Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ՝ ԳԵԼԸ

Փետրվար 09,2002 00:00

ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ՝ ԳԵԼԸ ՀՀ էներգետիկայի նախարարության վերջերս տարածած լրատվության մեջ նշվում էր, որ շուրջ 1100 աշխատակիցներ կկրճատվեն համակարգից: Նույն հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Տեսուչները կաշխատեն անմիջապես մասնաճյուղերի իրացման բաժինների հետ»։ Իսկ այսօր պատրա՞ստ են արդյոք այդ բաժինները իրականացնել լրացուցիչ ծավալի աշխատանք: Բնականաբար, աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար այդ բաժինները համալրվելու են նոր աշխատակիցներով: Ի դեպ, լուծարված «տեղամասերի» տնօրեններից մի քանիսն արդեն «Երեւանի էլցանցի» մասնաճյուղերի տեղամասերի իրացման բաժիններում աշխատելու առաջարկություն են ստացել: Իսկ ի՞նչ եղավ ՀՀ վարչապետի հայտարարած «ուտող բերաններից» ազատվելու գործընթացը: Ոչինչ։ Հայտարարությունը պարզապես ինքնանպատակ էր: Այլ կերպ չի կարելի ձեւակերպել, քանի որ այդ շահութաբեր պաշտոններում նշանակվել են մարդիկ, որոնք հովանավորվել են որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի /նախարար, ԱԺ պատգամավոր, քաղաքապետ, մարզպետ եւ այլն/ կողմից: Այս մասին ժամանակին Ազգային ժողովի պատասխանատու ամբիոնից հայտարարել է անգամ ՀՀ վարչապետը, սպառնալով բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման մասին օրենքը չընդունելու դեպքում հրապարակել այն պատգամավորների անունները, որոնք դիմել են իրեն՝ էլցանցի տեղամասերում իրենց հարազատ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու խնդրանքով: Մինչ օրս ոչ մի անուն հանրությանը ներկայացված չէ: Պատճառը, ամենայն հավանականությամբ, վերոհիշյալ օրենքի բարեհաջող ընդունման փաստն է: Այս ամենի ֆոնի վրա քիչ հավանական է թվում, որ բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի հովանավորյալ առանց աշխատանքի մնա: Իսկ ովքեր են լինելու այն 1100 հոգին, ովքեր մնալու են առանց ապրելու միջոցի: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ կրճատումները լինելու են ոչ թե «աշխատանքի կազմակերպման սկզբունքների վերանայման» արդյունք, ինչպես հայտարարել է Էներգետիկայի նախարարության լրատվական կենտրոնը, այլ պարզ ու հայավարի՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» սկզբունքով: Ինչ վերաբերում է «Երեւանում 86 տեղամաս կար՝ 500-ից ավելի աշխատակիցներով, որոնք այսօր կրճատվել են» ձեւակերպմանը, ապա այն թերեւս էներգահամակարգը լավ չպատկերացնելու հետեւանք է: Ինչպե՞ս կարելի է միանգամից 500 հոգու աշխատանքից հեռացնել /որից 90%172ը տեղամասային տեսուչներն են/, երբ նրանցից յուրաքանչյուրը սպասարկում էր միջինը 1000 բաժանորդի: Հարց է ծագում. այսօր, երբ կրճատվել են այդ հաստիքները, ո՞վ է զբաղվում էլեկտրաէներգիայի իրացմամբ /դա վարձավճարների գանձումն է/ եւ շահագործմամբ: Չէ՞ որ որեւէ վթարի դեպքում, ըստ սովորության, բաժանորդն առաջին հերթին տեղամաս է դիմելու: Կարծում եմ, ձմռան ցրտաշունչ այս օրերին, երբ երեւանաբնակներիցս շատերի ջեռուցման հիմնական միջոցը էլեկտրաէներգիան է, ցանկացած, անգամ ամենակարճ, տեւողությամբ հոսանքազրկումը, մեղմ ասած, անցանկալի է: Ինչպես պատմեց «Երեւանի էլցանցի» լուծարված տեղամասերից մեկի այժմ արդեն նախկին համարվող աշխատակիցը /համարվող, որովհետեւ պարտաճանաչորեն ներկայանում է աշխատանքի, քանի որ մասնաճյուղի խելացի տնօրենը նրանցից մի քանիսին աշխատանքից ազատված չի հայտարարել ընթացիկ ամսվա գույքագրման տվյալները հավաքելու համար/, վերջին մի քանի օրերին մասնաճյուղի տնօրենի մոտ տեղի են ունենում ժողովներ, որի ընթացքում ուսումնասիրվում են յուրաքանչյուր տեսուչի ներկայացրած տվյալները թե գանձվող վարձավճարների, թե կորուստների վերաբերյալ, որոնց հիման վրա էլ որոշվելու է տեսուչի հետագա աշխատանքային ճակատագիրը: Ներկայացված ցուցանիշների հիման վրա որոշում կայացնելը, իհարկե, ճիշտ է, սակայն, ինչպես ասաց զրուցակիցս. «ամեն բան չի, որ ցուցանիշներն են որոշում: Էլի ծանոթ172բարեկամները կմնան, իմ նմանններն էլ կհամալրեն անգործների շարքերը»: Դե ինչ, տարին նոր է սկսվել, բայց արդեն 40 հազարից հազարով պակաս աշխատատեղ մնաց: Սպասենք այլ ոլորտներում նախատեսվող կառուցվածքային բարեփոխումներին։ Քանի՞ աշխատատեղ է փակվելու վերջիններիս հետեւանքով։ Ա. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել