Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սահմանադրական տեղապտույտ»

Մարտ 01,2002 00:00

«Սահմանադրական տեղապտույտ» Ըստ Հրանտ Խաչատրյանի, այդ վիճակում է սահմանադրական գործընթացը Այն քաղաքական ուժերը եւ գործիչները, որոնք 1995-ին խորհրդարանական կառավարման կողմնակից էին, իսկ այժմ պաշտպանում են նախագահական Սահմանադրությունը՝ իրենց դիրքորոշման փոփոխությունը նաեւ այսպես են պատճառաբանում, թե արդեն 7 տարի է՝ երկրի զարգացումն ընթացել է մի ուղղությամբ, եւ ցանկալի չեն կտրուկ, արմատական փոփոխությունները։ Այս առնչությամբ Շավարշ Քոչարյանն ասաց. «Եթե անցած 7 տարում երկիրն արձանագրած լիներ լուրջ հաջողություններ՝ ես իրենց հետ լիովին կհամաձայնեի։ Մե՜ծ հաջողություններով գնում ենք առաջ, տնտեսական իրական աճ ունենք, երկիրը գնալով իր տեղն է նվաճում համաշխարհային կառույցներում… այս դեպքում էլ կասեք՝ բայց ինչո՞ւ փոխել։ Սակայն ճիշտ հակառակ պատկերն է, եւ այս 7 տարին հենց ապացուցել է, թե ինչքան է արատավոր Հայաստանի համար նմանատիպ համակարգը, որն, ըստ էության, բերում է ավտորիտարիզմի, անձնիշխանության։ Պետք չէ շատ հեռուն գնալ՝ վերջիվերջո դիտարկենք դատավարությունները, թե ինչով ավարտվեց «Առագաստ» սրճարանում սպանության քննությունը։ Սա միարժեք ցույց է տալիս, թե ինչ վիճակում են մեր ամբողջ դատական համակարգը, քննչական մարմինները, դատախազությունը։ Այնպես որ, այսօր խոսելը, թե այս 7-8 տարիներն արդարացրել են, որ մենք պահպանենք Հայաստանում այս համակարգը… իմ գնահատականով ճիշտ հակառակն է»։ Ի դեպ, խորհրդարանական մեծամասնության ղեկավարը ԱԺ նիստում հայտարարել էր, թե 6-յակը ձգձգում է Սահմանադրության քննարկումը, որպեսզի երկու շաբաթից այն ցուցքի վերածի՝ փահլեւան բերեն եւ այլն։ Մեկ շաբաթն արդեն անցել է, բայց դեռեւս չի երեւում, թե 6-յակը փահլեւաններ բերելու մտադրություն ունի։ «Մենք մեկ մտադրություն ունենք, որ ինչքան հնարավոր է՝ հրապարակային քննարկում ստանա այս նախագիծը,- ասաց պրն Քոչարյանը։- Ի դեպ, արդեն մի շաբաթն անցել է, ինչ նամակով դիմել ենք պետբյուջեից ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիի» թերթերին եւ նշել, որ հաշվի առնելով գործող Սահմանադրության 111 հոդվածը, ըստ որի Սահմանադրության փոփոխումը կամ նոր Սահմանադրությունն ընդունում է ժողովուրդը՝ հրապարակայնություն ապահովելու համար, որ ժողովուրդը ծանոթանա, առաջարկություններ ներկայացնի, խնդրում ենք տպագրել մեր նախագիծը։ «ՌԱ»-ի խմբագիրն, ըստ էության, հրաժարվել է տպագրել, իսկ «ՀՀ»-ի խմբագիրն անգամ խուսափում է ինձ հետ խոսել, եւ առայսօր որեւէ արձագանք չկա։ Համենայնդեպս, նախագահի նախագիծը եւ դրա, ես կասեի՝ անգրագետ հիմնավորումը «ՀՀ»-ն տպագրել է»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Երեկ տեղի ունեցավ Սահմանադրական հանձնաժողովի նիստ, որի օրակարգի 3-րդ հարցը, Շավարշ Քոչարյանի առաջարկությամբ, հետեւյալն էր՝ ԱԺ այս հանձնաժողովը որոշի դիմել պետբյուջեից ֆինանսավորվող թերթերին, խնդրելով, որ հրապարակվի նաեւ խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագիծը։ Սակայն այս հարցի մասին, ի վերջո, մոռացան, քանի որ շուրջ 5 ժամ տեւող քննարկումների առյուծի բաժինը նվիրվեց այն հատուկ կարգի քննարկմանը, որով առաջիկա եռօրյայից կներկայացվեն Սահմանադրության նախագծերը։ Սպասելի էր, որ քվեարկությամբ պիտի ընդունվեր Տիգրան Թորոսյանի առաջարկած նախագիծը, ըստ որի՝ քննարկումների համար սովորականից ավելի երկար զեկուցումներ եւ ելույթներ պիտի հնչեն, եւ այդ ամենը պիտի ցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ։ Իսկ 6-յակի առաջարկած նախագիծը, բնականաբար, մերժվեց։ Ինչն, իհարկե, չի նշանակում, թե նրանք զրկվում են այդ հատուկ կարգը նորից ԱԺ նիստում պնդելու հնարավորությունից։ Եվ ամեն ինչ կկրկնվի նորից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել