Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես

Հոկտեմբեր 24,2001 00:00

ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍ ԿՈՒՆԵՆԱՆ Մովսես Խորենացի 1, 2, 3 հասցեի բնակիչներն իրենց անելանելի վիճակը ներկայացրել են մի շարք գերատեսչությունների։ Ու քանի որ այն շարունակում է «անորոշ ու անտանելի» մնալ, այս անգամ էլ դիմեցին «Առավոտին»՝ ներկայացնելով բողոքների մի ամբողջ «հատոր»։ Նշված հասցեն իտալական «Ռենկոյի» կառուցած «գեղեցկուհու» հարեւանությամբ է։ Այդ տարածքում 3 ընտանիք է ապրում (18 հոգի)։ Այսպիսով, բնակիչները բողոքում են, որ «շենքի հիմքը քանդելու ժամանակ կարծես երկրաշարժ էր, բնակարանները ցնցվում էին։ Դրանից հետո սենյակների պատերը ճաքեցին։ Վերեւից էլ ամեն օր հող ու ամրաններ (արմատուրա) են թափվում»։ Սա Աննա Մինասյանի ներկայացրածից էր։ Լիդա Միրզոյանը, թե՝ «չեմ ասում՝ մեկուկես տարի ինչ տանջանք տարանք, ինչ աղմուկ է, ինչ քարեր են ընկնում բակ։ Մինչդեռ բակում երեխաներ կան»։ Ամալյա Ստեփանյանի ներկայացմամբ, այս հասցեի բնակիչներին ասել են, որ «մեր տների դիմաց այգի է լինելու, մինչ այդ շատ գեղեցիկ այգի էր մեր պատուհանների տակ։ Հիմա շինարարություն են անում։ Կողքից (շատ մոտ) հյուրանոցի շենքն է, մեր դիմացը փակում են, մնալու ենք փակուղու մեջ։ Ստացվում է, որ ասում են. կարող եք՝ շնչեք, չէ՝ մահացեք։ Իսկ ես թոքերի բորբոքում ունեմ, մաքուր օդ է անհրաժեշտ, բայց շնչում եմ էքսկավատորի դիզվառելիքի օդը»։ Նշենք, որ «Առավոտը» լուսանկարեց ե՛ւ խոնավացած, բորբոսնած պատերը, ե՛ւ «երկնքից թափված» շինարարական երկաթի կտորները, ե՛ւ այն շինությունը, որը սպառնում է բնակիչներին զրկել արեւի լույսից։ Շինությունն, ի դեպ, պատուհաններից ընդամենը 0,5-1 մետր հեռավորության վրա է (մի փոքր ավելի հեռավորության վրա հիմք է փորված)։ Աննա Մինասյանը պնդում է, որ ոչ ոք իրենցով չի հետաքրքրվում. «սովորաբար, ըստ օրենքի, նման դեպքերում մտնում են բակ, խոսում են բնակիչների հետ, օրենքներին են ծանոթացնում, տեղյակ են պահում, թե ինչ են մտադիր անել։ Բայց ոչ ոք չեկավ, ոչ ոք մեզնով չհետաքրքրվեց»։ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Սամվել Կոտոլիկյանն ասաց, որ բնակիչներին ամենեւին էլ «չի խոստացվել, որ իրենց տների առաջ այգի է լինելու։ Դա «Ռենկոյին» հատկացված տարածքն է», ուստի ինքն էլ որոշելու է, թե հատկապես ինչ է լինելու այդտեղ։ Ըստ պրն Կոտոլիկյանի, նշված տարածքում դեռեւս «շինարարություն նախատեսված չէ, բարեկարգման էլեմենտներ են մտցնում, ջրավազան է կառուցվում»։ Ինչ վերաբերում է երկնքից թափվող «մանանային», ապա վարչության պետն ասաց. «Ի՞նչ ասեմ, այնպես պիտի անեն, որ ոչինչ չթափվի, պետք է պահպանվեն շինարարական անվտանգության կանոնները»։ Մինչ բնակիչներն անորոշության մեջ են, պարզվում է, նրանց բնակարանների հարցը փորձ է արվում լուծել։ «Ռենկոյի» լրատվության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից խնդրի հետ կապված «Առավոտի» հարցին ի պատասխան նշեցին. «Շինարարության թույլտվություն ունենք, ամեն ինչ կատարվում է քաղաքապետի եւ Երեւանի գլխավոր ճարտարապետի հսկողությամբ (այսինքն, օրենքի սահմաններում)։ Բնակիչների խնդրին էլ ենք ծանոթ։ Ընկերությունը փորձում է բավարարել բնակիչների պահանջը եւս։ Այսինքն, այնպես լուծել խնդիրը, որ ոչ ոք դժգոհ չմնա»։ Ի լրումն սրան, Սամվել Կոտոլիկյանը նշեց, որ Մովսես Խորենացի 1, 2, 3 հասցեների բնակարաններն իրացվող տներ են. «Շուտով կավարտվեն «Ռենկոյի» հետ նշված հասցեի բնակիչներին այլ համարժեք բնակարաններով ապահովելու վերաբերյալ բանակցությունները։ «Ռենկոն» տվել է իր նախնական համաձայնությունը։ Վերջնական խոսքը պատկանում է ընկերության նախագահին, որի Հայաստան ժամանելուց 1-1,5 ամիս հետո հարցը կլուծվի»։ Ս. Կոտոլիկյանն առայժմ չկարողացավ ասել, թե առաջարկվող բնակարանները քաղաքի որ մասերում կլինեն։ Ի դեպ, բնակիչների բողոք-անհանգստությունը չէր լինի, եթե մեր պաշտոնյաները նրանց ընդունել-լսելուց զատ, նաեւ խնդրի լուծման վերաբերյալ իրենց ծրագրերը հայտնեին։ Ա. Մինասյանի, Լ. Միրզոյանի, Ա. Ստեփանյանի եւ մյուսների պնդմամբ, մինչ օրս որոշակի պատասխան չեն ստացել որեւէ պաշտոնյայից, այնինչ դիմել են անգամ ԱԳՆ (քանի որ «Ռենկոն» իտալական ընկերություն է)։ Իսկ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, այս բնակիչներին ընդունել-լսելուց հետո, վերջիններիս փոխանցմամբ ասել է. «Ներեցեք, մենք չգիտեինք, որ այդտեղ բնակիչներ կան»։ Սա ասում է մի անձնավորություն, որը պնդում է, թե «Երեւանում չկա մի թիզ տարածություն, որին ես ծանոթ չլինեմ»։ Սրան հակադարձեց պրն Սարգսյանի նախկին ուսանողուհին (նույն հասցեի բնակիչ). «Եթե մեզ նախագիծ կազմելու հանձնարարություն էին տալիս, նախ ուսումնասիրում էինք տարածքը, ուստի նա ինչպե՞ս կարող է տեսած չլինել, որ այստեղ բնակիչներ կան»։ Սրա կապակցությամբ Նարեկ Սարգսյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, իսկ պրն Կոտոլիկյանն ասաց. «Աբսուրդ բաներ են խոսում։ Շատ էլ լավ իմացել են, հենց սկզբից այդ պայմանը (բնակարաններով ապահովելու) դրված է եղել «Ռենկոյի» առջեւ»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031