Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահնամե»-ն՝ հայ-իրանական մշակութային երկխոսության կամուրջ․ Երևանում ներկայացվեց Ֆիրդուսու ստեղծագործության ամբողջական հայերեն թարգմանությունը

Նոյեմբեր 10,2026 11:50 Share
Աջակցեք aravot.am-ին

 

Երևանում տեղի ունեցավ պարսից գրականության մեծագույն ստեղծագործություններից մեկի՝ Աբուլղասեմ Ֆիրդուսու «Շահնամե»-ի ամբողջական արձակ հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառումը կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ջանքերով։

Միջոցառմանը մասնակցում էին Իրանի փոխնախագահ Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադին, Հայաստանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին, պետական և մշակութային գործիչներ, համալսարանականներ, արվեստագետներ, հետազոտողներ և ուսանողներ։

Իր ելույթում փոխնախագահ Փուրմոհամմադին «Շահնամե»-ն բնութագրեց որպես բարոյական և համամարդկային խորիմաստ գաղափարներ կրող ստեղծագործություն՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն Իրանի պատմության և առասպելների պահպանման, այլև իմաստության, արդարության, հավատարմության ու մարդասիրության արժեքների տարածման գործում։

Անդրադառնալով «Զալ և Ռուդաբե», «Բիժան և Մանիժե» և «Ռոստամ և Սոհրաբ» պատմություններին՝ նա առանձնացրեց Ֆիրդուսու ստեղծագործություններում կանանց դերը և դյուցազնական բարոյականության սկզբունքները։ Նրա խոսքով՝ «Շահնամե»-ում հերոսների ուժը պետք է ծառայի մարդկանց պաշտպանելուն և անարդարության կանխմանը։

Փուրմոհամմադին անդրադարձավ նաև Լորիս Ճգնավորյանի՝ «Ռոստամ և Սոհրաբ» պատմության հիման վրա ստեղծված օպերային աշխատանքին՝ ընդգծելով «Շահնամե»-ի ստեղծագործական մեծ ներուժը երաժշտության, թատերարվեստի և կերպարվեստի ոլորտներում։ Նա առաջարկեց Հայաստանում հիմնել «Շահնամեի տուն»՝ այդ նախաձեռնության շուրջ համախմբելով Գևորգ և Գառնիկ Ասատրյաններին, Լորիս Ճգնավորյանին, գիտնականներին, հետազոտողներին և արվեստագետներին։

Ելույթի ավարտին նա անդրադարձավ նաև Նիզամի Գյանջավիի «Խոսրով և Շիրին» ստեղծագործությանը՝ ընդգծելով հայ և իրանական մշակույթների փոխառնչություններն ու գրականության միջոցով սիրո, հավատարմության և բարեկամության գաղափարների հարատևությունը։ Հաֆեզի՝ Արաքս գետին նվիրված բանաստեղծական տողերն արտասանելով՝ նա հույս հայտնեց, որ երկու երկրների մշակութային կապերն առավել կամրապնդվեն։

Միջոցառման ընթացքում մեծարվեց հայազգի անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը՝ երաժշտության ոլորտում ունեցած երկարամյա վաստակի և Իրանի մշակույթի ու գրականության հանրահռչակման գործում ներդրած ավանդի համար։ Նրան հանձնվեց «Շահնամե»-ի շքեղ հրատարակություն և Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի շնորհակալագիրը։

Մեծարվեց նաև «Շահնամե»-ի հայերեն թարգմանության հեղինակ Գևորգ Ասատրյանը, որին նվիրեցին պարսկերեն «Շահնամե»-ի շքեղ հրատարակությունը։

Պարգևատրվեցին նաև Իրանի ուսումնասիրությունների ոլորտի դասախոսներ և հետազոտողներ, թարգմանիչներ, պարսկերենի ուսուցիչներ, իրանագիտության առաջադեմ ուսանողներ և Հայաստանում պարսկերեն սովորող դպրոցականներ՝ պարսկերեն լեզվի և գրականության տարածման գործում ունեցած ավանդի համար։

«Շահնամե»-ի ամբողջական արձակ հայերեն թարգմանությունը թարգմանչի և հետազոտողների բազմամյա աշխատանքի արդյունքն է։ Այն հայ ընթերցողին հնարավորություն է տալիս մայրենի լեզվով ծանոթանալու պարսկական դասական գրականության կարևորագույն ստեղծագործություններից մեկին՝ դրա պատմություններին, հերոսներին և փիլիսոփայական ու բարոյական գաղափարներին։ Գիրքը նոր հնարավորություններ է ստեղծում նաև հայ և պարսկական գրականությունների համեմատական ուսումնասիրությունների համար։

Միջոցառումն անցկացվեց Իրանի փոխնախագահի՝ Երևան կատարած այցի շրջանակում, որը նպատակ ուներ մասնակցելու Իրանի և Հայաստանի համագործակցության համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստին։ Արարողությանը պետական պաշտոնյաների, գիտնականների, արվեստագետների, թարգմանիչների և ուսանողների մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց մշակույթի կարևոր դերը երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել