Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցս հայրենիքիս անկյունն է

Մարտ 02,2002 00:00

Դպրոցս հայրենիքիս անկյունն է Երեւանի Լիսիցյանի անվան թիվ 34 դպրոցը տարիներ առաջ քաղաքի ամենահայտնի դպրոցներից մեկն է եղել։ Ժամանակին այս դպրոցը երկհերթ է եղել եւ կրթել է 1700-2000 աշակերտի։ Սակայն անցյալ տարի աշակերտների թիվը հասել է 170-ի։ Դպրոցական միահամուռ ընտանիք հիշեցնող կոլեկտիվն առանց հուսալքվելու շարունակել է աշխատել եւ պայքարել։ Այս դպրոցում ամեն տարվա ապրիլի 1-ից սկսած անցկացվում են եռամսյա նախադպրոցական, անվճար դասընթացներ, որոնք օգնում են երեխաներին ավելի շուտ հարմարվել դպրոցական եռուզեռին։ Այս տարվա նախադպրոցական խմբի աշակերտների 80%-ը հաճախել է հենց այդ նույն դպրոցը եւ դրա հաշվին էլ այս տարի դպրոցն ունեցել է երկու առաջին դասարան, եւ դպրոցականների թիվը հասել է 233-ի։ Ինչպես հայտնեցին դպրոցի ծնողները, այս ուսումնական տարվա հոկտեմբերին Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցի մի ամբողջ 3-րդ դասարան՝ ուսուցչուհու հետ տարաձայնություններ ունենալով դպրոցի տնօրեն տիկին Առաքելյանի հետ, տեղափոխվել են Լիսիցյանի դպրոց եւ այժմ շատ գոհ են։ Լիսիցյանի դպրոցը սկզբում եղել է ռուսական, սակայն այժմ հայկական է դարձել՝ պահպանելով իր հին ավանդույթները։ Այս դպրոցում ռուսերեն եւ անգլերեն լեզուները դասավանդվում են առաջին դասարանից սկսած եւ նույնիսկ փորձեր են արվել որոշ առարկաներ ուսուցանել ռուսերենով։ Վերջերս որոշ միջազգային կազմակերպություններ («ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID), «Կաթոլիկ օգնության ծառայության հայաստանյան գրասենյակ» (CRS), «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպություն), տեսնելով դպրոցի վատթար վիճակը՝ փորձել են օգնել։ Այժմ դպրոցում ամեն օր առաջինից տասներորդ դասարանի բոլոր աշակերտները կարող են անվճար ճաշել։ Երեխաների համար կառուցվում է նոր ճաշարան։ Այս բոլոր գործերում օգնում են նաեւ հոգատար ծնողները, որոնք խորին շնորհակալությունն էին հայտնում իրենց երեխաներին սատար կանգնող կազմակերպություններին։ Նշենք, որ դպրոցի մի մասը հատկացված է Հայաստանի թիվ 4 պետական վարժարանին, իսկ շենքի ամբողջ առաջին հարկը, գլխավոր մուտքի հետ միասին, ինչպես ասաց դպրոցի տնօրեն Լաուրա Սահակյանը, առանց իրենց զգուշացնելու տրվել է Ֆրանսիական դեսպանատանը, որտեղ կար ու ձեւի եւ վարսավիրության դասընթացներ են կազմակերպվում։ Ի դեպ, այժմ դպրոցի մուտքը փոքր խցի նման մի սենյակ է հանդիսանում։ Մարտի 1-ին դպրոցականները «Հայաստանն իմ տունն է» խորագրով միջոցառում էին կազմակերպել եւ հրավիրել դպրոցի հիմնադիր վետերաններին։ Դպրոցի նախկին տնօրեն Մակիչ Դալլաքյանը նշեց, որ վերջին տարիներին նա մեծ սիրով, կարոտով եւ ուրախությամբ է այցելել դպրոց, սակայն ամեն անգամ լացով ու տխրությամբ է հեռացել։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել