Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹԵՄԱ

Մարտ 15,2002 00:00

ԾԵԾԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԹԵՄԱ Ծեծել են, ծեծում են ու կծեծե՞ն «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկ դիտեց ՀԺԿ Լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանի նկարահանած ժապավենից մի հատված, որում խորհրդարանի նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը պատմում է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից անմիջապես հետո իր տեսածն ու լսածը։ Բուժքույրը «27»-ից շատ կարճ ժամանակ անց անսպասելի մեկնել է ԱՄՆ՝ մշտական բնակության։ Ընդհանրապես բուժքրոջ եւ բժշկուհու անակնկալ մեկնումին հանձնաժողովի անդամները մի քանի անգամ անդրադարձել են Խորեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Բուժքրոջ պատմածից կարեւոր է հետեւյալ մանրամասնը։ Վիրավոր պատգամավորներին ջուր հասցնելու համար բուժքույրը ստիպված է եղել խնդրել ոճրագործներից նրան, ով երկար անձրեւանոցով էր եւ բեղերով, որպեսզի թույլ տա անցնել կողքի հանգստյան սենյակ։ Երկրորդ անգամ կողքի սենյակ անցնելիս, բուժքույրը հանգստյան սենյակի կողքի աստիճանների կողմից լսել է, որ «ավտոմատի էն փամփուշտների տեղերը չխկչխկացնում են, հանում են, դնում են, «զարիժատ» են անում ավտոմատները։ Մի տեսակ վախեցա։ Մեկ էլ այնտեղից գոռացին՝ «ո՞վ ա, ո՞վ ա»։ Էդ տղան ասաց՝ մենք ենք, ու էդ պահին չխկչխկոցները կտրվեցին»։ Հանձնաժողովի անդամներն այս փաստին տարբեր մեկնաբանություններ տվեցին։ Մեծ մասը խիստ կարեւոր համարեց, իսկ Ֆիլարետ Բերիկյանն, օրինակ, փորձեց ծաղրել՝ էդ էր, հա՞… Ընդհանրապես, թեպետ պրն Բերիկյանը հանձնաժողովի ակտիվ անդամն է, բայց հանրապետական դառնալուց հետո, փաստորեն, անօրինական է զբաղեցնում հանձնաժողովի անդամի տեղը։ Եթե նույնիսկ ՀՀԿ-ն ասի, որ Սուքիաս Ավետիսյանին հետ է կանչում եւ թողնում է Բերիկյանին, ապա չի կարող այդ քայլին գնալ, որովհետեւ Բերիկյանը «Միասնություն» խմբակցության անդամ չէ։ Մնում է, որ ԱԺՄ-ն որոշի պահել Բերիկյանին որպես Ֆիլարետ։ Սակայն, քանի դեռ հանձնաժողովի անդամ է, Ֆ. Բերիկյանը շարունակում է խոսել։ Նա արդարացիորեն նկատեց, որ չի կարելի «27»-ի հանձնաժողովի աշխատանքները քաղաքականացնել, եւ հանձնաժողովը պետք է զերծ պահել քաղաքական շահարկումներից։ Ստեփան Զաքարյանը հայտնեց, որ հանձնաժողովը ստեղծվել է կասկածները ցրելու համար, եւ լավ կլիներ, որպեսզի իշխանությունները նույնանման մոտեցում ցուցաբերեին, աջակցեին հանձնաժողովին, սակայն նրանք հակառակն են անում, եւ շատ փաստաթղթեր, որոնք հարկավոր են լինում հանձնաժողովին, մերժում են տրամադրել. «Այն պատճառաբանությունները, որ Նաիրի Հունանյանը չի կարող տեղափոխվել ԱԱ մեկուսարանից, ծիծաղելի է։ Այդ ամբողջ մեղքն ընկնում է իշխանության վրա։ Որ տարրական փաստաթղթերը մեզ չէր ներկայացնում»։ Գագիկ Կոստանդյանը տեղից նկատեց, որ ներկայացրածների «տակից էլ հարյուր կեղտ է դուրս գալիս»։ Ստեփան Զաքարյանի մտահոգությունն այն է, որ արվածից ավելի արդյունքների հանձնաժողովը չի կարող հասնել, «որովհետեւ փաստերը, որ կներկայացնենք, ո՞վ է քննելու. նույն մարդիկ, ովքեր կատարել են քննությունը»։ Ֆիլարետ Բերիկյանը շարունակ պնդում էր, որ հանձնաժողովը գոնե պետք է ձգտի նրան, որ համակարգից բռնությունները վերանան. «Եթե մենք հանձնաժողովը ստեղծել ենք եւ այդ հարցերը քննարկում ենք, ապա, անկախ նրանից, որ ծեծել են իրոք, եւ այդ ծեծը շարունակվում է, դուք էլ եք պնդում, ես էլ եմ համոզված, եւ մենք ԱԺ-ի հանձնաժողովն ենք եւ հասարակական կարծիք ենք ստեղծելու այդ ծեծի նկատմամբ, անհանդուրժողության մթնոլորտ։ Այն մարդկանց անուններն էլ կտանք, ում մասին ասվում է, որ դա արել են»։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանն ասաց, որ «27»-ը իր ցավն է եւ մեր բոլորի ցավն է, եւ լավ կլինի, որ հանձնաժողովի բոլոր անդամները բարեխիղճ մասնակցեն։ Ի դեպ, հանձնաժողովի երեկվա նիստից բացակայում էին Հակոբ Հակոբյանը (Էջմիածին), որը, ըստ որոշ լուրերի, ասել է, թե այլեւս չի մասնակցելու, Նապոլեոն Ազիզյանը, Սուքիաս Ավետիսյանը, Կիմ Բալայանը։ Փորձագետ Հովիկ Դարբինյանը հանձնաժողովի անդամների մեկուսարաններ կատարած այցերի եւ հանձնաժողովի ստացած նամակների հիման վրա հայտնաբերած ծեծի դեպքերի մասին առանձին կարծիք ուներ։ Ըստ փորձագետի՝ մեկը կարող է ասել, որ կալանվածին ծեծել են, մյուսը՝ կհերքի. «Եթե եղել էլ է, ապա ականատեսների ներկայությամբ չի եղել»։ Գագիկ Կոստանդյանին սա ափերից հանեց. «Բայց համենայնդեպս չմոռանաս, որ էս հանձնաժողովն արեց ամեն ինչ, որ երկու փաստով գործ հարուցվի, մնացածով էլ պիտի հարուցվի»։ Հանձնաժողովի երեկվա նիստը մի փոքր լարված էր, եւ «27»-ի գործով անցնողների ծեծված լինել-չլինելու հարցերը քննարկողները բարեհաջող խուսափեցին մեկմեկու ծեծելուց։ Ընդհանրապես, հանձնաժողովի որոշ անդամների պահվածքը ավելորդ անգամ հաստատում է հանձնաժողովի ձեւավորման օրերին մեր արտահայտած կասկածները, թե որոշ քաղաքական ուժեր միտումնավոր են առաջարկել այս կամ այն անդամի թեկնածությունը։ Հանձնաժողովականներից մի քանիսը ակնհայտորեն իրենց կամ իրենց հետեւում կանգնած քաղաքական ուժի շահն են հետապնդում։ Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել