Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԲՈԼՈՐԻՑ

Մարտ 15,2002 00:00

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԲՈԼՈՐԻՑ «Ասպարեզ» լրագրողական ակումբը Գյումրիում ուսումնասիրություններ է անցկացրել՝ փորձելով հետազոտել հանրության վերաբերմունքը մի շարք ոլորտների նկատմամբ։ Այս ծրագիրն իրականացվում է «Եվրասիա» հիմնադրամի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով։ Ըստ անցած տարեվերջին հրապարակված հարցումների, գյումրեցիների 6,8%-ի ամենահավանած հեռուստահաղորդումը, որ հաճախակի դիտում են… ԱԺ նիստերն են։ Սակայն նրանց մեծ մասը անբավարար է գնահատել ԱԺ աշխատանքը եւ այն բնորոշել հետեւյալ արտահայտություններով՝ «թյուրիմացություն», «ջուր են ծեծում», «ազգի դժբախտություն», «խեղկատակություն», «մկների ժողով», «քաոս», «շիլաշփոթ», «օճառի փրփուր», «պարապ գործերի մինիստրություն» եւ, որ ամենասարսափելին է՝ «քաշքշուկ»։ Ի դեպ, այս բնորոշումներից յուրաքանչյուրն ընտրել է հարցվածների 0,5%-ը։ Այն հարցին, թե ի՞նչն է հաջողվում ԱԺ աշխատանքում, տրվել են հետեւյալ պատասխանները. «Կռիվները, վեճերը» (7%), «շատ խոսելը, ջուր ծեծելը» (6%), «քնելը» (6%), «անձնական հարցեր լուծելը» (5,5%), «բամբասանքը» (3%), «խաբեբայությունը» (2,5%), «ուրիշի փոխարեն քվեարկելը» (1,5%), «խոսափողին մոտենալը» (1%), «մեկը մյուսի վրա ատրճանակ քաշելը» (0,5%) եւ, որ ամենահետաքրքիրն է՝ «րոպեավճարն արգելելու ճիգերը» (0,5%)։ Չկարծեք, թե այսպես բացասաբար գյումրեցիները վերաբերվում են միայն ԱԺ-ին։ Ասենք, «ո՞վ է ՀՀ վարչապետը» հարցին պատասխանելիս՝ միայն 70,5%-ն է հիշատակել Անդրանիկ Մարգարյանին։ 2,5%-ի կարծիքով այդ պաշտոնը զբաղեցնում է Անդրանիկ Մանուկյանը։ Ոմանք համոզված են, որ Հայաստանի վարչապետը դեռեւս Արմեն Դարբինյանն է կամ Արամ Սարգսյանը։ Իսկ հարցվածներից մեկն ի պատասխան «Ո՞վ է ՀՀ վարչապետը» հարցի՝ ասել է. «Անո՛ւնը լսել չեմ ուզում»։ Վարչապետին չեն հիշում կամ չեն ուզում հիշել հարցվածների 17,5%-ը։ Անդրանիկ Մարգարյանի համար ուղղակի անձնական վիրավորանքներ պարունակող պատասխանները «Ասպարեզ» հանդեսից չենք արտատպում։ Եվ վերջապես՝ կարծիքներ Ռոբերտ Քոչարյանի մասին։ Գյումրեցիների 24%-ն ի պատասխան այն հարցին, թե «Նախագահի ո՞ր աշխատանքներից եք գոհ», պատասխանել է «ոչ մեկից» (0,5%-ի պատասխանն է՝ «առոք-փառոք ման գալուց»)։ Իսկ 16,5%-ը «Նախագահի ո՞ր աշխատանքներից եք դժգոհ» հարցին պատասխանել է. «Բոլորից»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031