Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉԻՆՉՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՄԵՄԱՏԵԼ

Հունվար 27,2001 00:00
orenq

Ըստ «Օրենք եւ իրականություն» պարբերականի խմբագիր Ռադեմիկ Ավետիսյանի՝ իրենց պարբերականի համարներն անցած ողջ տարվա ընթացքում Ազգային ժողովում չեն վաճառվել։

Խորհրդարանականները ծանր բովանդակության եւ դժվարամարս մասնագիտական գրականության սիրահարներ չեն եւ նախընտրում են հիմնականում ընթերցել օրաթերթեր։ Իրավական կրթության պակասը մեր Ազգային ժողովում երեւում է թե՛ օրենքների նախագծեր ներկայացնելիս եւ թե՛ դրանք քննարկելիս։ Շատ պատգամավորների համար իրավական գիտելիքները (եւ գիտելիքներն՝ ընդհանրապես) հիշողության ավելորդ ծանրաբեռնում են։

Երբ ԱԺ-ի իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանին խնդրեցինք իր կարծիքն ասել պատգամավորների օրենսդրական աշխատանքի որակի եւ գիտելիքների մասին, հարցը լսելուց հետո նա երկար ծիծաղեց եւ այդ թեմայով խոսելը հումորի ժանրին դասեց։ «Ի՞նչ ասեմ։ Պատգամավորներն ընտրվում են ժողովրդի կողմից եւ պարտավոր չեն իրավաբանական գիտելիքներ ունենալ։ Օրենսդրական նիհիլիզմը, արհամարհանքը Սահմանադրության եւ օրենքների հանդեպ ընդհանուր առմամբ չեն նպաստում իրավական գիտելիքների ամրապնդմանը։ Գիտելիքը հետաքրքրության առարկա չէ այլեւս։ Չեմ կարծում, որ, եթե ԱԺ-ն բաղկացած լիներ իրավաբաններից, ճանապարհը տաճար էր տանելու»։

Այն, որ խորհրդարանում չեն վաճառվում իրավաբանական, մասնագիտական գրքեր ու ամսագրեր, ըստ պրն Նազարյանի՝ օրինաչափություն է. «Եթե մեր երկրում իրավունքն էական արժեք չունի, եթե դատարանն օրենքով չի գործում, ինչի՞ն են պետք նրանց գրքերն ու ամսագրերը»։ Վլադիմիր Նազարյանը նաեւ նշեց, որ որեւէ էական տարբերություն (իրավաբանական գիտելիքների առումով) Գերագույն խորհրդի, նախկին ԱԺ-ի եւ նոր ԱԺ-ի միջեւ չկա. «Իրավաբանական գիտելիքներն արհամարհելու ավանդույթները շարունակում են պահպանվել։ Ոչինչների մեջ տարբերություն չի կարող լինել»։

Ըստ պրն Նազարյանի՝ ներկայիս պատգամավորների խորհրդարանական քննարկումները իրավական մտքի բախում չեն. մեզ մոտ բախվում են շահերը։ «Ինչպես իմ ղեկավարն էր ժամանակին ասում,- վերհիշեց պրն Նազարյանը,- կառավարությունից եւ պատգամավորներից եկող օրենսդրական նախաձեռնություններից բացակայում է իրավական ներկայությունը»։

Շեղվելով բուն նյութից՝ պրն Նազարյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Պուտինի՝ օրենքի դիկտատուրայի հռչակմանը։ Վլ. Նազարյանը նման պատկերացումը սխալ է համարում։ Ըստ իրավաբանի տրամաբանության՝ օրենքի դիկտատուրա էր նաեւ 37 թվականին, նույն օրենքի դիկտատուրայով էր առաջնորդվում Հիտլերը։ Արդյունքը բոլորն էլ տեսան։ Իրականում, խոսքը իրավական օրենքների մասին է, երբ գործում են իրավահավասարության եւ նման այլ սկզբունքներ։

Վերադառնալով մեր պատգամավորների իրավական գիտելիքներին՝ մեր հարցախույզն այնքան էլ չստացվեց, քանի որ պատգամավորների մի մասի բջջային հեռախոսները ազդարարում էին նրանց Ստրասբուրգում լինելը։ Ամեն դեպքում, կապվեցինք պատգամավոր Հակոբ Հակոբյանի (երկրապահ) հետ։ Հարցը լսելուց հետո, թե ո՞րն է իր ուսումնասիրած վերջին իրավագիտական աշխատությունը, պրն Հակոբյանը մեզ մի ցավալի լուր հայտնեց. օրեր առաջ մահացել է նրա եղբայրը։ Պատգամավորը հուզված էր եւ խնդրեց հարցը հետաձգել մեկ այլ ավելի հարմար առիթի։ Ռուբեն Գեւորգյանի տրամադրությունն էլ փայլուն չէր, սակայն մարդը, այնուամենայնիվ, պատասխանեց. «Ես ինքս ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հանձնաժողովում եմ գործում եւ այժմ աշխատում ենք «Ոստիկանության մասին» օրենքի վրա։ Այն շուտով քննարկման կենթարկվի»։ Իսկ, ա՛յ, մնացյալի մասին «ավելի խորությամբ» նա խոստացավ պատասխանել ԱԺ-ի մատույցներում։ Պատգամավոր Արմեն Մխիթարյանը («Միասնություն») ասաց, որ կարդում է այլ երկրների օրենքները. «Ուսումն ավարտելուց հետո քիչ եմ ուսումնասիրում իրավագիտական աշխատություններ, քանի որ լուրջ աշխատություններ չունենք։ Այժմ Ինտերնետից հանել եմ Բելառուսի եւ Մոլդովայի օրենքները, նայում եմ»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031