Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական Հայաստանի» «իրական ընդդիմությունը»

Հոկտեմբեր 28,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանում պետք է լինի «պետականամետ ընդդիմություն»։ Ընդհանուր առմամբ, իհարկե, անվիճելի միտք է, բայց այն զավեշտալի է հնչում, երբ արտահայտում է մի քաղաքական իշխանություն, որի գործունեությունը ըստ էության պայմանավորված է Ադրբեջանի պատկերացումներով։ Այդ պարագայում նախ հարկ է արձանագրել, որ իրական գետնի վրա պետականամետ իշխանություն կամ կառավարող ուժ ունենալն է Հայաստանի անհրաժեշտությունը։ Այլապես, Հայաստանի Հանրապետության կենսագործունեության ռեժիմը քայլ առ քայլ դրվում է այն շրջանակի մեջ, որ Ադրբեջանի «ճաշակով» է։

Մեծ հաշվով, դա չի էլ թաքցվում։ Ի վերջո, երբ ամեն ինչ «բացատրվում» է նրանով, թե՝ այդպես չանելու դեպքում կլինի կոնֆլիկտ, պատերազմ եւ այլն, դա անուղղակի խոստովանություն է, որ արվում է, եւ պետք է շարունակել անել այնպես, ինչպես որ հարմարավետ է գտնում Ադրբեջանը։ Մեծ հաշվով, չի ներկայացվում վարվող քաղաքականության եւ ոչ մի այլ փաստական, փաստարկային հիմնավորում։ Այդ համայնապատկերում, երբ առաջ է քաշվում «պետականամետ ընդդիմություն» ունենալու միտքը, գործնականում մնում է եզրակացնել, որ դա եւս այն շրջանակում է, որ պատրաստ է Ադրբեջանը։ Հետեւաբար, «թարգմանաբար», վարչապետ Փաշինյանի արտահայտությունը հետեւյալի մասին է թերեւս՝ պետք է ունենալ ընդդիմություն, որը հարմար կամ հաճո է Ադրբեջանին։ Հասկանալի է, որ ներկայիս վարվող քաղաքականությանը հակադրվող, այն ընդունելի չհամարող, եւ այդ անընդունելիության հարցում հարյուր հազարավոր քաղաքացիների քվեի արժանացող ընդդիմությունը չի կարող Ադրբեջանի համար լինել ընդունելի։

Այստեղ առաջանում է մյուս հարցը։ Իսկ ի՞նչ անել այն քաղաքացիների հետ, որոնք քվեարկում են այդ ընդդիմության, հենց այդ ընդդիմության օգտին։ Լավ, ենթադրենք, որ ուժային ճնշման լծակները կիրառելով հնարավոր է չեզոքացնել Ադրբեջանի համար անընդունելի ընդդիմադիր ուժերին եւ դաշտ բացել Ադրբեջանի համար ընդունելի հայաստանյան ընդդիմության համար։ Բայց չէ՞ որ մնում են այդ հարյուր հազարավոր քաղաքացիները՝ նվազագույնը կես միլիոնից ավելի մարդ, այն էլ լոկ պաշտոնական տվյալով։ Ի՞նչ անել այդ մարդկանց հետ։ Ըստ երեւույթին, Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ կհայտարարի, որ Հայաստանին պետք է «պետականամետ քաղաքացիներ» կամ «պետականամետ ընդդիմադիր ընտրազանգված»։ Մոդելը թերեւս կմշակի Հիքմեթ Հաջիեւը, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական շրջանակների հետ հանդիպումների միջոցով։ Չէ՞ որ Հաջիեւն արդեն ունի նրանց միջոցով Հայաստանի հանրությանը ուղերձներ փոխանցելու փորձ։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել