Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը»՝ նրա «Համլետի» հետ միասին, աշխարհի ամենաշատ բեմադրվող պիեսներից է: Իտալական Վերոնա քաղաքում ապրող ազնվական ընտանիքների՝ Մոնտեկյուների և Կապուլետների թշնամության և Ռոմեոյի ու Ջուլիետի սիրո մասին աշխարհի տարբեր անկյուններում ծնված մի քանի հազար բեմադրություն կա: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ջոն Բլոնդելլի (ԱՄՆ) բեմադրած «Ռոմեո և Ջուլիետը» դրանցից մեկն է: Այն արդեն իսկ ներկայացվել է Վերոնայի շեքսպիրյան փառատոնում ու ջերմ արձագանքների արժանացել:
Երևանյան հանդիսատեսի համար էլ Բլոնդելլի բեմադրությունը մի փոքր անսովոր, բայց բավականին հետաքրքիր է: Բացի ժամանակակից բեմական խաղաոճերից և անսպասելի լուծումներից, Բլոնդելլի բեմադրության մեջ Մոնտեկյուների և Կապուլետների ընտանիքները ղեկավարում են կանայք, իշխանը նույնպես կին է: Ներկայացման առիթով ավելի վաղ հրավիրված ասուլիսում բեմադրիչը հարցադրում էր արել այդ մասին՝ իսկ ինչո՞ւ կանայք չպետք է խաղան այս դերերը, ի՞նչ կլինի, եթե այդ կերպարները հանձնենք կանանց: Բեմադրության մեջ նա պահպանել է շեքսպիրյան տեքստը, սակայն դասական ստեղծագործության մատուցման ձևը ժամանակակից է: Այստեղ հանդիսատեսը դառնում է իրադարձությունների ոչ միայն պասիվ ականատեսը, այլև երբեմն մասնակիցը՝ ակամա խառնվելով դերասանների խոսակցությանը:
Կարդացեք նաև
Չնայած Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ բեմադրված այս ներկայացման բեմադրիչը ամերիկացի է, սակայն նա որոշ առումով «հայաֆիկացրել» է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը»: Օրինակ, ներկայացման ժամանակ քոչարիի ենք ականատես լինում, վանական Լավրենտիոսը երգում է Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջիների» խմբերգը, մեկ այլ դրվագում հնչում է «Սարերի հովին մեռնեմ» ժողովրդական երգը: Սրանով բեմադրիչն ուզում է ասել, որ հայտնի սիրո պատմությունը կարող էր պատահած լինել ցանկացած երկրում, և ամենուրեք էլ կարող է ընտանեկան ու հասարակական հակամարտությունը կործանել անհատական երջանկությունը, ու պայմանական Ռոմեոյի և Ջուլիետի ազատ ընտրությունը բախվել ընտանիքների ավանդույթներին ու պահանջներին:
Ներկայացումը զերծ էր դասական գործերին բնորոշ «ծանրությունից», հավանաբար հաշվի էր առնված, որ 21-րդ դարի հանդիսատեսը դժվարությամբ է ընկալում բարդ բովանդակությունը: Մյուս կողմից, որքան էլ գիտատեխնիկական առաջընթացը, արհեստական բանականությունը և ժամանակակից բարքերը ներթափանցեն մեր կյանք և փոխեն այն, միևնույն է՝ Շեքսպիրի լեզուն ու ստեղծագործությունները չեն հնանում, քանի որ նրա բարձրացրած մարդկային ու համամարդկային խնդիրները ժամանակից վեր են և շարունակում են արդիական մնալ։
Որպես հանդիսատես, անձամբ ես նախընտրում եմ դասական ստեղծագործությունների ավանդական բեմադրությունները՝ առանց ժամանակակից չափազանցված միջամտությունների: Ինձ համար կարևոր է, որ բեմադրությունը հնարավորինս հավատարիմ մնա ստեղծագործության սկզբնական ոգուն, հեղինակի մտահղացմանը, քանի որ հենց այդ հավատարմությունն է թույլ տալիս լիարժեք զգալ դասական գործի արժեքն ու առանձնահատկությունը։
Դառնալով Ջոն Բլոնդելլի բեմադրությանը՝ չմոռանանք նշել, որ բեմանկարչությունն ու բեմազգեստները Բլագոյ Միցևսկիինն են (Մակեդոնիա), կոմպոզիտորը Սայմոն Բլոնդելլն է (ԱՄՆ): Ներկայացման մեջ ներգրավված են դերասաններ Արմեն Քուշկյանը, Լուսինե Կոստանյանը, Սիրանուշ Եսայանը, Տաթևիկ Միրզոյանը, Սաթենիկ Գասպարյանը, Ջուլիա Մովսեսյանը, Ռոման Բաբայանը, Ալեքսան Թադևոսյանը, Հայկ Իսրայելյանը, Արթուր Հարությունյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

























































