«Ազգային փորձաքննությունների բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Ֆինանսների նախարարության։ Հովսեփյանը դատական կարգով պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 4 000 000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից՝ 2 000 000 ՀՀ դրամը՝ անձնական կյանքը հարգելու իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում և 2 000 000 ՀՀ դրամը՝ սեփականության իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։ Հովսեփյանը փոխհատուցում է պահանջում՝ իր նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ խափանման միջոցի համար։
Արգամ Հովսեփյանի նկատմամբ, ինչպես արդեն հայտնել ենք, քրեական հետապնդում էր հարուցվել 2024թ․ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։ Քրեական վարույթով Հովսեփյանի պաշտոնավարումը կասեցվել է, նշված որոշումը դատական կարգով բողոքարկվել է, արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը ոչ իրավաչափ է գնահատել այն։ Արգամ Հովսեփյանն այժմ դատական կարգով փոխհատուցում է պահանջում։ Ըստ հայցվորի՝ իր նկատմամբ ոչ իրավաչափ և ապօրինի կայացված Որոշմամբ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցի կիրառման հետևանքով՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման կայացմանը հաջորդող ժամկետը՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ, իր պաշտոնավարումը եղել է կասեցված ավելի քան 10 (տասը) ամիս ժամանակահատվածով։ Այսինքն՝ դատական ակտերով արձանագրվել է, որ կիրառման պահից սկսած ավելի քանի 10 (տասը) ամիսների ընթացքում շարունակել են խախտված մնալ Հովսեփյանի իրավունքներն ու ազատությունները:
Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



















































