Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

«Արկադի Վարդանյանը նիհարել է, բայց ոգին տեղն է» Այսպես բնութագրեց ամուսնու վիճակը նրան վեց օր առաջ տեսակցած Ելենա Վարդանյանը Տիկին Վարդանյանի հետ մեր զրույցի առիթը «Առավոտին» հասած այն լուրերն էին, թե նրա եւ Արկադի Վարդանյանի տեսակցության ժամանակ պրն Վարդանյանը կնոջը պատվիրել է վաճառել եղած-չեղածը, քանի որ վիրավորված իր նկատմամբ կիրառվող անօրինական կալանքից ու իրեն անտարբերության մատնած ընկերներից, ցանկանում է հեռանալ Հայաստանից։ «Ոչ, ի՞նչ եք ասում, Արկադի Վարդանյանն այդպիսի բան չի ասել, մենք առհասարակ այդ թեմայով չենք զրուցել։ Տեսակցության ժամանակ զրուցել ենք մեր անշարժ գույքի, օֆիսի, ֆիրմայի տնօրինության խնդիրներից»։ Ի դեպ, պրն Վարդանյանի ե՛ւ օֆիսը, ե՛ւ ֆիրման նրա տիկնոջ՝ Ելենա Վարդանյանի տնօրինության տակ են։ Ոչ մի բան վաճառելու մտադրություն վերջինս առայժմ չունի։ «Առավոտի» այն հարցին՝ այնուամենայնիվ, Հայաստանը թողնելու տրամադրություններ Արկադի Վարդանյանն ունի՞, տիկին Ելենան պատասխանեց, որ այդ թեմայով նույնպես չեն զրուցել։ Արկադի Վարդանյանն իր դեմ հարուցված գործը համարում է որեւէ ձեւով չհիմնավորված, իրեն վերագրվող մեղադրանքները՝ փուչիկ, որը դատարանի դահլիճում կծակվի։ Ըստ տիկին Ելենայի՝ ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա վերջին ասուլիս կտա Արկադի Վարդանյանի փաստաբան Ռուբեն Ռշտունին եւ կհիմնավորի իր պաշտպանյալի անմեղությունը։ «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Արկադի Վարդանյանին շրջապատած քաղաքական ուժերն այդքան պասիվ եւ որեւէ լուրջ քայլ չեն անում ի պաշտպանություն իրենց լիդերի։ Այս մտքին Ելենա Վարդանյանը չհամաձայնեց. «Ինչո՞ւ եք այդպես ասում, Վարդան Պետրոսյանն է վաղը (այսինքն՝ այսօր- խմբ.) ասուլիս տալու, Մակեյանն է պաշտպանում»։ Տեղեկացանք միայն, որ Արկադի Վարդանյանի տիկինը դեպրեսիայի մեջ է, եւ ճնշումը հաճախակի բարձրանում է։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել