Լրահոս
Օրվա լրահոսը

Որ Սփյուռքի հայերը (ոչ բոլորը, բայց՝ շատերը) հայաստանցիներին ու հայերին հիմնականում վերաբերվում են վ

Հուլիս 13,2001 00:00

Իսկ «ձեզի ո՞վ իրաւունք տուաւ» Որ Սփյուռքի հայերը (ոչ բոլորը, բայց՝ շատերը) հայաստանցիներին ու հայերին հիմնականում վերաբերվում են վատ թաքցրած քամահրանքով ու ներողամտությամբ, հասցրել էինք զգալ եւ ընդունել ի գիտություն։ Որ Հայրենիք ասվածը նրանց մի ստվար զանգվածի համար լոկ հեռավոր, մռայլ, ցուրտ, խավար, բարբարոս ու վայրի հողակտոր է, որն արժանի է միայն իր գիրկն ընդունելու «Հայրենիքում հանգչելու» «մեծահոգի» ցանկություն արտահայտածներին, լսել էինք, տեսել էինք, գիտեինք։ Ու կարծես արդեն սովորել էինք, որ Հայաստանը՝ մի մեծ գերեզման, իսկ հայաստանցիներիս՝ գերեզմանապահ տեսնողներն ընտրել են մեզ «բարեհոգաբար» ինչ-որ բան սովորեցնողի, դաս տվողի, խրատ բաժանողի դերը։ Այնքան էինք սովորել դրան, որ նրանցից ոմանք մտածեցին, թե արդեն կարող են ոչ միայն դասախոսություններ կարդալ մեր գլխին՝ «ինչպես ապրել», «ինչպես օգտվել դանակ-պատառաքաղից», «ինչպես սիրել Հայրենիքը», «ամո՛թ Հայրենիքը լքողներին» ու նմանատիպ այլ թեմաներով, այլեւ հոխորտալ, «զայրանալ ու զարմանալ»։ Երբ մաեստրո Օհան Դուրյանը (ում տաղանդին ու մեծությանը բնավ չենք կասկածում, ում արվեստով քանիցս առիթ ենք ունեցել հիանալ եւ հպարտանալ) ՀՀ իշխանություններից վիրավորված, իր կապույտ անձնագիրը «շրխկացրեց» սեղանին ու հայտարարեց, թե հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից, նրա հոգեվիճակը հասկանալով՝ ցավ ապրեցինք։ Մեր իշխանությունների անգրագետ գործելակերպի հետեւանքով (երբ չգիտես՝ ինչո՞ւ եւ ի՞նչ տրամաբանությամբ մարդուն «ցմահ» պաշտոնի են նշանակում, ապա, որոշ ժամանակ անց, նույնքան անտրամաբանական պատճառաբանություններով՝ պաշտոնանկ անում)՝ տաղանդաշատ, ամենայն մեծարանքի արժանի եւ ի վերջո՝ առաջացած տարիքի մի հայ մարդ վիրավորանքի ցավից արտասվում էր։ Սակայն որքան էլ համակրեինք ու հարգեինք սիրելի մաեստրոյին, մեր՝ հայաստանցիներիս, ազգային, ավելի ճիշտ՝ քաղաքացիական ու պետական ինքնասիրությունը ոտնահարված էր։ Մենք մեր իշխանություններից դժգոհելիս պատրաստ ենք վիճել, կռիվ տալ, դատարան դիմել, արտահերթ ընտրություններ հրահրել ու կազմակերպել, ԱԺ դարպասներ ու ԱԺ փոխնախագահի գլուխ ջարդել, բայց ոչ երբեք՝ հրաժարվել հայրենիքից։ Որովհետեւ մենք այս հողի, այս երկրի տերն ենք։ Ու նրանից հրաժարվելու շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ։ Հայրենիքից հրաժարվելու ոչ նախանձելի մենաշնորհը Սփյուռքինն է։ Նրանք այլ երկրի քաղաքացի են, Հայրենիքը նրանց համար երկրորդ, երրորդ, չորրորդ… հազարերորդ տեղում է։ Այդ իսկ պատճառով, նրանք իրավունք չունեն հոխորտալու Հայրենիքի վրա ու գրելու. «Դժբախտաբար մեր մայր հայրենիքն այժմ միջակութեան մեջ կը լողայ», «Դժբախտաբար կիմանանք, որ այսօրուան մթնոլորտը Հայաստանի լեցուն է այդ յատկանիշերով (կեղծիք, ստախօսութիւն, կաշառակերութիւն), որ կը խոչընդոտէ, կարգիլէ բարձրի, ազնիւի, անհրաժեշտի պատուաբեր յառաջընթացքը», «Դուրեանը հայ մշակոյթի գործիչներէ՞ն պիտի ստանար «նուաստացուցիչ» գնահատականը» («Ազգ» օրաթերթ, «Ձեզի ո՞վ իրաւունք տուաւ մեծութեան հետ չափուելու», 23.06. 2001թ., հեղինակ՝ Անգինէ Քեշիշեան-Մուրատեան, Լոս Անջելըս)։ Այո՛, Հայաստանում ծաղկում են կաշառակերությունն ու սուտը, բայց այդ մասին խոսելու ու դժգոհելու մենաշնորհային իրավունքը հայաստանցիներինն է, ոչ թե՝ «համայն հայությանը»։ Հայաստանի քաղաքացի եզդին, ասորին, քուրդը շատ ավելի իրավունք ունի դժգոհելու ի՛ր կառավարությունից, քան Լոս Անջելեսի, Մարսելի, Պրահայի ու Անտարկտիդայի իր տաքուկ առանձնատանը ծվարած, Հայրենիք ասվածը միայն գրքերից ու նկարներից ճանաչող «ազգությամբ հայը»։ Այդ իրավունքն ունի, բայց երբեւիցե չօգտագործեց, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն քանի տարի է՝ ողջ ընտանիքով ապրում է Հայաստանում՝ վայելելով այս երկրի ողջ պերճանքն ու թշվառությունը եւ ում համառորեն քաղաքացիություն չեն շնորհում։ Սակայն Հայրենիքից հրաժարվելու միտքը այդպես էլ նրան չի այցելել։ Ու դժվար թե այցելի։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Ամենեւին չի բացառվում, որ այս հոդվածն ընթերցողներից շատերը մեղադրեն ինձ՝ Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ սեպ խրելու, դրանով իսկ արտասահմանյան ներդրումների հնարավորությունը մինիմալիզացնելու, դրանով իսկ նախագահի՝ 40 հազար աշխատատեղի մասին խոստումների իրականացման տապալմանը մասնակցելու եւ շատ ու շատ հնարավոր ու անհնար մեղքերի մեջ։ Պետք է ընդունենք սակայն, որ Հայրենիքի համար ինչ-որ բան անողն անում է՝ անկախ Հայրենիքում տիրող մթնոլորտից եւ իրավիճակից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել