Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ բոլոր աղմկահարույց դատավարությունների ընթացքում հնչած ցուցմունքներն էլ հրապարակվում են մամուլու

Փետրվար 21,2001 00:00

«Ծնվել է անսահման սիրուց» Թեեւ բոլոր աղմկահարույց դատավարությունների ընթացքում հնչած ցուցմունքներն էլ հրապարակվում են մամուլում, բայց հենց «Հոկտեմբերի 27»-ի դատավարության առնչությամբ արդարադատության նախարարը հայտարարեց, թե նիստերի լուսաբանման սահմանափակումներ են լինելու։ Այս մասին է մեր զրույցը ԱԺ իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանի հետ։ – Ձեր կարծիքով, ինչո՞ւ հատկապես այս դատավարության առնչությամբ առաջացավ ցուցմունքների վերաբերյալ միայն տեղեկատվություն հրապարակելու նախաձեռնությունը։ Մանավանդ որ, հոկտեմբերի 27-ին կատարվածի բոլոր վկաներն էլ նույնն են տեսել, եւ նրանց ցուցմունքներն առանձնապես պայմանավորված չեն մեկը մյուսով։ – Ինձ թվում է, արդարադատության նախարարն այդքան խելք ունի, որ հասկանա, թե իր ասածն անհեթեթություն է։ Բայց այդ անհեթեթությունն, ինձ թվում է, մի այլ նպատակ ունի՝ կանխել բարձրախոսների տեղադրումը, որոնց միջոցով մարդիկ ցանկանում էին դրսում հետեւել դատավարությանը։ Եթե 100 վկայի չենք կարողանում առանձնացնել, տեղեկատվության միջոցներից մեկուսացնել՝ 1,5 միլիոնի՞ն պիտի առանձնացնենք, որ այդ 100 հոգին չիմանան ցուցմունքները։ Եթե, իհարկե, սա այնպիսի գործ լիներ, որ մեկը մյուսի ցուցմունքը չպիտի լսեր, եթե տեսագրություն չլիներ, այդքան «ափաշկարա» կատարված չլիներ։ Չխոսենք այն մասին, որ փաստաբանները, բազմաթիվ տուժողները կարդացել են այդ գործը եւ բոլորի ցուցմունքներն էլ գիտեն։ Այսինքն, ավելի հրապարակային վիճակ չկա։ … Այսպիսի առաջարկները, ինձ թվում է, ծնվում են անսահման սիրուց՝ ղեկավարի հանդեպ։ Իրեն թվում է, որ այդպես անի՝ լա՛վ կլինի։ Հազիվ թե ղեկավարին հարցնում է նույնիսկ՝ արդյոք քեզ դուր կգա՞, թե՞ չէ։ Եվ այդպես նետվում է հրապարակ՝ Ալեքսանդր Մատրոսովի կարգավիճակով, իրեն զոհելու, նահատակելու պատրաստ։ Դե անսահման սերն այդպիսի բան է՝ ինչ «քյալագի» ասես բերում է մարդուն։ – Արդարադատության նախարարը խոստովանեց, որ այդպիսի սահմանափակում նախատեսված չէ օրենսդրությամբ։ Ուրեմն, ի՞նչ մեխանիզմներով դատարանը պիտի իրագործի նման որոշումը։ Եվ, ի վերջո, որտե՞ղ է ջրբաժանը ցուցմունքների եւ ցուցմունքների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու միջեւ։ – Ասենք թե ես «սվարշչիկ» եմ, դատարանից եկել մեր տնեցիներին ու հարեւաններին պատմում եմ, որ այսինչ մարդն այսպիսի ցուցմունք էր տալիս։ Դավիթ Հարությունյանն ինձ ո՞նց է արգելելու։ Հրապարակայնությունն իրավական սկզբունք է, քանի որ հրապարակային դատավարությամբ չես կարող ապօրինի դատել։ Իսկ եթե ուզում են փակեն՝ սա երազանք է վերադառնալ դեպի «տրոյկա»։ – Կարծում եք, որ ցուցմունքները հրապարակելու արգելքով ոտնահարվո՞ւմ է դատավարության հրապարակայնության վերաբերյալ սահմանադրական դրույթը։ – Անվերապահորե՛ն ոտնահարվում է։ Ոտնահարվում են նաեւ ԶԼՄ-ների մասին ե՛ւ եղած օրենսդրությունը, ե՛ւ մեր ստորագրած միջազգային համաձայնագրերը։ Իսկ նման բան առանց պաուզա տալու հայտարարելը, որ օրենք չունենք, բայց կարգելենք… Ինչ ասեմ։ Միջազգային որեւէ համաձայնագիր էլ չկա, որ արգելի դատավարության հրապարակայնությունը։ Այն սահմանափակվում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի, կողմերի անձնական կյանքի պաշտպանության նկատառումներով։ Նման դեպքերում պիտի հատուկ վճիռ կայացնի ինքը՝ դատարանը։ Չէ, իրոք, անհեթեթ է այս նախաձեռնությունը։ Արդարադատության նախարարի հայտարարություններին ծանոթանալուց հետո իսկույն մտածեցի, որ դա հաջորդն է Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմության» Գլուպովի քաղաքապետի հրամանից հետո։ Նա նշանակվելուց հետո արձակել էր մեկ հրաման. «Դպրոցը հրդեհել։ Գիտությունը վերացնել»։ Հիմա էլ սա է՝ վերացնել հրապարակայնությունը Եվրախորհուրդ տանող ճանապարհին։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել