Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ, ՀԻՆ ԿԱԴՐԵՐ

Փետրվար 02,2002 00:00

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ, ՀԻՆ ԿԱԴՐԵՐ Նախարարություններում ընթացող կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում իրականացվող փոփոխություններն ու կրճատումները կրթության եւ գիտության նախարարությունում ավարտվել են։ Արդյունքների մասին մեր հարցումին ի պատասխան՝ ԿԳՆ-ից տեղեկացրին, որ ընդհանուր առմամբ ԿԳՆ աշխատակիցների թիվը կրճատվել է 16-ով։ Նրանց մի մասը կենսաթոշակային տարիքի է, մի մասը հեռացել է սեփական դիմումի համաձայն, իսկ ոմանց էլ համակարգում այլ աշխատանք է առաջարկվել։ Այժմ ԿԳՆ-ի աշխատակիցների թիվը 101 է։ Չորս փոխնախարարներից մնացել են երկուսը՝ Աիդա Թոփուզյանն ու Արա Ավետիսյանը։ Կրճատվել է նաեւ վարչությունների եւ բաժինների թիվը՝ 12-ից դառնալով 9-ը։ Որոշ վարչություններ միավորվել են, ինչպես՝ միջնակարգ կրթության եւ դաստիարակության, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության, ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման եւ այլն։ Ի դեպ, վարչության պետերի պաշտոններում կադրային փոփոխություններ գրեթե չկան։ Նրանք հիմնականում նախարարությունում բավականին երկար աշխատող եւ արդեն մի քանի նախարար փոխած մարդիկ են, ինչպես Հանրակրթության վարչության պետ Նորայր Ղուկասյանը, Մասնագիտական վարչության պետ Ռուբեն Գասպարյանը, Հանրակրթության տեսչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, Ֆինանսական բաժնի պետ Վահե Թոփալյանը։ Մի մասն էլ ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանի բերած կադրերն են, ինչպես՝ Գիտության վարչության պետ Արմեն Թռչունյանը, նորաստեղծ քարտուղարության պետ Գրիշա Հովհաննիսյանը։ Մինչեւ երեկ դեռ պարզ չէր, թե ով կղեկավարի Միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչությունը։ Իրավաբանական բաժինը թերեւս միակն է, որ նոր պետ ունի՝ Սեւակ Առաքելյանը։ Այսպիսով, ԿԳ դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը իր հարազատ կուսակցությանը պաշտոններ չի բաշխել։ Կամ ՀՅԴ-ն այդ պաշտոնների վրա աչք չուներ, կամ էլ կադրերի ընտրության հարցում կարեւորվել է միայն պրոֆեսիոնալիզմը։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել