ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը Աղվերանում մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից կազմակերպված Սոցիալ-դեմոկրատիայի ակադեմիային։
Արմեն Նավասարդյանը ներկայացրել է «Գենդերային հավասարության հիմնախնդիրները որոշումների կայացման գործընթացում» թեմայով զեկույց՝ անդրադառնալով կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման, ինչպես նաև հասարակական և քաղաքական կյանքում կանանց լիարժեք մասնակցության հարցերին։
Զեկույցի շրջանակում ներկայացվել են որոշումների կայացման տարբեր մակարդակներում կանանց ներկայացվածության բարձրացման կարևորությունը, գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ առկա մարտահրավերներն ու խոչընդոտները, ինչպես նաև կանանց մասնակցության խթանմանն ուղղված ինստիտուցիոնալ և իրավական մեխանիզմների դերը։
Զեկույցի շրջանակում Արմեն Նավասարդյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որի համաձայն՝ գենդերային հավասարության ապահովումը ենթադրում է ոչ միայն հավասար մասնակցության իրավական երաշխիքների առկայություն, այլև գործնականում հավասար հնարավորությունների ապահովում և որոշումների կայացման գործընթացներում կանանց արդյունավետ ներգրավվածություն։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել նաև հասարակական և քաղաքական կյանքում կանանց մասնակցության սահմանափակումներին, գենդերային կարծրատիպերի հաղթահարման և խտրականության կանխարգելման անհրաժեշտությանը։ Կարևորվել է այնպիսի պայմանների ձևավորումը, որոնցում կանայք կարող են հավասարապես մասնակցել իրենց կյանքին և հասարակության զարգացմանն առնչվող որոշումների կայացմանը։
Զեկույցի ընթացքում ընդգծվել է, որ կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին ոչ միայն հավասար իրավունքների իրացման, այլև ժողովրդավարական կառավարման և հասարակության կայուն զարգացման կարևոր նախապայման է։
Զեկույցին հաջորդել է քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու բանախոսին և մտքեր փոխանակելու ներկայացված հիմնախնդիրների շուրջ։
Ակադեմիային մասնակցել են քաղաքականությամբ հետաքրքրված երիտասարդներ՝ ուսանողներ և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են սոցիալ-դեմոկրատական արժեքներով, ժողովրդավարությամբ և հավասարության հիմնախնդիրներով։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման, խտրականության կանխարգելման և որոշումների կայացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցության խթանման կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հասարակության զարգացման անհրաժեշտ պայմաններ։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է երիտասարդների իրազեկվածության բարձրացումը, մարդու իրավունքների և հավասարության սկզբունքների վերաբերյալ հանրային քննարկումների խթանումը՝ որպես ժողովրդավարական հասարակության զարգացման կարևոր նախապայման։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ



















































