Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 14,2000 00:00

ՓԱԿՎԵՑ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՅԱՑՔ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ Ամենամյա սիմպոզիում դառնալու ակնկալիքով «Մասնավոր հայացք» անկախ ֆիլմարտադրողների եւ փոքր բյուջեով ֆիլմերի առաջին միջազգային կինոփառատոնի ավարտի առիթով։ Երեկ կինոյի տանը փառատոնի տնօրեն Հովհաննես Գալստյանը ասուլիս հրավիրեց։ Նա տեղեկացրեց, որ «Լավագույն ծրագիր» մրցանակին արժանացավ Գալինա Անտաշեւսկայան (Սանկտ Պետերբուրգ), «Ամենամասնավոր հայացք» մրցանակին՝ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։ Գլխավոր մրցանակներից բացի, փառատոնի կազմակերպիչները մրցանակներ հանձնեցին մյուս մասնակիցներին, ինչպես նաեւ հուշանվերներ Ալեքսանդր Սոկուրովի «Մոլոխ» ֆիլմին եւ Կարեն Գեւորգյանին։ Կինոփառատոնի օրերին իրենց անկախ ֆիլմարտադրողների կինո եւ տեսաֆիլմեր ներկայացրին Ռուսաստանը, Լատվիան, Բուլղարիան, Ուկրաինան, Հայաստանը եւ Ղրղըզստանը, կազմակերպվեց Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերի հետհայաց ցուցադրություն։ Ընդհանուր հաշվով, հայ կինոսիրողին այդ օրերին ներկայացվեց մոտ 50 ֆիլմ։ Սակայն, մեր հայացքով, կարեւորն այն է, որ հայ կինոսիրողին (նաեւ կինոգործչին) հնարավորություն ընձեռվեց հաղորդակցվելու այդ երկրների անկախ ֆիլմարտադրողների նոր խոսքին, հայացքին, ուղղություններին։ Սակայն կինոփառատոնի օրերին կինոյի տան մեծ դահլիճը, ի տարբերություն փոքրի, այդպես էլ կիսալիքը մնաց։ Իհարկե, ամբողջ աշխարհում էլ ինտելեկտուալ, իսկական կինոյի պահանջ նեղ շրջանակի մարդիկ ունեն, սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ պահանջը չունեն վերը նշված շրջանակի՝ կինոյի մարդիկ։ Շատ բնորոշ էր փակման ժամանակ հնչած Հովհաննես Գալստյանի խոսքը. «Ես կարծում էի հայկական ծրագրերի ցուցադրման ժամանակ դահլիճը լիքը կլինի եւ ես կասեմ՝ որքան շատ ենք մեզ սիրում ու որքան քիչ ենք սիրում կինոն։ Ցավոք, այսօր էլ դահլիճը չլցվեց, ու ստիպված արձանագրում եմ՝ որքան քիչ ենք սիրում մեզ էլ, կինոն էլ»։ Ասուլիսի ընթացքում պարոն Գալստյանը հայտնեց, որ փառատոնի արդյունքում մասնակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ ֆիլմի արտադրության վերաբերյալ։ «Անկախություն» պայմանական անունը կրող այս կինոծրագրի գաղափարն առաջարկել է «Մասնավոր հայացք-69» ստուդիան։ Կինոծրագիրը նկարահանվել է մասնակից երկրների ռեժիսորների կողմից։ Ի դեպ, այդ երկրներից յուրաքանչյուրը պարտավորվել է հոգալ արտադրության՝ իր երկրին վերաբերող մասը։ Սակայն, ինչպես հավաստիացրեց Հովհաննես Գալստյանը, չի բացառվում, որ կինոծրագիրն ունենա ընդհանուր ֆինանսավորում։ Սրանից բացի, կինոփառատոնի մասնակից երկրները հիմնադրեցին «Մասնավոր հայացք» ամենամյա միջազգային սիմպոզիում։ Երեւանում անցկացվելիք այս սիմպոզիումի ընթացքում նախատեսվում է կազմակերպել մասնակից երկրների կինո, տեսաֆիլմերի դիտումներ, քննարկումներ կինոյի շուրջ, տեղեկատվության փոխանակում եւ այլն։ Հովհաննես Գալստյանը հանգել է այն եզրակացության, որ ֆիլմարտադրության զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ կառույց։ Տարբեր շահագրգիռ կազմակերպություններից կազմված այդ կառույցը մրցույթների միջոցով կորոշի, թե որ ֆիլմը պետք է ֆինանսավորվի, ինչպես դա արվում է այլ երկրներում։ Ազգային կինոն պահպանելու համար պետք է ֆինանսավորվի ֆիլմարտադրությունը եւ ոչ թե կոնկրետ կինոստուդիան։ «Ես ռեժիսոր եւ ֆիլմարտադրող եմ եւ իմ գերագույն շահը իմ հայրենիքում ֆիլմարտադրության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծումն է, լավ ֆիլմերի, կինոթատրոնների ի հայտ գալը»,- նշեց Հովհաննես Գալստյանը։ Նշենք, որ այս կինոփառատոնը, բացառությամբ Երեւանի քաղաքապետարանի, կայացավ մասնավոր սեկտորի՝ «Մասնավոր հայացք-69» ստուդիայի, կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի, OSI-ի, «Պարադիզի» համագործակցությամբ։ Չգիտես ինչու, «Նուշիկյան» ասոցիացիան եւ «Կրեդիտ Երեւան» բանկը հավատացին եւ ցանկացած հարցում աջակցեցին այս փառատոնին, իսկ ՀՀ մշակույթի նախարարություն կոչվածը ոչ միայն չաջակցեց, այլ մի երկու անգամ ֆաքս ուղարկելու համար կինոփառատոնի հիմնադիր ներկայացվելու պահանջ առաջ քաշեց։ Իսկ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, չնայած խոստումներին, ոչ ընդունելության արժանացրեց փառատոնի հյուրերին, ոչ էլ իր ներկայությամբ պատվեց փառատոնը։ Բա որ հանկարծ գար ու կինոն այս վիճակից հանելու հարցի պատասխանը հենց այս փառատոնում գտներ՝ ի՞նչ պիտի աներ։ Իսկ այսպես լավ է, ամեն տեղ կհայտարարի, թե վիճակից դուրս գալու ուղիներ չեն գտել։ Այնինչ, ուղին վաղուց գտնված է, պետք է կիրառել։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930