ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։
«Մեր սիրելի ընդդիմությունն ամեն ինչից խոսեց, բացի ՏԻՄ ընտրություններից, որոնք ընդամենը երկու օր առաջ են տեղի ունեցել ՀՀ-ում։ ՏԻՄ ընտրություններում, որտեղ տժվժիկ սարքած կոմբայնով պատրաստվում էին ջախջախել, ոտնատակ տալ ու իշխանության թևերը կտրել, մեկ էլ ցըմփ, մարդիկ պարտվեցին»,- իր ելույթում ասաց ՔՊ-ական Տարոն Չախոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՔՊ-ական Արփի Դովոյանը ևս անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին։
«Ես պատկերացնում եմ՝ եթե Ուժեղ Հայաստանը հաջողություն գրանցեր Ստեփանավանում, ապա սայլուտը համ ներսից էին խփելու, համ դրսից էին խփելու։ Նարեկ Կարապետյանը մի երկու օր վիդեոներ էր հրապարակելու Ֆեյսբուքում՝ խոհարարի գլխարկով, մի հատ մեծ դանակ ձեռքը, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրում։ Ժողովուրդ ջան, այդ ինչո՞ւ չեք խոսում, բան է պատահե՞լ»,- նշեց Դովոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանն ասաց, որ այս ՏԻՄ ընտրություններն ավելի շատ հարցեր առաջադրեցին ժողովրդավարության, քաղաքական մրցակցության և ընտրական գործընթացների վերաբերյալ։ «Մենք ամիսներ շարունակ բարձրաձայնել ենք, որ համայնքներում ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերի ու թեկնածուների նկատմամբ աննախադեպ ճնշումներ են տեղի ունենում։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին դիմել անձամբ իրեն»,- նշեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն իր ելույթում նշեց․
«ՔՊ-ական պատգամավորներ, ձեր գործընկերը Ստեփանավանի հասարակության համար չարիք է։ Ձեր թևերը Ստեփանավան համայնքում կտրվել են ձեր գործընկերոջ ոչ ճիշտ, կեղտոտ բառամթերքի, կեղտոտ գործելաոճի ու վարած քաղաքականության արդյունքում։ Դուք իմացեք, որ տիկին Դովոյանը վարել է ոչ ճիշտ քարոզարշավ, և դրա արդյունքում ՔՊ-ի թևերը Ստեփանավանում կտրվել են, որ հաղթող լինեիք, կհաղթեիք»։ Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Ստեփանավանում ազատ ու արդար քարոզարշավ է իրականացրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրանիկ Գևորգյանի ելույթը վրդովմունք առաջացրեց ՔՊ-ական պատգամավորների մոտ։ Տեղի ունեցավ վիճաբանություն։
«Պարոն Գևորգյան, մի հատ լռեք, զբաղեցրեք ձեր տեղը։ Պարոն Գևորգյան, պետք չէ գոռալ, առավել ևս՝ կնոջ վրա։ Սրանից հետո ձեզ թույլ չտաք ՔՊ անդամի, առավել ևս՝ կնոջ վրա գոռալ։ Զբաղեցրեք ձեր տեղը, իյա»,- ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ասաց․ «Այստեղ եկաք ջղային-ջղային ասացիք՝ ստեփանավանցին իր գնահատականը կտա, տվել է։ Ձեզնից անգամներով շատ ձայն ենք ստացել, դուք պարտվել եք Ստեփանավանում, ինչի՞ մասին է խոսքը։ Ընտրություններն անցել են մաքուր, թափանցիկ, մի քանի տեղ խախտումներ են եղել՝ ձեր կողմից»։ Նա ընդդիմությանը կոչ արեց ակտիվ մասնակցել ՏԻՄ ընտրություններին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































