Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հունվար 27,2001 00:00
Rene levonyan

Հայաստանի Հանրապետությունում մեծ հարգանք է վայելում Հայ Ավետարանական համայնքը, որի ակտիվ դերն ու ներդրումը սոցիալական, տնտեսական եւ կրոնական ոլորտներում մշտապես նպաստել են վերջինիս հեղինակության աճին։

Օրերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հայ Ավետարանական եկեղեցիների պատվիրակությանը, որը գլխավորում էր Հայաստանում Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի եւ Հայ Ավետարանչական Ընկերակցության ներկայացուցիչ Վերապատվելի դոկտոր Ռենե Լեւոնյանը։ Այցելության նպատակն էր աշխարհասփյուռ Հայ Ավետարանական եկեղեցիների ծառայողների եւ անդամների, Հայ Ավետարանչական Ընկերակցության եւ «Հույս Հայաստանի համար» կազմակերպության աղոթքներն ու Նոր տարվա եւ Սբ. Ծնունդի բարեմաղթանքները փոխանցել նախագահին։ Հանդիպումը տեւեց 50 րոպե եւ անցավ բարյացակամ մթնոլորտում։ Քննարկվեցին սոցիալական, տնտեսական ու կրոնական խնդիրներ եւ Հայաստանի Հայ Ավետարանական համայնքի դերն ու ներդրումը այս բնագավառներում։

Վեր. Ռենե Լեւոնյանը տեղեկացրեց նախագահին զանազան բարեգործական, զարգացման, կրթական եւ եկեղեցական ծրագրերի եւ գործունեության մասին, որոնք իրականացվում են Հայ Ավետարանչական Ընկերակցության եւ Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Նա նշեց, որ Հայ Ավետարանական եկեղեցին Հայաստանում ունի 50-ից ավելի գործող եկեղեցիներ եւ աղոթավայրեր։ Նրա գործունեության կենտրոնում են գտնվում հայեցի եւ քրիստոնեական դաստիարակության խնդիրները, բարեգործական, մշակութային, կրթական եւ զարգացման ծրագրերը։

Եկեղեցին ունի իր կրթահամալիրը, ինչպես նաեւ աստվածաբանական ճեմարան, ուր իրենց կրթությունն են ստանում եկեղեցու սպասավորները։ Մեծ ուշադրություն է դարձվում անապահով ընտանիքների սոցիալական խնդիրներին։ Եկեղեցին հովանավորում է ավելի քան 2200 երեխաների, ունի անվճար բժշկական կենտրոններ Հայաստանի Հանրապետությունում եւ ԼՂՀ տարածքում։ Օժանդակություն է տրամադրվում որբանոցներին, ծերանոցներին, մանկապարտեզներին եւ դպրոցներին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում կառուցվում եւ վերականգնվում են դպրոցներ աղետյալ գոտում։ Աղետի գոտում իրականացվում են նաեւ զարգացման ծրագրեր, որոնց նպատակը աշխատատեղերի ստեղծումն է տեղի բնակչության համար։ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Հայ Ավետարանական եկեղեցու կազմակերպած ամառային ճամբարներում իր հանգիստն է անցկացնում ավելի քան 9500 երեխա։

Կարդացեք նաև

Այս տարի կազմակերպած Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարություններին մասնակցեց ավելի քան 25.000 երեխա՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի 50-ից ավելի բնակավայրերում։ Այս բոլոր ծրագրերը իրականացվում են տեղական իշխանությունների համագործակցությամբ եւ Հայ Ավետարանչական Ընկերակցության օժանդակությամբ։ Վեր. Ռենե Լեւոնյանը շեշտեց Հայ Ավետարանական եկեղեցու սերտ համագործակցությունը Մայր եկեղեցու (Հայաստանյայց Առաքելական եկեղեցու) եւ Հայ Կաթոլիկ եկեղեցու հետ, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանի կլոր սեղանի, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության եւ «Զինիշյան» հիշատակի հիմնադրամի շրջանակներում իրականացնելով քրիստոնեական դաստիարակության, զարգացման եւ բարեգործական ծրագրեր։

Նախագահը բարձր գնահատեց հայ ավետարանականների դերն ու ներդրումը Հայաստանում եւ քաջալերեց նրանց շարունակել իրենց առաքելությունը հայրենիքում։ Նա շեշտեց հայկական երեք պատմական եկեղեցիների համագործակցության կարեւորությունը ընդհանրապես, եւ մասնավորաբար՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության առթիվ։ Պատվիրակության բոլոր անդամներն իրենց բարեմաղթանքները հղեցին նախագահին եւ մանրամասնեցին Վեր. Ռենե Լեւոնյանի տված տեղեկությունները հայ ավետարանականների ներ-դրման մասին Հայաստանի կյանքում։ Նախագահն արժեւորեց ավետարանականների գործունեությունը մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության բնագավառում եւ շեշտեց երիտասարդների կյանքում հոգեւոր եւ բարոյական արժեքների զորացման կարեւորությունը։ Նա նույնպես նշեց հայաստանաբնակ հայերի մեջ սեփական ուժերի հանդեպ վստահության դաստիարակության կարեւորությունը եւ խնդրեց հայ ավետարանականներին աշխատել այս ուղղությամբ։

Պատվիրակության անդամները վստահեցրին նախագահին, որ պետք է շարունակեն բոլոր հնարավոր միջոցներն ու ջանքերը ներդնել անկախ Հայաստանի պետականության զորացման համար։ Սա նախագահի եւ Հայաստանի Հայ Ավետարանական համայնքի առաջնորդների առաջին հանդիպումն էր նոր հազարամյակում։ Նախագահը իր հավանությունը տվեց այս Նոր տարվա այցը ավանդություն դարձնելու առաջարկությանը։

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031