Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԳԾԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ

Հունվար 27,2001 00:00

ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԳԾԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ Օրերս Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանի բոլոր սպառողները հոսանքազրկվել էին՝ ռելեական պաշտպանությունից անջատվել էր այդ տարածաշրջանը սնող միակ 110 կվ «Ստեփանավան» օդային գիծը։ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղի մասնագետները ստիպված են եղել վերականգնել էներգամատակարարումը պահուստային՝ 35 կվ գծերով։ Նույն օրը մոտ 2 ժամ հետո վերականգնվել է միայն Ստեփանավանի շրջանի էներգամատակարարումը։ Տաշիրի շրջանի սնուցումը այդ ընթացքում չի հաջողվել վերականգնել, քանի որ այդ տարածքը սնուցող 35 կվ օդային գիծն ավելի վաղ ենթարկվել էր թալանի։ Հաջորդ օրը պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում վթարված գծի մոտ 400 մետրանոց հատվածում բացակայում է հաղորդալարը, որն էլ պատճառ է դարձել տվյալ տարածաշրջանի հոսանքազրկման։ Տեղազննմամբ պարզվել է, որ բացակայում է նաեւ կառուցման փուլում գտնվող մեկ այլ գծի մոտ 1500 մետրանոց հատվածը։ Էներգետիկները ձեռնամուխ են եղել թալանված գծի վերականգնմանն ու կարճ ժամանակում էներգամատակարարման ապահովմանը։ Հունվարի 20-ին լարման տակ է դրվել «Ստեփանավան» 110 կվ լարման գիծը եւ վերականգնվել Ստեփանավանի եւ Տաշիրի շրջանների նորմալ էներգամատակարարումը։ Տեղի ունեցածի հետեւանքով Ստեփանավանի շրջանը հոսանքազրկվել է 2 ժամով, իսկ Տաշիրի շրջանը՝ 20 ժամով։ Հայտնի է մի բան՝ էլեկտրահաղորդման գծերը վտանգավոր են կյանքի համար եւ դրանց վնասումը կարող է հանգեցնել ոչ միայն ծանր ֆինանսական վնասների, ժամանակավոր անհարմարությունների՝ կապված հոսանքազրկման հետ, այլ նաեւ՝ որն ամենացավալին է, մարդկային զոհերի։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել