մուղնեցյանի հետ։ Նա նաեւ ավելացրեց, որ անմիտ ու անտրամաբանական է ծրագրից հանել Նար-Դոս հեղինակին։ Տնօրենը այսօր միջին դասարաններում գործող հայոց լեզվի դասագրքերը համարեց հաջողված։ Սակայն նույնը նա չի կարող ասել 9-րդ եւ 10-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի մասին։ Դրանք ավելի շատ գիտական քերականություն են, քան թե դասագիրք աշակերտների համար։ Գտնում է նաեւ, որ 10-րդ դասարանի պետական ավարտական քննության մեջ կատարված լրացումը, այն է՝ տրված բառերով եւ բառակապակցություններով նաեւ շարադրություն գրել, կարծես թե տեղին չէ։

ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930