Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ

Մայիս 23,2001 00:00

«ԵԹԵ ՍՈԽ ՉԵՍ ԿԵՐԵԼ, ՍԻՐՏԴ ԻՆՉՈ՞Ւ Է ՄՐՄՌՈՒՄ» ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն այն պատգամավորներից է, ովքեր դատարանի դահլիճում են հետեւում «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը։ Վերջինիս խիստ զայրացրել էր ամբաստանյալի ցուցմունքների այն մասը, որում նա փորձում էր ապացուցել, թե կրակոցները պատահաբար են եղել։ Այդ առիթով պատգամավորն առաջարկեց. «Թող Նաիրիի կազմակերպիչները եւ էսօրվա հովանավորները Նաիրիին ցույց տան «Հոկտեմբերի 27»-ի տեսաերիզը, որ «վերհիշի», թե ինչպե՞ս է ստուգողական կրակոց արձակում Կարեն Դեմիրճյանի վրա։ Այդ տականքը Ղրիմում արեւին էր տվել իր հետույքը այն ժամանակ, երբ մեր ժողովուրդն ապրում էր ցրտի եւ մթության մեջ։ Ու երբ ձեւավորվեց «Միասնությունը», երբ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը միասնաբար որոշեցին երկիրը փրկելու գործընթաց սկսել, երբ ժողովուրդը հույսեր կապեց այս միասնության հետ, հանկարծ հայտնվեց այդ ճիվաղ Նաիրի Հունանյանը եւ սպանեց ժողովրդի հույսը։ Ամենամեծ պատիժն անգամ քիչ է նմանի համար»։ Տիկին Խուդաբաշյանը հարկ համարեց անդրադառնալ նաեւ ՀԺԿ-ի եւ «Հայաստան» պատգամավորական խմբի համատեղ հայտարարությանը։ Վերջինիս շուրջ ծագած աղմուկի մասին նա ասաց. «Ինչո՞ւ են իզուր աղմկում, ի՞նչ են ուզում ասել դրանով, այդքան աղմկելու փոխարեն, թող իրենք էլ էդ ճիվաղի պաշտպանության կոմիտե ստեղծեն։ Բայց մյուս կողմից էլ շատ լավ ստացվեց՝ ժողովուրդը տեսավ, թե ովքեր են Նաիրիին պաշտպանողներն այսօր»։ Այսօր տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որը կվճռի՝ ստեղծե՞լ ժամանակավոր հանձնաժողով, թե՞ ոչ։ Մեր հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն ունի խորհրդարանը, կքվեարկի՞ հօգուտ հանձնաժողովի ստեղծման, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ իմ գործընկերները դեմ կլինեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, որովհետեւ պատգամավորությունն անցողիկ բան է, բայց պատգամավորներից ամեն մեկը վաղը պետք է տուն գնա, նայի իր հարազատների աչքերին։ Ինչպե՞ս են նայելու, եթե դեմ քվեարկեն։ Չե՞ն ամաչելու իրենց երեխաներից, իրենց ծնողներից»։ Հանրապետական կուսակցության մասին տիկին Խուդաբաշյանը խիստ դրական կարծիքի է։ Նրա ասելով, չնայած Անդրանիկ Մարգարյանը դաշնակցին ոչ սազական բաներ ասաց հայտարարության մասին, բայց ասաց նաեւ, թե իրենք արտահերթ նիստին կողմ քվեարկեցին, որպեսզի, հանկարծ այնպես չստացվի, թե միայն ՀԺԿ-ն ու «Երկրապահն» են մտահոգ «27»-ի արդար բացահայտմամբ։ Այս պարագայում, ուրեմն, ինչպե՞ս է քվեարկելու «Միասնության» Հանրապետական թեւը. «Հանրապետականն էլ կողմ կքվեարկի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, որովհետեւ նրանք էլ մարդ են, որովհետեւ նրանց աչքի առաջ էդ դահլիճում արյուն հեղվեց։ Հնարավոր է, որ ասեն, թե փաստերն այն չեն, ուրիշ փաստեր բերեք։ Մենք էլ ցույց կտանք նոր փաստեր»։ Այնուամենայնիվ, որոշ հարցեր են ծագում ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի ձեւերի հետ կապված։ Ի՞նչ մեխանիզմներով է կատարվելու վերահսկողությունը, ո՞ւմ, ե՞րբ եւ ինչպե՞ս են ստուգելու։ Տիկին Խուդաբաշյանն այս առիթով հետեւյալն ասաց. «Այսօր ես հարց եմ տալիս, ո՞վ է Նաիրի Հունանյանին չորեքշաբթի օրերը ուտելիք բերում։ Նաիրի Հունանյանի անբարոյական մայրն այստեղ չի, հայրն էլ բոմժի կարգավիճակով փողոցներում է։ Էդ ո՞վ է նրան ուտելիք տանում։ Դուք շատ լավ գիտեք, թե այսօր ի՞նչ արժե սնունդը։ Այ, հանձնաժողովին հետաքրքիր է, թե ո՞վ է բերում։ Չար լեզուները հազար ու մի բան են ասում՝ թող փարատվեն այդ կասկածները։ Թող վերանա այս անվստահության մթնոլորտը։ Մեկս մյուսի վրա ենք կասկածում, ամեն մեկն իր ընտանիքի անդամին է սկսում կասկածել՝ կարո՞ղ է գործին մասնակից է։ Ինչո՞ւ չեն ուզում, որ էս կասկածները փարատվեն։ Թող ստեղծվի հանձնաժողովը. եթե մի բան գտնի, կգտնի, չի գտնի՞, թող ասեն՝ տեսա՞ք, գնացիք, չկարողացաք ոչինչ հայտնաբերել»։ Իսկ ինչո՞ւ է բացառվում ասենք հետեւյալ վարկածը՝ նրանք, ովքեր դեմ են արտահայտվում հանձնաժողովի ստեղծմանը, պարզապես վստահ են, որ ամեն ինչ կատարվում է օրենքի շրջանակներում, ոչ մի ապօրինություն չկա, հետեւաբար՝ որեւէ վերստուգող հանձնաժողով ավելորդ է։ «Առավոտի» այս հարցին տիկին Խուդաբաշյանը պատասխանեց հետեւյալ կերպ. «Այ, եթե վստահ են, ավելի լավ, ուրեմն՝ եթե սոխ չեն կերել, սիրտներն ինչո՞ւ է մռմռում։ Ես եթե վստահ եմ լինում որեւէ հարցում, ասում եմ՝ գնացեք, ի՞նչ ուզում եք արեք, ես վախենալու բան չունեմ։ Եթե այդպես չեն ասում, ուրեմն մի բան կա։ Այ, էս կասկածները թող դուրս գա ժողովրդի միջից»։ Տիկին Խուդաբաշյանն ասաց, թե իրենց կասկածներն ամենեւին չեն վերաբերում դատարանին եւ դատավորին. «Մենք մինչեւ այսօր դատավորի եւ դատարանի դեմ ոչինչ չունենք։ Դատավորը նորմալ իր դատը տանում է։ Ես չգիտեմ, թե վաղը ի՞նչ կլինի»։ ՀԺԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ ՀԺԿ-ն ապացուցում է իր ուժն ու կամքը. «Բոլոր նրանք, ովքեր ժամանակին ասում էին, թե ՀԺԿ-ն փուչիկ է, արհեստածին է, հիմա իրենց այնքան էլ լավ չեն զգում, երբ ամեն քայլափոխի համոզվում են, որ ՀԺԿ-ն ուժ է, որ ՀԺԿ-ն իր առաջնորդի մահից հետո ոչ միայն չպառակտվեց, այլեւ հզորացավ, մեծացավ, դարձավ ավելի կուռ եւ հաստատակամ։ ՀԺԿ-ն այսօր այն կուսակցությունն է, որը մինչեւ վերջ պահանջելու է «Հոկտեմբերի 27»-ի արդար եւ լիակատար բացահայտումը։ Մենք Կարեն Դեմիրճյան ենք կորցրել, եւ «27»-ի կատարողներն ու կազմակերպիչներն այս ոճրագործությունը չեն մարսելու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել