Հանրային իրազեկման ակցիային մասնակցում էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նա, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության գործողություններին, ասաց. «Երկու ժամ պտտվել ենք` բարյացակամ արձագանքներ ենք նկատել: Երկու ժամվա ընթացքում զրուցել ենք առնվազն հարյուր մարդու հետ, հարյուրից միայն մեկն է մերժողական դիրքորոշում ցուցաբերել, մի քանիսն էլ փոքր-ինչ սառն են իրենց դրսեւորել, սակայն մեծ մասն ակտիվ է, ոգեւորված: Մարդիկ ուշադիր լսում են մեզ, արձագանքում են եւ համաձայնում մեզ հետ: Ինձ համար նորություն էր եւ հետաքրքիր այն փաստը, որ երիտասարդները շատ ավելի ակտիվ են ու արձագանքող, ավելի համաձայն եւ կարծում են, որ Հայաստանում չպետք է ալիեւյան սահմանադրություն ընդունվի եւ հանրաքվե իրականացվի: Ուրախալի է, որ անգամ իրար չսիրող կուսակցությունները լծվել են նույն գործին, սա վերկուսակցական հարց է, եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն: Պետք է բոլորն իրենց խռովկանությունը, դժգոհությունը եւ հակակրանքները մի կողմ դնեն: Այս խնդրի լուծման ճանապարհին ո՛չ մանդատ ենք ստանում, ո՛չ էլ իշխանություն ենք վերցնում, ընդամենը պետք է պահել երկրի պետականությունը, սուվերենությունը, քաղաքական ուժերի մոտ կարծես թե ստացվում է դա անել: Կապ չունի՝ ընտրությունների ժամանակ ով ինչքան քվե է ստացել, պետք է բոլորն այս գործին լծվեն, Սահմանադրությունը չպետք է փոխվի, հանրաքվե չպետք է տեղի ունենա: Ես կարծում եմ, որ այս ամենի արդյունքում մեր ժողովուրդը նաեւ կվերականգնի ինքնավստահությունը: Այս պարտությունների շղթայից պետք է ազատվել, մեր հանրությանը պարտության կոմպլեքս` բարդույթ է պատել, պետք է ազատվել այդ ամենից: Տպավորություն կա, որ պասիվ ենք, լուռ ենք, պետք է հաղթահարենք այս ամենը»:
Կան տեսակետներ, որ այս ակցիայով ընդդիմությունը լեգիտիմացնում է իշխանության սահմանադրական հանրաքվեի գործընթացը։ «Չկա այդպիսի բան, ճիշտ ճանապարհն այն է, որ հանրաքվե տեղի չունենա: Հանրաքվեի երկու ելքի դեպքում էլ` դրական կլինի, թե բացասական, Հայաստանի Հանրապետությունը չի շահելու: Այդ խնդիրը որեւէ պարագայում չպետք է դրվի աճուրդի, այն առհասարակ չպետք է քննարկել: Չի կարելի Սահմանադրություն փոխել ինչ-որ մեկի պահանջով: Առաջին քայլը կախված է խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերից: Եթե նրանք պինդ լինեն, եթե հանրությունն իրենց հույս տա, «դուխ» տա, նրանք կհաջողեն: Որեւէ պարագայում այդ մի քանի մանդատը Նիկոլ Փաշինյանը չպետք է ունենա: Եթե խորհրդարանական ուժերն իրենց պինդ պահեն, դա արդեն հաղթանակ կլինի, հանրաքվե չպետք է լինի: Իսկ եթե հարցը դուրս գա խորհրդարանական տիրույթից, ապա կա այլ տարբերակ եւս, որի մասին այսօր չարժե խոսել: Այսօրվա ճիշտ պլանն այն է, որ հանրաքվե տեղի չունենա: Մեր թասիբը, մեր նամուսը պահելու խնդիր է սա»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում



















































