Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 14,2000 00:00

Հայաստանում ասպետների եւ ակադեմիկոսների թիվն ավելացավ Տիեզերագնաց օդաչու, ԽՍՀՄ հերոս Անատոլի Սոլովյովը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, ԳԱԱ ակադեմիկոսներ Աիդա Ավետիսյանն ու Սեն Արեւշատյանը, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ու աշխարհի բազմակի չեմպիոն ըմբշամարտիկ Նորայր Մուշեղյանը երեկվանից բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ու Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղերի իսկական անդամ են։ Տարօրինակ համադրությամբ եւ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում աշխատող այս մարդիկ ակադեմիկոս դարձան երեկ՝ ԳԱԱ172ում կայացած՝ հիշյալ ակադեմիաների համատեղ նիստի ժամանակ։ Իսկ ահա տիեզերագնաց Անատոլի Սոլովյովն ու ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանն անգամ «ասպետացան»՝ պարգեւատրվելով «Գիտությունների եւ արվեստների ասպետ» շքանշանով։ Ու մինչ մեր ծերունազարդ ակադեմիկոսները գովերգում ու փառաբանում էին հերթական «ակադեմիկոսացու»172ին, թվարկում նրա թաքուն եւ ակնառու արժանիքները, բաժակաճառի նմանվող մաղթանքներ հղում, վերջին շարքերում նստածները գլուխ էին ջարդում հասկանալու համար՝ «մաքուր ձեռքերը» բնությա՞ն, թե՞ հասարակության մասին գիտության նվաճումներից է։ Եվ ընդհանրապես՝ ըմբշամարտն արվե՞ստ է, արհե՞ստ, սպո՞րտ, թե՞ գիտություն։ Փոխարենը տեղեկացանք, որ արդեն հինգ սովետական տիեզերագնաց է ընդգրկված Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղում։ Ով կմտորի՝ ի՞նչ կապ ունի Հայաստանը տիեզերքի հետ, թող իմանան, որ «Հայաստանի բազմաթիվ գիտահետազոտական հիմնարկները շատ սերտ կապված էին տիեզերական գործիքարտադրության բնագավառների զարգացման եւ տիեզերքի վիճակի ուսումնասիրությունների հետ»։ Վերջին մտքի հեղինակը ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Շուքուրյանն էր։ Սրան համաձայն էր նաեւ Անատոլի Սոլովյովը. «Մենք՝ տիեզերական օդաչուներս, շատ անգամ կատարել ենք ձեր՝ հայ գիտնականների բազմաթիվ հանձնարարություններ տիեզերքում։ Հայաստանը շատ ակտիվ է մասնակցել տիեզերական տարածության եւ տեխնիկայի յուրացման պրոցեսին։ Մենք, անցնելով նախնական պատրաստվածություն, եղել ենք Հայաստանում, անցել ենք Հայաստանի գիտական բարձրակարգ դպրոցը»։ Պրն Սոլովյովն ասաց, որ իրենց թռիչքները երբեք ինքնանպատակ չեն եղել եւ օգտակար են եղել տարբեր գիտական բնագավառներում մարդկության գիտելիքների պաշարն ավելացնելու առումով։ Պարզվեց նաեւ, որ հիշյալ ակադեմիայի իսկական անդամ են եղել նաեւ Վազգեն Ա եւ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսները։ Պարգեւ սրբազանին ակադեմիայի իսկական անդամի կարգավիճակ տալը բացատրվում էր նրա անուրանալի գործունեությամբ. Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում այդ տարածքի ոչ միայն հոգեւոր ղեկավարությունը ստանձնելով, այլեւ զինվորներին «ի մարտ» կոչելու, օրհնելու եւ Շուշիի ազատագրմանը մասնակից լինելու առաքելությամբ։ Ակադեմիկոս Ալբերտ Մուշեղյանը նույնիսկ բանաստեղծություն կարդաց, որ ձոնել էր Պարգեւ սրբազանին՝ իր հայրենանվեր գործունեության համար։ Ակադեմիկոսի հավաստագիրը արքեպիսկոպոսին հանձնելու ժամանակ տեղացած ծափերից պարզ էր, որ ներկաներն ամբողջությամբ կիսում են պարոն Մուշեղյանի բարեմաղթանքները։ ԼՂՀ վարչապետն ակադեմիկոսացվել էր՝ «Ավերված երկիր Ղարաբաղը վերակենդանացնելու համար արված պրպտումների» եւ «մեկ տարի հետո Արցախում գործազուրկներ, չբացված դպրոցներ համարյա չլինելու» հեռանկարի համար։ Սեն Արեւշատյանին եւ Աիդա Ավետիսյանին այդ բարձր կոչումին արժանացրել էին՝ «Մատենադարանի մշտապես գործելու (ի տարբերություն մյուս գիտահետազոտական ինստիտուտների) եւ օրգանական քիմիայի բնագավառում ձեռքբերումների» համար։ Չնայած, հին ձեռագրերի ինստիտուտի անխափան աշխատանքն ավելի շատ օբյեկտիվ հիմքեր ուներ, քան սուբյեկտիվ։ Հրանտ Խաչատրյանին հիշել էին «դեռ սկզբից ՀՀՇ172ին չմիանալու, առանձին կուսակցություն ստեղծելու» ու նաեւ նրա համար, որ «Իրավունք» թերթն այսօր դարձել է բոլոր մարդկանց՝ մտավորականների ու բանվորների ամենասիրելի թերթը»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930