«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն
Հարավային Կովկասի նշանակությունը Եվրամիության համար անառարկելի է, իսկ տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներն ավելի են ընդգծում դրա կարևորությունը, հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Երևանում անցկացված Հարավային Կովկասի տարածաշրջանային երկխոսության երրորդ ֆորումում եվրոպացի դիվանագետն ընդգծել է, որ Բրյուսելը մտադիր է խորացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Գրոնոն նշել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո երկու երկրների համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու հակամարտության ծանր ժառանգությունը և զարգացնելու տարածաշրջանային համագործակցությունը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ թեև խաղաղության գործընթացն ընթանում է Երևանի և Բաքվի միջև, Եվրամիությունը պատրաստ է աջակցել գործնական նախաձեռնություններին՝ սահմանազատումից մինչև առևտրի և տրանսպորտային կապերի զարգացում։
«Տրանսպորտային կապերը Եվրամիության համար ռազմավարական կարևոր առաջնահերթություն են։ Սակայն պակաս կարևոր չէ նաև հասարակությունների հետ աշխատանքը, որպեսզի մարդիկ իրենց զգան ամուր, արդար և հարատև խաղաղության մասնակից», – ասել է Գրոնոն։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ խաղաղության գործընթացները չպետք է սահմանափակվեն քաղաքական վերնախավերով, դրանցում պետք է ներգրավված լինեն նաև հասարակությունները։



















































