«Այս փաթեթի չհիմնավորված շտապողականության մասին է խոսում այն հանգամանքը, որ ռեսուրսների և միջոցների անբավարարության պատճառով որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու 2028 թվականին։ Եթե այդքան ծանր է իրավիճակը, ինչո՞ւ եք բերել նախագիծ, որի կարևոր դրույթները պետք է ուժի մեջ մտնեն 2028-ին»,- ԱԺ նստաշրջանում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ այս նախագծերի փաթեթի մշակումը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությունն է։
«Վերջին շրջանում ընտանեկան բռնություն երևույթի շուրջ այնպիսի իրարանցում է ստեղծվել և այնպիսի թվեր են հնչեցվում, որ կարելի է մտածել, թե այն երկրի թիվ մեկ անհաղթահարելի խնդիրն է։ Մինչդեռ ԱՀԿ և ՄԱԿ-ի՝ 2023 թվականի ուսումնասիրության՝ 15–49 տարեկան կանանց շրջանում ֆիզիկական կամ սեռական բռնության տարածվածության Հայաստանի ցուցիչն աշխարհում 8.7% է, այսինքն՝ այն գրեթե 8-3 անգամ ցածր է եվրոպական երկրներից»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում չկա բացառապես ընտանեկան բռնությանը նվիրված առանձին ռազմավարություն, իսկ 2026–ին ուժի մեջ մտած ռեաբիլիտացիոն ծրագրի արդյունավետության գնահատման վերլուծություն չի կատարվել։
Կարդացեք նաև
2017 թվականին ընդունված «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերնագիրը և, առհասարակ, հանցագործությունների դեմ պայքարի փիլիսոփայությունը, նախևառաջ, ենթադրում են դրանց կանխարգելում։ Սակայն 8 նախագիծ ներառող փաթեթն ավելի շուտ պատժողական քաղաքականության ոլորտից է, քան կանխարգելման։
«Հանրային համատարած բռնության մթնոլորտում մոլորություն է համոզումը, թե առանձին վերցրած որևէ ոլորտում սանկցիաների խստացումը խնդրի լուծման երաշխիք է։ Մենք չենք վիճարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը, սակայն որդեգրված օրենսդրական լուծումները չեն կարող բավարար արդյունավետություն ապահովել։ Ինչո՞ւ․ Քրեական օրենսգրքում, ընտանեկան և կենցաղային բռնությունը որպես առանձին հանցակազմ նախատեսելու և 19 հանցակազմերով հինգ նոր գլուխ ստեղծելու արդյունքում բառացիորեն պատճենվել են մի շարք հոդվածներ և խստացվել է որոշների պատժաչափը՝ այդպիսով խախտելով օրենսգրքի կառուցվածքային և համակարգային ամբողջականությունն ու տրամաբանությունը։ Փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորված չէ նաև գործող քրեաիրավական կարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի համեմատական վերլուծությամբ։ Մտահոգիչ է և չհիմնավորված ընտանեկան և կենցաղային բռնության ծանր կամ առանձնապես ծանր հանցակազմերով գործուն զղջալու ինստիտուտի բացառումը, որով վերջինս հավասարեցվում է պատերազմական հանցագործություններին, դիվերսիային և այն հանցակազմերին, երբ պատիժը ցմահ ազատազրկումն է։
Արդյունքում՝ առաջանում են անհամաչափ պատասխանատվության և տարբեր հանցակազմերի միջև անհիմն տարբերակման խնդիրներ, երբ անձին սպանելու պարագայում մի դեպքում կարելի է կիրառել գործուն զղջում, իսկ ընտանիքի անդամի առևանգման դեպքում՝ ոչ»,- ասաց Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքն առաջարկում է փաթեթը ենթարկել հիմնարար լրամշակման, ներառել մասնագիտական առավել լայն շրջանակների, հստակեցնել նոր հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները, բացառել անհարկի կրկնությունները, հիմնավորել պատժաչափերի համաչափությունը՝ ելնելով հասանելի վիճակագրական տվյալներից, սահմանել նոր կարգավորումների արդյունավետության հետագա գնահատման չափանիշներ»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































