Լրահոս
Օրվա լրահոսը

Հայէկոնոմբանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հպարտանալու բազ

Հունիս 26,2001 00:00

Հայէկոնոմբանկը ԿԲ-ի գործընկերն է Հայէկոնոմբանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հպարտանալու բազմաթիվ պատճառներ նշեց։ Նրա գնահատմամբ, 2000 թվականը բանկի համար զարգացման ու կայունացման տարի էր. «բոլոր ցուցանիշները համարյա 1,5 անգամ ավելացել են»։ ՊԿՊ-ների եկամտաբերության անկման պատճառով, բանկը ստիպված է եղել փոխել նախօրոք հաստատված բյուջեն ու այլ ծրագրերում ներդրում կատարել։ Հայէկոնոմբանկը չի վարկավորվել հայկական բանկերի կողմից։ Արդեն հայտնի է, որ ԿԲ-ն բանկերի առաջ մինչեւ 5 մլն դոլարին համարժեք դրամի կապիտալի բարձրացման խնդիր է դրել։ Քանի որ, ըստ Օսիպյանի, կապիտալիզացիայի խնդիրը հնարավոր չէ լուծել շահույթի հաշվին, այդ պատճառով էլ բանկը փորձել է դա անել արժեթղթերի թողարկմամբ։ Այդ միջոցով Հայէկոնոմբանկը մոտ 100 մլն դրամով ավելացրել է կանոնադրական կապիտալը։ Զուգահեռաբար, մոտ 10 հազարով աճել է բանկի հաճախորդների թիվը։ Աշոտ Օսիպյանի հայտնած տվյալներով, 2000 թվականը բանկն ավարտել է շահույթով, ինչի հաշվին կրճատվել է նախորդ տարիների վնասը։ Բանկը թողարկել է նաեւ պլաստիկ քարտեր. «առաջինն ենք, որ լոկալ պլաստիկ քարտերով աշխատում ենք։ Բայց սա նպատակ չէ։ Ուզում ենք, որ այդ կուլտուրան մտնի մեր երկիր»։ Գերմանական KFW ծրագրի շրջանակներում Հայէկոնոմբանկը խրախուսման քաղաքականություն է իրականացրել. 8 աշխատողներ վարձատրվում են կախված իրենց աշխատանքի արդյունավետությունից։ Ըստ երեւույթին, այս բոլորը հաշվի առնելով է, որ Կենտրոնական բանկը Հայէկոնոմբանկին ընտրել է իրեն գործընկեր, այսինքն, ԿԲ-ն իր գործունեության մի մասն իրականացնում է Հայէկոնոմբանկի միջոցով։ Այս մասին ասաց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, սակայն, որ դեռեւս բավականին ծանր է բանկի կապիտալիզացիայի վիճակը։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ շահութաբերության բարձրացմանը։ Ըստ Տ. Սարգսյանի, հայաստանյան բանկային համակարգը զարգացման նոր փուլ է մտնում եւ հաջողության կհասնեն այն բանկերը, որոնք ի վիճակի կլինեն նոր միջոցներ ներգրավել։ Կապիտալի մեծացումը բանկերի հուսալիության բարձրացման համար որոշակի պայմաններ կստեղծի։ Իսկ փոքր, բայց առողջ բանկերին, ըստ ԿԲ նախագահի, կառաջարկվի վարկային ընկերություններ ձեւավորել։ Իսկ ի՞նչ են ցույց տալիս միտումները, քանի՞ բանկ կարող է փակվել։ «Առավոտի» հարցին ի պատասխան, Տիգրան Սարգսյանն ասաց, որ մինչեւ 2005թ. հուլիսի 1-ը դեռեւս բավականին երկար ժամանակահատված կա եւ առայժմ հնարավոր չէ այդպիսի կանխատեսում անել։ Իսկ այժմ, ըստ ԿԲ նախագահի տեղեկատվության, բանկերի մերձեցման նպատակով բանակցություններ են տեղի ունենում, նոր սեփականատերեր են ներգրավվում։ Ի դեպ, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, արժեթղթերի թողարկումը առեւտրային բանկերի կապիտալի համալրման միակ ճանապարհն է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել