Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց

Հունիս 27,2001 00:00

ԿԱՊԵՐԸ ՍԵՐՏԱՆՈՒՄ ԵՆ Բայց միայն ՄԱԿ-ի «քավորությամբ» Արդեն երրորդ անգամ Հայ-իրաքյան բարեկամության պատգամավորական խմբի նախաձեռնությամբ Իրաք մեկնեց ՀՀ ԱԺ պատգամավորներից, գործարարներից եւ լրագրողներից կազմված խումբը։ Այցելությունը մարդասիրական բնույթ էր կրում. Երեւան-Բաղդադ հատուկ չվերթով շրջափակման մեջ գտնվող Իրաքի ժողովրդին դեղորայք հասցվեց։ Պատգամավորական խմբի եւ հատկապես նրա ղեկավար, ԱԺ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի նախաձեռնությունը շատ տեղին էր. ինչպես մեզ հավաստիացրին Իրաքի առողջապահության նախարարությունում եւ, ինչպես հետո նաեւ ինքներս համոզվեցինք Բաղդադի մանկական հիվանդանոցում, տեղի բուժհիմնարկներում գրեթե բացակայում է դեղորայքը։ Արյան քաղցկեղով տառապող երեխաներին, որոնք Բաղդադի հիվանդանոցներ բերվում են հիմնականում Իրաքի հարավային շրջաններից (ամերիկյան ռմբակոծություններից հետո այստեղ հիշատակ է մնացել ուրանի փոշին, որը եւ քաղցկեղի պատճառ է դարձել), ոչ մի դեղամիջոց չի տրվում, երբեմն՝ միայն ֆիզլուծույթ։ Ղ. Ուլիխանյանը հայտնեց, որ Հայաստանի «Ֆարմատեկ» դեղագործական գործարանի արտադրած ֆիզլուծույթը հնարավոր է արտահանել Իրաք։ Իսկ հայկական «Շտապօգնություն» դեղագործական ֆիրման արդեն գրանցվել է Իրաքի առողջապահության նախարարությունում եւ ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովով «անցնելուց» հետո հայկական դեղերի արտահանմանը Իրաք կխանգարի միայն ՄԱԿ-ի «Պարեն եւ դեղորայք՝ նավթի դիմաց» ծրագրի ընդհատումը։ Ծրագիրը, մեկ ամիս երկարաձգվելով՝ կավարտվի հուլիսի 3-ին, եւ պրն Ուլիխանյանը կարծում է, որ դրանից հետո պրոբլեմները կլուծվեն բանակցությունների ճանապարհով եւ այդ ծրագրի շրջանակներում էլ կսկսվեն հայ-իրաքյան ինտենսիվ հարաբերությունները։ Պրն Ուլիխանյանը տեղի առողջապահության փոխնախարարին հայտնեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ երկու իրաքցի երեխաների սրտի վիրահատությունն անվճար կազմակերպելու։ Հիշեցնենք, որ վերոնշյալ պրոբլեմները վերաբերում են Իրաքի ժողովրդի անպատրաստակամությանը՝ ընդունելու ՄԱԿ-ի նոր՝ շատ ավելի խիստ պայմաններով բանաձեւը։ Ի դեպ, տեղի առողջապահության նախարարությունում պատշաճ չհամարեցին իրենց նկատմամբ օգտագործվող «պատժամիջոցներ» արտահայտությունը. նրանք գտնում են, որ կատարել են ՄԱԿ-ի պահանջները, ճանաչել են Քուվեյթի անկախությունը եւ չեն խախտել ՄԱԿ-ի որեւէ օրենք, որի համար կարելի է իրենց պատժել։ Հուլիսի 3-ին սպասում են նաեւ Իրաք մեկնած հայ գործարարները, որոնք Բաղդադում նոր շուկաներ են փնտրում՝ իրենց արտադրանքն իրացնելու, եւ որոշները՝ նաեւ այնտեղից նավթամթերքի հումք ներմուծելու համար։ Տնտեսական համագործակցության հարցեր քննարկվեցին Իրաքի առեւտրի նախարարությունում։ Հյուրընկալները բավական ոգեւորվեցին մեր կողմի առաջարկություններով, սակայն հնարավոր ամեն մի գործարքի համար ՀՀ կառավարության, մասնավորապես Իրաքում ՀՀ դեսպանության երաշխավորագրեր եւ այլ փաստաթղթեր էին պահանջում։ Իրաքցիներին շատ հետաքրքրում են սնունդը, հանքային ջրերը, պլաստիկ շշերի արտադրությունը (խմելու համար այնտեղ օգտագործում են, ինչպես շշերի պիտակին է գրված, «անմահ Տիգրիս» գետի շշալցված բնական ջուրը)։ ՄԱԿ-ի «Պարեն՝ նավթի դիմաց» ծրագրի շրջանակներում Իրաքը ինտերնետ ցանցով տարածում է երկրի պահանջարկի մասին տեղեկություններ։ Առեւտուրը կատարում են հում նավթով՝ միջազգային գներից կիսով չափ էժան։ Շատ ավելի դժվար է համատեղ արտադրություն դնելու խնդիրը, բայց կան ազատ զոնաներ, որտեղ վերջինը եւս հնարավոր է։ Ինչպես ասաց Իրաքում ՀՀ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնակատար Յուրի Բաբախանյանը, ապագայի ծրագրեր են։ Թեեւ Իրաքը աշխարհագրական առումով մոտ է Հայաստանին, սակայն նավթի վաճառքի կասեցման պայմաններում հայ-իրաքյան կոնկրետ համաձայնագրերի մասին խոսելը պրն Բաբախանյանը շատ վաղ է համարում. «Սա միայն ապագա համագործակցության հիմքերի ձեւավորումն է»։ ՀՀ պատվիրակությանն ընդունեց նաեւ Իրաքի խորհրդարանի խոսնակը։ Խմբի հետ հատուկ չվերթով Երեւան եկավ ՀՀ-ում Իրաքի դեսպանն իր ընտանիքով. առաջիկայում այստեղ կբացվի Իրաքի դեսպանությունը։ Իրաքի եւ նրա ժողովրդի նկատմամբ ջերմ վերաբերմունքը Ղուկաս Ուլիխանյանը բացատրեց նաեւ այսպես. «Ինչ մեր մաշկի վրա զգացել ենք, նույնը կատարվում է Իրաքում»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել