Երեւանն այլեւս չի ցանկանում, Մոսկվան դեռ բաց չի թողնում. կառույցի հեղինակության հարցն է
Հայաստան–ՀԱՊԿ. քաղաքական խզումն արդեն գոյություն ունի
Հայաստանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարաբերությունները թեւակոխել են ինստիտուցիոնալ եւ իրավական բնույթի առճակատման փուլ։ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 5-ի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ի հետ կապված Երեւանի «հետաքրքրությունները սպառված են», կարելի է դիտարկել որպես քաղաքական հստակ արձանագրում, որ Հայաստանի իշխանություններն այլեւս չեն դիտարկում կազմակերպության հետ հարաբերությունների վերականգնումը որպես արտաքին քաղաքական առաջնահերթություն։
Սակայն այս հայտարարության նշանակությունը միայն Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու քաղաքական մտադրության մասին չէ։ Առավել կարեւոր է այն, որ հարաբերությունների ճգնաժամն այժմ մտնում է մի փուլ, երբ նախաձեռնությունը որոշակի առումով անցնում է նաեւ կազմակերպության մյուս անդամներին։ Ռուսաստանի ներկայացրած առաջարկը՝ Հայաստանի ձայնի եւ քվոտային պաշտոններում առաջադրումներ կատարելու իրավունքը կասեցնելու վերաբերյալ, ցույց է տալիս, որ Մոսկվան եւ ՀԱՊԿ-ի մյուս անդամներն այլեւս չեն ցանկանում անորոշ ժամանակով պահպանել մի իրավիճակ, երբ Հայաստանը շարունակում է մնալ կազմակերպության անդամ, բայց չի մասնակցում դրա գործունեությանը եւ չի կատարում անդամավճարի վճարման պարտավորությունները։
Կարդացեք նաև
Այսպիսով, Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերություններում ձեւավորվել է մթնոլորտ, երբ քաղաքական խզումը փաստացի արդեն տեղի է ունեցել, սակայն իրավական առումով կողմերը դեռեւս կապված են միմյանց։
Քաղաքական դժգոհությունից մինչեւ հարաբերությունների ինստիտուցիոնալ խզում
Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերությունների ներկայիս ճգնաժամը մեկ օրվա կամ մեկ հայտարարության արդյունք չէ։ Դրա հիմքերը ձեւավորվեցին դեռեւս 2022-ի սեպտեմբերին, երբ ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Պաշտոնական Երեւանի ակնկալիքն այն էր, որ ՀԱՊԿ-ը, որպես Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված ռազմաքաղաքական դաշինք, առնվազն քաղաքական հստակ գնահատական կտա տեղի ունեցածին, կարձանագրի Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ իրականացված գործողությունները եւ կձեռնարկի համապատասխան քայլեր։ Սակայն ՀԱՊԿ-ը չցուցաբերեց այն քաղաքական եւ գործնական աջակցությունը, որն ակնկալում էին Հայաստանում։ Հայաստանի իշխանությունները սկսեցին աստիճանաբար նվազեցնել իրենց ներգրավվածությունը կառույցի աշխատանքներում։ Սկզբնական շրջանում դա արտահայտվում էր կազմակերպության միջոցառումներին չմասնակցելով, ապա Հայաստանը հրաժարվեց նաեւ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին, իսկ հետագայում հայկական կողմը դադարեցրեց նաեւ անդամավճարի վճարումը։
Այս գործընթացը կարեւոր էր ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը փաստացի հրաժարվում էր օգտվել դաշինքի մեխանիզմներից, այլեւ այն պատճառով, որ կասկածի տակ էր դնում ՀԱՊԿ-ի՝ որպես հավաքական անվտանգության համակարգի արդյունավետությունը։ Եթե կազմակերպության անդամ պետությունը չի կարողանում ստանալ աջակցություն այն իրավիճակում, երբ իր ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվում է ռազմական գործողություն, ապա բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ է այդ կառույցը համապատասխանում իր հիմնական առաքելությանը։
Անկեղծ լինենք, սա ոչ միայն մի հարցադրում էր, որը իշխանությունն էր կարեւորում ու բարձրաձայնում, այլեւ մի փաստ էր, որ արդեն մեր հասարակության համար էր ակնհայտ ու անհերքելի։ Այսինքն, Հայաստանը անդամակցում է մի կազմակերպության, որը դաշնակցային պարտավորությունները չի իրականացնում։
Այդուհանդերձ, հարաբերությունների սառեցումը երկար ժամանակ պահպանեց որոշակի երկիմաստություն։ Հայաստանը պաշտոնապես չէր հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, չէր նախաձեռնել կանոնադրությամբ նախատեսված ամբողջական իրավական ընթացակարգը, սակայն միաժամանակ չէր մասնակցում կառույցի աշխատանքներին։ Այսինքն՝ ձեւավորվել էր մի իրավիճակ, երբ անդամակցությունը պահպանվում էր փաստաթղթերով, բայց քաղաքական եւ գործնական բովանդակությունը գրեթե ամբողջությամբ կորցրել էր իր նշանակությունը։
Անցյալ շաբաթ Փաշինյանի հայտարարությունը հենց այս երկիմաստության վերացման փորձ է։ «Հետաքրքրությունները սպառված են» ձեւակերպումը կարելի է դիտարկել որպես քաղաքական ուղերձ ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլեւ առաջին հերթին Ռուսաստանին, որ Երեւանը չի պատրաստվում վերադառնալ նախկին հարաբերությունների տրամաբանությանը՝ առանց անվտանգության ոլորտում առկա հիմնարար խնդիրների լուծման։
Սակայն այստեղ կա մի կարեւոր հանգամանք։ Հայաստանի իշխանությունների քաղաքական հայտարարությունը դեռեւս իրավական առումով չի նշանակում անդամակցության դադարեցում։ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես անդամ պետություն, իսկ Ռուսաստանը, ինչպես ցույց են տալիս վերջին հայտարարությունները, փորձում է այդ փաստացի անգործությունը տեղափոխել իրավական եւ կազմակերպական կարգավորման դաշտ։
Տեսականորեն հնարավոր են առնվազն երեք տարբեր զարգացումներ
Եթե նախկինում Հայաստանի չմասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին հիմնականում ընկալվում էր որպես Երեւանի քաղաքական դժգոհության դրսեւորում, ապա Ռուսաստանի ներկայացրած նոր առաջարկը ցույց է տալիս, որ Մոսկվան այլեւս չի ցանկանում այդ իրավիճակը թողնել առանց ինստիտուցիոնալ արձագանքի։
Նոյեմբերի 4-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարեց, որ Ռուսաստանը կազմակերպության անդամ պետություններին ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին որոշման նախագիծ։ Խոսքը Հայաստանի՝ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից եւ իրեն հատկացված քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից ժամանակավորապես զրկելու մասին է՝ մինչեւ անդամավճարի պարտքի ամբողջական մարումը։
Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է, քանի որ նախաձեռնության հեղինակը հենց Ռուսաստանն է՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը եւ ՀԱՊԿ-ում ամենամեծ քաղաքական ու ռազմական կշիռ ունեցող պետությունը։ Փաստացի Մոսկվան առաջարկում է իրավական հետեւանքներ կիրառել մի երկրի նկատմամբ, որի անվտանգության համակարգը տասնամյակներ շարունակ կառուցված է եղել նաեւ ռուսական ռազմական ներկայության եւ երկկողմ պայմանագրային հարաբերությունների վրա։
Այստեղ, սակայն, անհրաժեշտ է տարբերակել երկու հանգամանք։ Ռուսաստանը տվյալ դեպքում չի առաջարկում անմիջապես հեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ից։ Կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է անդամավճարի պարտքի հետեւանքով ձայնի եւ քվոտային պաշտոններում առաջադրումների իրավունքի կասեցմանը։ Այսինքն՝ խոսքը կազմակերպության ներսում Հայաստանի ինստիտուցիոնալ մասնակցության սահմանափակման մասին է, ոչ թե անդամակցության ինքնաբերաբար դադարեցման։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է, որ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի պահպանման եւ կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչեւ պարտքի ամբողջական մարումը։ Հետեւաբար, Ռուսաստանի առաջարկն ունի հստակ իրավական հիմք, եւ Մոսկվան փորձում է խնդիրը ներկայացնել ոչ թե որպես քաղաքական պատժամիջոց, այլ որպես կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգի կիրառում։
Սակայն իրավական հիմնավորման առկայությունը չի վերացնում քաղաքական ենթատեքստը։ Հայաստանի անդամակցությունը սառեցված է արդեն ավելի քան երկու տարի, եւ այդ ընթացքում ՀԱՊԿ-ը ստիպված է եղել գործել մի իրավիճակում, երբ անդամ պետություններից մեկը չի մասնակցում որոշումների ընդունմանը, չի ներգրավվում զորավարժություններին, չի վճարում անդամավճարը, բայց շարունակում է պահպանել կազմակերպության անդամի կարգավիճակը։
Այս իրավիճակը ձեռնտու չէ ո՛չ ՀԱՊԿ-ի հեղինակությանը, ո՛չ էլ Ռուսաստանի՝ կազմակերպության ներսում միասնականության ցուցադրման գծին։ Հետեւաբար, Մոսկվայի նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես փորձ՝ ստիպելու Երեւանին հստակեցնել իր կարգավիճակը կամ առնվազն արձանագրելու, որ կազմակերպության ներսում Հայաստանի արտոնություններն անսահմանափակ չեն։
Միաժամանակ հատկանշական է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Մասադիկովը նոյեմբերի 4-ին հատուկ ընդգծել էր՝ Հայաստանի հեռացման հարց այս պահին չկա։ Այս ձեւակերպումը կարեւոր է, քանի որ ցույց է տալիս՝ կազմակերպության ներսում դեռեւս տարբերակում են Հայաստանի փաստացի չմասնակցությունն ու իրավական անդամակցությունը։ Մոսկվայի առաջարկը նույնպես առայժմ վերաբերում է երկրորդի շրջանակում գործող իրավունքների սահմանափակմանը, այլ ոչ թե անդամակցության դադարեցմանը։
Այստեղից էլ ծագում է մեկ այլ հարց՝ արդյոք ՀԱՊԿ-ի անդամները կարող են գնալ ավելի հեռու եւ քննարկել Հայաստանի հեռացման հնարավորությունը։
Կանոնադրական առումով նման հնարավորությունը գոյություն ունի։ ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ անդամ պետության կողմից կազմակերպության կանոնադրության կամ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների պարտավորությունները չկատարելու դեպքում խորհուրդը կարող է կասեցնել նրա մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը, իսկ խախտումների շարունակման դեպքում՝ որոշում ընդունել այդ պետությանը կազմակերպությունից հեռացնելու մասին։ Սակայն սա բոլորովին այլ իրավական ընթացակարգ է, քան 25-րդ հոդվածով նախատեսված ձայնի իրավունքի սահմանափակումը։
Մյուս կողմից՝ կանոնադրության 19-րդ հոդվածը նախատեսում է նաեւ անդամ պետության կամավոր դուրս գալու հնարավորությունը։ Դրա համար պետությունը պետք է կարգավորի կազմակերպության շրջանակում ունեցած պարտավորությունները եւ դուրս գալու մասին պաշտոնական ծանուցումը ներկայացնի ավանդապահին՝ նախատեսվող դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ։
Այսպիսով, Հայաստանի անդամակցության հարցում տեսականորեն հնարավոր են առնվազն երեք տարբեր զարգացումներ՝ իրավունքների սահմանափակում՝ չվճարված անդամավճարի պատճառով, կազմակերպության նախաձեռնությամբ անդամակցության դադարեցման գործընթաց կամ Հայաստանի կողմից սեփական նախաձեռնությամբ դուրս գալու ընթացակարգի մեկնարկ։ Երբեմն քաղաքական հայտարարությունների մակարդակում ստեղծում է տպավորություն, թե Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցն արդեն լուծված է։ Իրականում նման որոշում դեռեւս չկա։ Առկա է Ռուսաստանի առաջարկը, որը պետք է քննարկվի կազմակերպության համապատասխան մարմիններում, իսկ Հայաստանի վերջնական կարգավիճակը կախված կլինի ինչպես ՀԱՊԿ անդամների քաղաքական դիրքորոշումներից, այնպես էլ Երեւանի հետագա քայլերից։
Կարո՞ղ է Ռուսաստանին ձեռնտու լինել Հայաստանի հեռացումը ՀԱՊԿ–ից
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մեջ այս փուլում նկատելի է երկակի մոտեցում։ Մի կողմից՝ Մոսկվան դժգոհ է Երեւանի վարքագծից, չի թաքցնում այդ դժգոհությունը եւ փորձում է ՀԱՊԿ-ի շրջանակներում սահմանափակել Հայաստանի իրավունքները։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի պաշտոնական հայտարարություններում դեռեւս հստակորեն պահպանվում է Հայաստանի՝ կազմակերպության կազմում մնալու հնարավորությունը։
Այս հակասությունը պատահական չէ։ Ռուսաստանի համար Հայաստանի հեռացումը ՀԱՊԿ-ից կարող է ունենալ ինչպես կարճաժամկետ քաղաքական առավելություններ, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական կորուստներ։
Կարճաժամկետ առումով Հայաստանի հեռացումը կարող է Մոսկվային ազատել մի շարք կազմակերպական եւ քաղաքական խնդիրներից։ ՀԱՊԿ-ը կկարողանա ավելի հեշտությամբ ցուցադրել անդամ երկրների միջեւ միասնականություն՝ առանց Հայաստանի մշտական բացակայության եւ առարկությունների հետ հաշվի նստելու անհրաժեշտության։ Ռուսաստանը կարող է նաեւ պնդել, որ Հայաստանը սեփական որոշմամբ է հրաժարվել դաշնակցային համակարգից, եւ այդպիսով իր վրայից հեռացնել կազմակերպության անարդյունավետության համար պատասխանատվության մի մասը։
Սակայն սա միայն հարցի արտաքին կողմն է։ Ռուսաստանի համար շատ ավելի կարեւոր է այն, թե ինչ կարող է հաջորդել Հայաստանի հեռացմանը։
Եթե Հայաստանը պաշտոնապես դուրս գա ՀԱՊԿ-ից, դա կնշանակի, որ Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասում իր ազդեցության առանցքային ինստիտուցիոնալ հարթակներից մեկը։ Նույնիսկ եթե վերջին տարիներին այդ հարթակի գործնական նշանակությունը Հայաստանի համար էականորեն նվազել է, անդամակցության փաստը Մոսկվային դեռեւս տալիս է քաղաքական ազդեցության եւ տարածաշրջանային անվտանգության գործընթացներին մասնակցելու լրացուցիչ հնարավորություն։
Բացի այդ, Հայաստանի հեռացումը կարող է դառնալ նախադեպ ՀԱՊԿ մյուս անդամների համար։ Եթե կազմակերպության հիմնադիր եւ երկարամյա անդամներից մեկը հայտարարում է, որ կառույցն այլեւս չի համապատասխանում իր անվտանգության շահերին, իսկ մյուսները չեն կարողանում այդ իրավիճակը կարգավորել, ապա դա կարող է հարցեր առաջացնել նաեւ դաշինքի ընդհանուր արդյունավետության վերաբերյալ։
Ռուսաստանի համար խնդիրը միայն Հայաստանի կորուստը չէ։ Խնդիրը ՀԱՊԿ-ի՝ որպես հետխորհրդային տարածքում Մոսկվայի առաջնորդությամբ գործող ռազմաքաղաքական համակարգի հեղինակության հարցն է։
Այս առումով առավել շահավետ կարող է լինել ոչ թե Հայաստանին կառույցից հեռացնելը, այլ նրա անդամակցությունը պահպանելն այնպիսի պայմաններում, երբ Երեւանը զրկված է որոշումների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից, բայց միաժամանակ շարունակում է մնալ իրավականորեն կապված կազմակերպությանը։ Այս տարբերակը Մոսկվային թույլ է տալիս չարձանագրել դաշինքի ամբողջական փլուզումը եւ պահպանել ապագայում հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը։
Այլ կերպ ասած՝ Ռուսաստանին կարող է ձեռնտու լինել Հայաստանի քաղաքական մեկուսացումը ՀԱՊԿ-ի ներսում, բայց ոչ պարտադիր Հայաստանի իրավական հեռացումը կազմակերպությունից։
Այս մոտեցման օգտին են խոսում նաեւ ռուս պաշտոնյաների վերջին հայտարարությունները։ Նոյեմբերի 6-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստանի անդամակցության հնարավոր քննարկմանը, նշել էր, որ հարցը կլուծվի հենց կազմակերպությունում քննարկումների արդյունքներով։ Միաժամանակ նա բավական կոշտ գնահատական էր տվել հայ-ռուսական անվտանգության հարաբերությունների վիճակին՝ հայտարարելով, որ անվտանգության ոլորտում Հայաստանի հետ հարաբերություններ, ըստ էության, չկան։
Նույն օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւս չէր բացառել, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի անդամակցության հարցը հանգամանորեն քննարկվի։ Սակայն նրա հայտարարության մեջ կար նաեւ մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր ուղերձ. Հայաստանը կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին, բայց նրան այնտեղ ոչ ոք բռնի ուժով չի պահի։
Այսպիսով, Մոսկվան միաժամանակ երկու ազդակ է փոխանցել Երեւանին։ Առաջինը՝ ՀԱՊԿ-ը պատրաստ է իրավական եւ կազմակերպական միջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Երկրորդը՝ Ռուսաստանի համար Հայաստանի ներկայությունը դեռեւս ամբողջությամբ փակված հարց չէ, եւ վերադարձի հնարավորությունը պահպանվում է։
Իհարկե, սա չի նշանակում, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների վերականգնել նախկին հարաբերությունները։ Ըստ ամենայնի, Ռուսաստանը փորձում է պահպանել քաղաքական նախաձեռնությունը՝ միաժամանակ ցույց տալով, որ Հայաստանի հետագա վարքագիծը կարող է ունենալ կոնկրետ հետեւանքներ։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.11.2026



















































