Այսօր մի շարք համայնքներում անցկացվող Տեղական տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից դիտարկված 380 տեղամասերից 6-ում արձանագրվել է բաց քվեարկության դեպք։
«Քարոզչություն է նկատվել ՔՊ-ի օգտին՝ 35/14 տեղամասում»,- ասաց դաշինքի համակարգող Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ի օգտին քարոզչությունն իրականացրել է ՔՊ-ի վստահված անձը, որը գովազդային պաստառով մեքենայով շրջել է տեղամասի շուրջը։
Սաքունցի խոսքով՝ մի շարք տեղամասերում արձանագրվել են նաև վստահված անձանց կողմից ընտրողների ուղղորդման դեպքեր։ Մասնավորապես, ՔՊ-ի ներկայացուցիչները հորդորել են ընտրել իրենց կուսակցության օգտին։
Կարդացեք նաև
«Օրինակ՝ հանձնաժողովի անդամը ուղղորդել է քվեարկել ՔՊ-ի օգտին՝ ասելով. «Քվեարկում ես ՔՊ-ի օգտին, մնացածը դնում մի կողմ»,- նշեց Սաքունցը։
Նրա փոխանցմամբ՝ 26/07 տեղամասում ՔՊ-ի լիազորված անձը գրանցամատյանում գրանցվել է վստահված անձանց համար նախատեսված բաժնում և վստահված անձի հետ միասին ներկա եղել ընտրատեղամասում։
Իսկ 38/08 տեղամասում, ըստ Սաքունցի, ՔՊ-ի վստահված անձը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքներին՝ ուղղորդումներ և հուշումներ անելով, ինչպես նաև սպառնալով հանձնաժողովի անդամներին։
«Ընտրություններից հետո կյանք կա, աչքիցս ընկել ես»,- այս և նմանատիպ արտահայտություններ է արել ՔՊ վստահված անձը՝ ըստ Սաքունցի։ Նա հավելեց, որ այդ անձը սպառնացել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձին։
Սաքունցը հայտնեց նաև, որ նկատել են դեպքեր, երբ պարեկային ծառայողներն իրենց ծառայողական մեքենաներով ընտրողներ են տեղափոխել տեղամասեր։
«Արդյո՞ք նման դեպքերում չի կարող դիտարկվել վարչական ռեսուրսի օգտագործումը, երբ ծառայողական մեքենայով ընտրողներ ես բերում։ Պետք է հետազոտվի, ծառայողական քննություն իրականացվի։ Մենք ունենք այդ պարեկային մեքենայի պետհամարանիշը, և այդ հարցը կբարձրացնենք։ Ամեն դեպքում, սա այն դեպքը չէ, երբ քաղաքացուն պետք է ուղեկցել տուն․ սա ընտրական գործընթաց է»,- ասաց Սաքունցը։
Հիշեցնենք, որ, ըստ Արթուր Սաքունցի, ժամը 13։30-ի դրությամբ դիտորդական առաքելությունն իրականացվում էր 200 շրջիկ դիտորդների և 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































