Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե

Հունիս 27,2001 00:00

ԲԱՐԱԿ ԵՎ ԿՈՇՏ ՁԱՅՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ «Եթե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի վերաբերյալ բարակ ձայնով կարդաս՝ այն դրական կթվա, իսկ եթե կոշտ ձայնով՝ բացասական»,- ԱԺ-ում շրջանառվող վերջին զվարճապատումը երեկ խոսափողից բարձրաձայնեց Մյասնիկ Մալխասյանը։ Արեւածաղկի սերմեր չրթելու պես դատական համակարգին վերաբերող օրինագծերն արագ-արագ քննարկելուց եւ ընդունելուց հետո երեկ պատգամավորները ծանրացան միայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի վրա։ Սա այլեւս տարօրինակ չի թվում, քանի որ չնայած բոլոր օրինագծերի առնչությամբ էլ տարակարծություններ, լրամշակմանն առաջարկներ լինում են, բայց հենց ա՛յս մեկը բարեփոխելու փորձերն են սպառնում վերածվել խորհրդարանական մեծամասնության տրոհման հերթական առիթի։ Հենց ա՛յս օրենքի ներկա տեսքով ընդունման ընդդիմախոսներին է նախագահը պիտակավորում, թե նրանք են դեմ, ովքեր գիտեն, թե խնդիրներ կունենան։ Երեկ թեեւ դեռ նոր միայն սկսվեց օրենքի քննարկումը, բայց արդեն պարզ էր, որ այդ խնդիրներ ունեցողները շատ են, ընդսմին՝ զարմանալի զուգադիպությամբ, նրանց առյուծի բաժինը պետական մարմիններում ծառայությանն առնչություններ չունեցող մարդիկ էին։ Ասենք, հայտնի չեն փաստեր, թե Մանուկ Գասպարյանի միջնորդությամբ քանիսն են տեղավորվել պետական մարմիններում, ուստի նրանց ճակատագրով մտահոգությունն է պատճառը, որ պատգամավորի ուղեղում շուրջ 30 հարց էր ծագել այս օրինագիծը կարդալուց հետո։ Ընդ որում, հարցերից մեկը խի՜ստ ուշագրավ է. եթե «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը կարեւորվում է մասնավորապես կաշառակերության դեմ պայքարի համատեքստում, ուրեմն ինչո՞ւ է այս օրենքի գործողությունը միայն 2004 թվականից տարածվելու հարկային եւ մաքսային մարմինների, ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի եւ նման այլ համակարգերում։ Դրանք Մանուկ Գասպարյանն անվանեց «ամենակաշառակեր նախարարությունները», արժանանալով Արմեն Խաչատրյանի դիտողությանը. «Մի՛ խախտեք նրանց անկաշառակերության կանխավարկածը»։ Արդարադատության փոխնախարար Արեւիկ Պետրոսյանը, որ կառավարության ներկայացուցիչն էր այս քննարկման ընթացքում, ձգտում էր փարատել պատգամավորների մտահոգությունները, թե հաշվի են առնվել օրինագծի առաջին քննարկման ընթացքում արված բոլոր դիտողությունները, վերացվել կամ վերափոխվել են այն դրույթների մեծ մասը, որոնք տարակույսների առիթ էին դարձել օրենքի սահմանադրականության վերաբերյալ։ Օրինակ՝ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին նշանակելու է ոչ թե ուղղակիորեն հանրապետության նախագահը, այլ՝ էլի նա, բայց արդեն վարչապետի ներկայացմամբ։ Իսկ այն առարկությանն ի պատասխան, թե Սահմանադրությամբ նախագահին նման խորհրդի անդամներ նշանակելու լիազորություն ընդհանրապես վերապահված չէ՝ արդարադատության փոխնախարարը շա՛տ տեղին զուգահեռ անցկացրեց, թե Սահմանադրության մեջ որեւէ նշում չկա նաեւ այն մասին, որ նախագահը նշանակում է նաեւ իր աշխատակազմի կամ, ասենք, Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին։ Պատգամավոր Մանվել Բադալյանի ճշգրիտ դիտարկումն է՝ նախագահն այսօր էլ կադրերի նշանակման գերլիազորություններ ունի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքն առանձնապես նորերը չի հավելում, իսկ ճիշտ կիրարկման պայմաններում գուցեեւ նվազեցնի առկա լիազորությունները։ Մանվել Բադալյանը եւս մի տեղին դիտարկում արեց Ստեփան Զաքարյանի հարցին ի պատասխան։ Վերջինս հետաքրքրվեց, որ եթե որեւէ կադրի հնարավոր չի լինելու տեղաշարժել առանց այս «Քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնության», ինչպե՞ս են նախարարները պատասխանատվություն կրելու իրենց կադրային քաղաքականության համար (ակնհայտորեն սա քար էր Ռոբերտ Քոչարյանի «անձնավորված պատասխանատվության» շուրջ դատողությունների ուղղությամբ)։ Իսկ պրն Բադալյանն ասաց. «Ցավոք, մեր նախարարներն էլ չեն տառապում շատ բարձր պատասխանատվությամբ»։ Ի դեպ, իր իսկ խոստովանությամբ՝ Մանվել Բադալյանը «շատ անհարմար վիճակում» էր հայտնվել, քանզի կոչված լինելով արտահայտել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը, երեկ ստիպված իր անձնական տեսակետներն էր արտահայտում։ Այդ հանձնաժողովը քվորում չի ունեցել այսպիսի առանցքային նշանակություն ունեցող օրենքի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Թերեւս միայն մամուլի էջերում եւ ռադիոլսողների առջեւ ակտիվությունն է հարգի. այս տպավորությունը եւս մեկ անգամ հաստատվեց, երբ հայտնի դարձավ, թե քանիսն են հերթագրվել այս օրենքի վերաբերյալ այսօր ելույթ ունենալու համար։ Ըստ ամենայնի, արդեն բաց դուռ են ջարդում, քանզի արտադահլիճային պայմանավորվածություններն այս անգամ հօգուտ օրենքի՝ այս տեսքով ընդունման են։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել