Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե դա Հայրիկյանի կողմից նաեւ ինքնաքննադատությո՞ւն է

Հունիս 06,2001 00:00 Share

«Ամեն մարդ յուրովի է գլուխը կորցնում» Գուցե դա Հայրիկյանի կողմից նաեւ ինքնաքննադատությո՞ւն է Նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ ասուլիս էր հրավիրել։ Ի զարմանս լրագրողների, նա չանդրադարձավ «Առավոտում» հրապարակված նախկին քաղբանտարկյալ Վազգեն Կարախանյանի հարցազրույցին։ Վերջինս Պ.Հայրիկյանին մեղադրել էր OPT հեռուստաընկերության «Ինչպես է դա եղել» հաղորդման ընթացքում պատմությունը կեղծելու, ԱՄԿ հիմնադիրներից մեկի՝ Ստեփան Զատիկյանի մասին ապատեղեկատվություն տարածելու եւ այն բանի մեջ, որ Հայրիկյանը մեկուսարանից ԱՄԿ ծրագիր-կանոնադրությունը ՀՀԿ խորհրդի անդամ Անդրանիկ Մարգարյանին ուղարկել էր չեկիստի միջոցով եւ արդյունքում՝ ստանալու պահին ներկայիս վարչապետը ձերբակալվել էր։ Մենք դիմեցինք պրն Հայրիկյանին՝ իրեն ուղղված հիշյալ մեղադրանքները մեկնաբանելու համար։ Վերջինս նախ ընդգծեց, թե մենք հասել ենք խոսքի ազատության, որն իր մեջ ներառում է նաեւ անպատասխանատու խոսքի ազատություն, ու նա այնքան է գնահատում այդ արժեքը, որ չի օգտվում ՀՀ քաղաքացիներին օրենքով տրված իրավունքից։ «Ինչ վերաբերում է Վ.Կարախանյան քաղկալանավորին, այո, նրան ժամանակին քաղկալանավոր ենք ճանաչել, որովհետեւ իմ ենթակայությամբ գործելու պահին եւ, հավանաբար, քաղաքական կասկածների առկայության պատճառով նա մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել՝ բայց ընդամենը պահեստում պակասորդ տալու համար։ Ու այդ մարդը այսօր համարձակվում է հանդես գալ քաղաքական վերլուծականով»,- ասաց Պ.Հայրիկյանը, որին, իր իսկ խոսքերով, ամենեւին չի հուզում, թե ով է դրդել Վ.Կարախանյանին՝ նման հոդված հրապարակել։ Իհարկե, պրն Հայրիկյանը կասկած հայտնեց, թե դրանով վերջինս փորձում է շահել Անդրանիկ Մարգարյանի համակրանքը։ Նախագահին կից իրավապաշտպանը կարծիք հայտնեց, թե դրանով Վ.Կարախանյանը փորձել է «ինչ-որ բան պաշտպանողի համբավ ձեռք բերել»։ «Պաշտպանող էիր, Ստեփանի կողքին բանտում լինեիր։ Ես բանտում էի, բանտում Ստեփանի կողքին էի»,- հեռակա դիմեց Վ.Կարախանյանին։ Անդրադառնալով չեկիստի միջոցով «քսիֆ» ուղարկելու եւ ՀՀԿ խորհրդի անդամ Ա.Մարգարյանի ձերբակալության փաստին, պարոն Հայրիկյանը նկատեց՝ բա էլ ո՞ւմ միջոցով կարող էի ուղարկել։ Նա միաժամանակ պարզաբանեց, թե ԱՄԿ-ականները գիտեին, որ բռնվելու դեպքում հրաժարվելու էին որեւէ մեղադրանք հանձն առնելուց։ «Ես այդ անգամ նույնիսկ Ա.Մարգարյանի ապահովագրության համար գրել էի, թե ներողություն եմ հայցում իրեն անհանգստացնելու համար եւ խնդրում եմ իրեն հանձնված փաթեթն առանց բացելու փոխանցել դրա ետեւից եկող այսինչ մարդուն։ Ձերբակալվելուց նա կարող էր ասել, թե որեւէ բանից տեղյակ չէ եւ չգիտե, թե ինչ է եղել փաթեթում»։ Հանուն արդարության, պարոն Հայրիկյանն, իհարկե, շեշտեց, թե, ի պատիվ իրեն, Ա.Մարգարյանը բացահայտվելուց հետո որեւէ մեկի անունը չէր տվել։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք Վ.Կարախանյանի տված հարցազրույցում հրապարակած փաստերը խեղաթյուրված են, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում անդրադառնալ փաստերի նրա անձնական մատուցմանը, որովհետեւ խոսողը միայն իրեն հասկանալի շարժառիթներով 1974-ին ԱՄԿ-ից հեռացավ։ Ավելին, 87-ին դարձավ Հովիկ Վասիլյանի «Հայ Դատ» կազմակերպության անդամ»։ Պարոն Հայրիկյանն այդ քայլը որակեց իբրեւ ԱՄԿ-ի եւ սեփական անձի սպանություն։ «Ի՞նչ կարիք կա, որ ես խոսեմ այդ «Հայ Դատի» անդամ դարձած մարդու մասին։ Մեկ տարի նստած մարդը վկայակոչում է 8-10 տարի նստած մարդկանց, իսկ եթե նրանք էլ խոսե՞ն։ Ամեն մարդ յուրովի է գլուխը կորցնում»,- եզրակացրեց մարդու իրավունքների պաշտպանը։ Ի դեպ, 8-10 տարի նստած նախկին քաղկալանավորների մասին։ Հավաստի տեղեկությունների համաձայն, Պ.Հայրիկյանը Ազատ Արշակյանի անունից Վ.Կարախանյանի հարցազրույցին ի պատասխան մի հայտարարության տեքստ է պատրաստել, որի տակ պարոն Արշակյանը պարզապես հրաժարվել է ստորագրել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել