Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքն ընդդեմ բարոյականության

Հուլիս 13,2001 00:00

Օրենքն ընդդեմ բարոյականության 70-ամյա Սերյոժա Սիմոնյանը «Առավոտին» պատմեց, թե ինչպես հուլիսի 9-ին ՆԳՆ Ավանի բաժանմունքի տեսուչ Մհեր անունով երիտասարդը հարեւանների ներկայությամբ, առանց որեւէ բացատրության, բարբարոսաբար քանդել էր իր հողամասը, հողին էր հավասարեցրել վերջինիս քրտինքով ջրած-աճեցրած ամբողջ բերքը։ Երբ Ս. Սիմոնյանը փորձել է պարզել, թե իր ո՞ր մեղքի համար է դա արվել, ՆԳՆ Ավանի բաժանմունքից պատասխանել են, որ այդ հողը իրեն չի պատկանում։ Ս. Սիմոնյանի տունը մի քանի տարի առաջ գնել է Վաղինակ Թորոսյանը, որը ներկայումս Ռուսաստանի քաղաքացի է եւ բնակվում է Ռուսաստանում։ Մինչ Ռուսաստան մեկնելը՝ տանտերը Ս. Սիմոնյանին ասել է, որ նա կարող է մշակել այդ հողատարածքի մի մասը (950 քմ-ից 600-ը)։ Վերջինս այդպես էլ արել է։ Օրեր առաջ Մոսկվայից ժամանում է Անուշ Թորոսյանը՝ Վաղինակ Թորոսյանի կինը եւ, ըստ Ս. Սիմոնյանի, նա տեղամասային տեսուչ Մհերի հետ ավերում է այգին։ Պարզաբանումների համար դիմեցինք ՆԳՆ Ավանի բաժանմունք եւ զրուցեցինք տեսուչ Մհերի հետ։ Մհեր Հովհաննիսյանի բացատրությամբ, հողամասը ոչ թե ինքն է քանդել, այլ տանտերը՝ Անուշ Թորոսյանը։ Քանի որ նա բազմիցս տեղեկացրել է Ս. Սիմոնյանին, որ այլեւս չզբաղվի իր հողով։ Սակայն, երբ տանտերը տեսել է, որ իր հողամասում կրկին բերք են աճեցրել, վրդովմունքից քարուքանդ է արել այն։ Մեր այն հարցին, թե մի՞թե հնարավոր չէր բերքահավաքից հետո դիմել ծայրահեղ միջոցների, Մհեր Հովհաննիսյանն ասաց, որ դա ոչ թե իր գործն է, այլ հողի սեփականատիրոջ իրավունքը։ Իրավական առումով չգիտենք, բայց բարոյական տեսակետից դժվար է համաձայնել օրենքի պաշտպանի հետ։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ Հ. Գ. Երբ փորձում էինք կապվել Մհեր Հովհաննիսյանի հետ 63-02-02 հեռախոսահամարով, հերթապահ Հակոբյանը երեք անգամ լսափողը վերցնելուց հետո անմիջապես անջատում էր։ Միայն չորրորդ զանգից մեզ հաջողվեց Հակոբյանին ասել, որ իր հետ զրուցել փորձողը լրագրող է եւ, որ նա իրավունք չունի նման պահվածք դրսեւորել որեւէ մեկի հանդեպ։ Դրանից հետո հերթապահ Հակոբյանը սթափվեց եւ համաձայնեց մեզ լսել։ Իսկ իր արարքին տվեց զավեշտական բացատրություն. «Ես պարզապես այդ պահին այլ հեռախոսով ուրիշի հետ էի զրուցում եւ սխալմամբ լսափողը դրեցի ձեր հեռախոսի վրա»։ Ակնհայտ է, որ մի քանի րոպեում երեք անգամ նույն սխալը կրկնելը՝ հավանական չէ։ Երեւի քաղաքացիների զանգերն էլ նույն բախտին են արժանանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել