Լրահոս
Օրվա լրահոսը

Բավարարող պատասխան չեմ համարում, իր բառամթերքով ասած` թալանչիներին ուղղված հարցի պատասխանը, այն թալանչիների, ովքեր ՔՊ-ի շարքերն են համալրել. Արեն Նահապետյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 10,2026 11:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին մասնակցել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը եւ շատ վիճելի ու աղմկահարույց հայտարարություններ արել:

Չնայած Փաշինյանի քարոզչական հայտարարություններին, երիտասարդներից ոմանք հանդես են եկել բավականին սուր, քննադատական հարցադրումներով: Օրինակ, Արեն Նահապետյանը Փաշինյանին հարցրել է Ամուլսարի հանքի շահագործման մասին, անդրադարձել է նաեւ քրեաօլիգարխիկ բարքերի կրող ՔՊ-ականներին, ասել է. «Վախի ազդեցության տակ կամ բյուջեից փող մսխելու համար հիմա էլ ՔՊ-ի կողմից են առաջադրվում… թագավորը մերկ է, պարոն Փաշինյան»:

Արեն Նահապետյանը մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց այդ քննարկումից: Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ ներկաներին արձագանքի հնարավորություն չէին տալիս, եւ վարչապետի պատասխանները գոհացրի՞ն իրեն։ «Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պատասխաններին, ապա դրանք, բնականաբար, բավարարող չէին, կոնկրետ իմ հարցի պարագայում վարչապետն ամբողջությամբ շրջանցեց Ամուլսարի թեման։ Ես նաեւ բավարարող պատասխան չեմ համարում, իր բառամթերքով ասած` թալանչիներին ուղղված հարցի պատասխանը… այն թալանչիների, ովքեր ՔՊ-ի շարքերն են համալրել: Ես, իհարկե, չէի ակնկալում, որ հրապարակային ֆորմատով Նիկոլ Փաշինյանը դրանից ավելին կասեր, եւ դա առհասարակ բոլոր քաղաքական գործիչների քրոնիկ խնդիրն է. հարցերին պատասխանելու փոխարեն ուղղակի փիլիսոփայել կամ դուրս գալ թեմայի շրջանակներից: Փաշինյանը միակը չէ, Restart-ի կազմակերպած հանդիպումների ընթացքում այլ քաղաքական գործիչներ նույնպես խուսափել են կոնկրետ հարցերին պատասխանելուց»:

Արեն Նահապետյանից նաեւ հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիք ունի Փաշինյանի` Հայոց ցեղասպանությանը եւ հայրենասիրությանը վերաբերող հայտարարությունների մասին. «Կոնկրետ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօրվա դրությամբ որեւէ քաղաքական կամ տնտեսական օգուտ չի բերելու Հայաստանին: Այսինքն` եթե մենք տեսականորեն վերցնենք ու ասենք, որ վաղը Թուրքիան ճանաչելու է ցեղասպանությունը, ըստ իս` ո՛չ տարածքներն են վերադարձնելու, ո՛չ էլ փոխհատուցում են տալու Հայաստանին: Այսինքն` Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր քաղաքական կյանքի համար այդքան էլ զգայուն ու օրակարգային հարց չէ: Ինչ վերաբերում է հայրենասիրության եւ ստալինյան մոդելի համեմատությանը, ապա ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ չեմ հասկանում, թե Փաշինյանն ինչ նկատի ունի: Հայրենասիրությունն ամեն մարդու սեփական ու անձնական հարցն է»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել