Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՌԱՄՅԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆ

Մարտ 15,2002 00:00

ՔԱՌԱՄՅԱ ԱՄԼՈՒԹՅՈՒՆ Կամ Հայաստանի պետականության քայքայումը Այս եւ այլ պայմաններ հաշվի առնելով՝ ՀՀՇ-ի իշխանությունը միջազգային տվյալ իրադրության մեջ սերտացրեց Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, այսինքն, ընկալեց շահերի համընկնման պահը, հավասարակշռությունը պահպանելու առկա ձգտումը եւ դա ծառայեցրեց մեր երկրի շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակին: Իսկ ահա 1998թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի ղեկավարներն ամբողջապես փարվեցին ավանդական կողմնորոշումային քաղաքականությանը: Նույնիսկ մրցակցության մեջ էին մտել, թե ովքեր են Ռուսաստանի «իսկական» բարեկամները: Այս մրցակցության մեջ Քոչարյանն ակնհայտորեն տանուլ էր տալիս եւ, քանի դեռ Ն.Հունանյանի աջակցությունը չէր ստացել, ձգտում էր իրեն ներկայացնել «արեւմտամետ», արտաքին քաղաքականությունն էլ՝ կոմպլեմենտար: Ռուսները ցույց էին տալիս, թե նյարդայնանում են՝ իբր լավ չեն պատկերացնում, թե Հայաստանում իրականում ինչ է կատարվում: Բացի նրանից, որ Քոչարյանն իր «արեւմտամետության» մեջ անկեղծ չէր, որ դարավոր ճահիճը նրա համար հարազատ միջավայր էր, նա, եթե ուզենար էլ, չէր կարողանա դառնալ «արեւմտամետ», քանի որ նրա շրջապատը, նրան աջակցող բոլոր քաղաքական ուժերը ռուսամետ էին: Եվ հանուն իշխանության պայքարի հանգուցալուծումը, որ կատարվեց 99-ի հոկտեմբերի 27-ին, եկավ վերջ դնելու այն ողորմելի մրցակցությանը, թե ով ավելի լավ կպառկեցնի Հայաստանը Ռուսաստանի ոտքերի տակ: Բայց այդ լուռ մրցակցության ընթացքում եւ դրանից հետո, երբ դեռ Քոչարյանը իրեն «դիտորդ» էր համարում, կատարվում էին գործեր, որոնք «արեւմտամետը» թույլ չէր տա, իսկ իր երկրի շահերի իսկական ջատագովը ուղղակի մերժելով կմերժեր: Հենց այդ գործերն էլ հուշում էին, որ Քոչարյանի «արեւմտամետությունը» քամի է, որը կարող է փոթորկի վերածվել, ընդհուպ քաղաքացիական պատերազմի, եթե չգործեր պահեստային փորձված տարբերակը: Քոչարյանին ամեն գնով պետք էր լիարժեք իշխանություն ստանալ: Հենց այս պատճառով էլ նա 1998 թվից իրականացնում էր այնպիսի քայլեր, որոնք, անկախ ռուսական հայտնի կասկածամտության, տարակույս չէին թողի, որ գործնականում նա քարթու ռուսամետ է: Այդ քայլերն էին. 1. Հայաստանի անժամկետ կցումը Ռուսաստանի շահերի պաշտպանության համար ստեղծված ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրին: 2. Հայաստանի տարածքում ռուսական զորքերի համար աննախադեպ արտոնությունների տրամադրումը՝ ռուսական ռազմակայանների ներկայության ժամկետային սահմանափակման վերացումը (ի դեպ, նույնիսկ Բելառուսը 25 տարով է նույնաբնույթ պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ), հողատարածքների եւ կառույցների հանձնումը անժամկետ օգտագործման, պահպանության ծախսերի 57 տոկոսի ստանձնումը, տեղաշարժման եւ կարգավիճակային այլ դյուրությունների ընձեռումը: 3. Այլընտրանքային հնարավորություն չստեղծելը, որով ավելի խորացվեց Ռուսաստանի մենաշնորհը էներգակիրների մատակարաման ասպարեզում: 4. Ռուսական կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների աննախադեպ աճի հովանավորումը, որը ներկայումս կազմում է համատեղ ձեռնարկությունների ընդհանուր թվի մեկ քառորդը: 5. Ռուսաց լեզվի դերի ընդլայնումը՝ կրթական համակարգում անշեղորեն մեծանում է ռուսերենի ուսուցմամբ դասարանների թիվը, մամուլը ողողվում է ռուսերեն հաղորդումներով, գովազդի նշանակալից մասը կատարվում է ռուսերենով: 6. Միջազգային ատյաններում Հայաստանի անվերապահ ռուսամետ դիրքորոշումները: Եվ այլն: Այս հակաազգային եւ հակասահմանադրական գործունեության հետեւանքով մեր «կողմնորոշված» երկիրն ընկել է քաղաքական եւ դիվանագիտական ճնշումների ու ձախողումների հորձանուտը, հայտնվել միջազգային մեկուսացման մեջ: Դրանք արտահայտվում են հետեւյալում. 1. Ձեռք բերելով ազդեցության մեծ լծակներ՝ Ռուսաստանն ուզում է Հայաստանը այնպես կապել իրեն, որ գործնականորեն վերջինս անկարող լինի դուրս գալ ռուսական շահերի ոլորտից: Այդ նպատակով ներկայումս Ռուսաստանը քաղաքական ճնշման միջոց է դարձրել իր հանդեպ Հայաստանի ունեցած վարկային եւ ընթացիկ պարտավորությունները: Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը մոտավորապես 86Օ մլն ԱՄՆ դոլար է կազմում, որից ռուսական պարտքը 100-110 միլիոն է: Սա միջազգային չափանիշներով մեծ գումար չէ եւ չի կարող դառնալ Հայաստանի վրա արտաքին լուրջ ճնշման լծակ, եթե, իհարկե, Հայաստանն ինքն ընդառաջ չգնա դրան: Բայց պետք է ասել, որ այսպես կարող էր վարվել միայն Ռուսաստանը եւ միայն Հայաստանի հետ, որի ղեկավարությունը երկիրը դարձնում է տարածաշրջանում իր երբեմնի միակ ռազմաքաղաքական դաշնակցի խամաճիկը: Արտառոց է պետական պարտքի ուշացման համար Հայաստանից տուգանքների գանձումը: Այսպես չեն վարվել իր՝ Ռուսաստանի հետ նրա հարյուրամյա պարտատերերը եւ ոչ էլ ինքն է իր բազմաթիվ պարտատուներին «խեղդել»: Այլապես այդ պարտքերը տոկոսներով ու տուգանքներով այժմ աստղաբաշխական թվերի էին հասել: Միջազգային պրակտիկայում քիչ չեն նաեւ այն դեպքերը, երբ պետական պարտքերը երկար ժամանակով սառեցվել են եւ այլեւս դրանց վրա տոկոսներ չեն գումարվել: Հենց ռուսներն իրենք են սառեցրել իրենց պարտքերի մարումը մի քանի երկրների կողմից: Բացի այդ, հարց է առաջանում, ինչո՞ւ այդ նույն Ռուսաստանն իր ուկրաինական կամ վրացական հսկայական պարտքերի դիմաց այդ քայլին չի դիմում, երբ նրանց հետ ունի որոշակի քաղաքական տարաձայնություններ եւ բացատրելի կլինի այդպիսի քայլի կիրառումը: Պարզ է՝ զգուշանում է պատասխան քաղաքական կտրուկ քայլերից: Հայաստանի պարագայում նման քայլերը բացառվում են, դրա համար էլ իրեն ամեն ինչ թույլ է տալիս: Ռուս-հայկական պետական շփումներն այլեւս չի կարելի անվանել իրավահավասար կողմերի հարաբերություններ, դրանք հրահանգավորման խորհրդակցություններ են: Հայտնվելով ռուսական ճնշման մամլակի մեջ, Քոչարյանը «իր» նախաձեռնությամբ պատրաստակամություն հայտնեց գործել «գույք պարտքի դիմաց» բանաձեւով: Ռուսներն իրենք, մասնավորապես, մերժելով Գերմանիայի առաջարկած այդ բանաձեւը, դա փաթաթեցին Քոչարյանի վզին, որի համար պարտքերի մարման այդ ձեւը նշանակություն չունի, որովհետեւ նա անհաղորդ է Հայաստանի պետականության արժեքին եւ ներկայումս իր ռոճիկի կուտակմամբ ապագայում բիզնեսով զբաղվելու հիմքեր է ստեղծում: Թե իրենից հետո Հայաստանը ինչ վիճակում է լինելու՝ նա թքած ունի բիզնեսմենի ինտերնացիոնալ ապագա գործունեության բարձունքից: Անցյալ սեպտեմբերին այդ բանաձեւի «հայտնագործման» ոգեւորության մեջ Քոչարյանն անմեղսունակորեն գլխով ուրախ տմբտմբացնում էր՝ ի պատասխան Պուտինի արդարացման, թե այդ բանաձեւը նրա առաջարկն է: Երբ որոշ ուժեր այդ կապակցությամբ մի քիչ աղմուկ հանեցին, Պուտինի այցելությունից երկու ամիս անց միջազգայնորեն լկտի «գույք պարտքի դիմաց» բանաձեւը միամիտների համար վերանվանվեց «ներդրումներ պարտքի դիմաց»: Սա իրականում նույն բանն է՝ Ռուսաստանը ձեռք է գցում մեր երկրի կարեւորագույն արտադրական ճյուղերը եւ ձեռնարկությունները: Չէ, թող ռուսները չվախենան, որ Հայաստանը այս լկտիությունը կուլ չի տա եւ կդիմի հակաքայլերի, ասենք, կպահանջի իր տարածքից ռուսական զորքերի դուրսբերում կամ կրճատում եւ կամ դրանց պահպանման ծախսերի տրամադրումից հրաժարում (ի դեպ, Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որ իր տարածքում օտարերկրյա ռազմակայանների պահպանման համար ինքն է վճարում, փոխարեն իրեն վճարեն): Ռուսները, մանավանդ, թող չվախենան, թե Հայաստանը կարող է Իրաքի, Եգիպտոսի, Կուբայի կամ Ինդոնեզիայի պես հայտարարել, որ պարտքից չեմ հրաժարվում, բայց կմարեմ այն ժամանակ, երբ հնարավորություն կունենամ: Չորս տարում Քոչարյանը այնպես է ռեսուրսազրկել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական այլընտրանքային լծակների զինանոցը, որ գործնականում դա դարձել է համարյա անհնար: 2. Քոչարյանի վարչակարգի ռուսամետ քաղաքականության հետեւանքով Հայաստանը զրկվում է հարուստ Արեւմուտքի աջակցությունից եւ փարվում աղքատ Ռուսաստանին: 1998-ից սկսած՝ արեւմտյան վարկերը նվազել են, եւ հաճախ այդ նվազագույնն էլ ձգձգվում ու դրվում է կասկածի տակ: 3. Քոչարյանի քողազերծված կողմնորոշումային քաղաքականությունը դիվանագիտական ասպարեզում Հայաստանին բերում է պարտություն պարտության ետեւից: ԱՄՆ-ի կոնգրեսը կասեցրեց 907 բանաձեւը, Եվրախորհրդում ավելի ու ավելի ակնհայտ են դառնում հակահայաստանյան տրամադրությունները: Եվ այլն: 4. Միջազգային ասպարեզում Հայաստանի շահ հասկացությունը այլեւս չկա կամ դարձել է անհասկանալի: Հայաստանին այլեւս լրջորեն չեն վերաբերում եւ նրա հետ հաշվի չեն նստում: Հայաստանը հայտնվել է մի գոտում, որը շրջանցում են բոլոր միջազգային շահերը: Հայաստանը որեւէ մեկի համար որեւէ արժեք չի ներկայացնում, բացի նրանից, որին ինչ-որ «Հայաստան» է պետք անհրաժեշտության դեպքում տարածաշրջանում խառնակություններ հրահրելու համար: Արդյո՞ք պատահական է, որ այսօր ԱՄՆ-ում խոսում են այն մասին, որ եթե Հայաստանը չլինի, տարածաշրջանում ամեն հարց ինքնաբերաբար կլուծվի: Այս մտայնությունը 387թվին Հայաստանը այնպես ոչնչացրեց որպես պետություն, որ դրանից հետո հայերը այդպես էլ ուշքի չեկան: 5. Քոչարյանի վարչախմբի եւ նրան սատարող ուժերի ռուսական կողմնորոշումային ուղեգիծն այն աստիճանի տհաս է, մերկ ու մեծամիտ, որ կատարելապես ծիծաղի առարկա է դառնում. ինչ ասես չարժեն ՆԱՏՕ-ից եւ ԱՄՆ-ից հեռավորություն պահպանելու նրա ցուցադրական քայլերը: Քոչարյանը, ստորագրելով Հայ-ռուսական համագորակցության հռչակագիրը (Մոսկվա, սեպտեմբեր, 2000թ.) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների հայտարարությունը (Բիշքեք, հոկտեմբեր, 2000թ.), փաստորեն մերժում էր առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման զինված ուժերի օգտագործումը հակամարտությունների գոտիներում: Այսինքն, դրանով նա «քլնգում» էր ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին նախկին Հարավսլավիայի տարածքում ձեռնարկած ռազմական գործողությունների համար: Չնայած դրան, ԱՄՆ-ը եզրակացություններ չարեց՝ իրեն ենթարկելով հայկական պատժամիջոցների վտանգին: Վերջերս էլ նա հակաահաբեկչական ռազմական գործողություն իրականացրեց Աֆղանստանում, ընդ որում՝ քաջ գիտենալով, որ ահաբեկիչները Հայաստանում հռչակվում են ազգային հերոսներ: Ռուսական «Տրուդ» թերթին տված հարցազրույցում նա պնդում էր, որ Հայաստանը ձգտում չունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. կարծես, ՆԱՏՕ-ն դռները բաց անհամբեր Հայաստանին է սպասում: Վերջերս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի 4-ժամյա այցելությունը Հայաստան եւս զուգորդվեց զավեշտական դիպվածով. Ռամսֆելդը դեռ չէր հասցրել ոտը քաշել մեր երկրից, երբ Քոչարյանի խոսնակը հայտարարեց, որ Հայաստանը դեմ է հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ 1972թ. սովետա-ամերիկյան պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն, քանի դեռ այդ ասպարեզում չի ստեղծվել անվտանգության մի նոր համակարգ: Ուղղակի աներեւակայելի եւ ապշեցուցիչ է: Մաուգլիի հայտնի շակալի պահվածքն է որդեգրել այսօրվա Հայաստանի ղեկավարությունը: 6. Ռուսաստանի նկատմամբ Քոչարյանի անվերապահ հավատարմությունը նրան ու նրա վարչախմբին դարձնում է պատվազուրկ եւ փալաս: Երբ 1998-ի հեղաշրջման առաջին իսկ օրը Ելցինը նետեց` ,,KyՊՈ ՏվՌ ՊպվցՑր255?,, արտահայտությունը, հեղաշրջման հեղինակ «տղամարդկանցից» ոչ մեկը համարձակություն չունեցավ պատասխանել այդ շառաչուն ապտակին: Երբ հարբած ռուս զինվորները Գյումրիում սպանեցին Հայաստանի քաղաքացիներին, ոչ ոք բացատրություն չպահանջեց դրա համար: Ռուսները պաշտոնապես ո՛չ զոհվածների համար ցավակցություն հայտնեցին, ո՛չ ներողություն խնդրեցին, ո՛չ էլ որեւէ փոխհատուցում տվեցին՝ միջազգային նորմերի հիման վրա ստանձնած պարտավորության շրջանակներում: Եվ ինչու՞ պետք է անեին, երբ Հայաստանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակներն էին, որ այդ օրերին հայտարարում էին, թե այդ միջադեպը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, կարծես մեղավորը մեր սպանված քաղաքացիներն էին: Ռուսական բանակի Գլխավոր շտաբի պետը Շիրակի մարզպետի հետ խոսում է այնպես, ինչպես կխոսեր իր ենթակայի հետ, իսկ վերջինս ստրկահարգական կեցվածքով ծալծլվում է նրա առաջ: Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարները, Հայաստան այցելելիս, առաջինը ողջագուրվում են այստեղի ռուս հրամանատարների հետ, կարծես նրանց հողն են եկել: Եվրախորհրդում մեր պատվիրակության ղեկավարը, պատվի զգացողությունը կորցրած, Հայաստանի անունից արդարացնում է ռուսական պատվիրակության ղեկավարի ադրբեջանամետ ելույթը: Հայ խորհրդարանականները Սանկտ-Պետերբուրգում հոտնկայս հարգում են Խոջալուի «ցեղասպանության» զոհերի հիշատակը: Եվ այլն: Քոչարյանը եւ նրան սատարող ռուսամոլ ուժերը, Հայաստանին ամբողջապես նետելով ռուսական արջի գիրկը, չեն արժեւորում կամ անկարող են հասկանալ, որ Ռուսաստանը կարող է եւս մեկ անգամ հայերին եւ Հայաստանին կանգնեցնել փաստի առջեւ ու հանուն իր շահերի զոհաբերել եւ՛ հայկական տարածքները, եւ՛ Հայաստանի անկախությունը: Եթե նույնիսկ համաձայնենք, որ իբր Հայաստանը պարտավոր է հետեւել ոչ թե հավասար հեռավորության քաղաքականությանը, որը 1991-1997թթ. արձանագրեց մեծ հաջողություններ, այլ կողմնորոշումային քաղաքականությանը, ապա պետք է վերջապես հասկանանք, որ ժողովուրդները սովորաբար կողմնորոշվում են դեպի ավելի ուժեղը, դեպի ավելի հարուստը եւ դեպի նա, ում շահերը, որպես դաշնակից, տվյալ ժամանակին համահունչ են իրենց շահերին եւ նպատակներին: Կողմնորոշումային քաղաքականության հավերժական լինելը միայն հազարամյակներով պղտորված հայ քաղաքական մտքի արդյունքն է, որը գեղջուկի «խորամանկությամբ» ենթադրում է, թե դրանով կարող է ապրել ու գոյատեւել ուրիշի հաշվին, ուրիշի ձեռքով հողերի տեր դառնալ: Այս մոլորության հետեւանքով Հայաստանը մշտապես հայտնվել է ողբալի դրության մեջ: Հայ Դատի առաջացումը հենց հավերժական կողմնորոշման հետեւանքն է: գ) Հայ Դատի քաղաքական արկածախնդրության հորձանուտում Սկզբում հարցն էր՝ Հայկական հարցը: Դե, եթե հարց է, պիտի լուծվի այսպես կամ այնպես: Լուծվեց «այնպես» եւ այն ժամանակ, երբ մեր ավանդական կուսակցությունների բարեմաղթանքով Հայաստանից դուրս ուղարկված 250 հազար հայ սվինները, ներողություն, զինվորները, գերմանական ճակատում սխրագործության հրաշքներ էին ցուցադրում: Այսպիսով, երբ Էրգիրը կար՝ Հարց էր, երբ Էրգիրը կորսվեց՝ Հարցն էլ կորավ, երբ Հարցը կորավ՝ մեծ ուշացումով եկավ փչացրած կշեռքով Իրավունքը՝ Հայ Դատը: Հայ «ազգային» վերնախավը դաշնակցության գլխավորությամբ Հայ Դատի դավանանքի իր հասկացողությունը դարձրեց հայրենասիրության չափանիշ: Հայ Դատի ստեղծման նպատակը ոչ թե հայ ժողովրդի արդար իրավունքների վերականգնումն էր, այլ պարտված ու խայտառակված «ազգային» վերնախավի, առաջին հերթին՝ դաշնակցության, վերակենդանացումը: Ցեղասպանության ճանաչման, պահանջատիրության, «Ազատ, Անկախ, Միացյալ»-ի ստեղծման մասին խոսակցությունները դրանց հեղինակների համար ծառայում էին ընդամենը հայերի մեջ «հայրենասերի» համբավ ձեռք բերելու եւ հեղափոխականության պահպանման միջոց: Սա է հուշում ոչ միայն նրանց գործունեությունը, այլեւ այն, որ Հայ Դատի հիմքում դրված էր հայ ժողովրդի գոյատեւության պահպանումը «հավերժական բարեկամության» եւ «մշտական վրիժառության» բորբոքման միջոցով: Ընդ որում, այս հեղափոխական, վրիժառու եւ ահաբեկչական մշտական պայքարն ավելի բարձր է դասվում, քան պետականության պահպանման եւ հզորացման նպատակը: Այսպիսով, իրենց մոլորյալ եւ հանցագործ գաղափարներով եւ գործունեությամբ փաստորեն աջակցելով թուրքերին՝ նրանց հրեշավոր մտահղացման իրականացման գործում, հայ ավանդապաշտ «ազգային» վերնախավը եւ նրա առաջամարտիկ դաշնակցությունը այսօր մեր ազգային աղետը փորձում են օգտագործել հայ ժողովրդի պատմական զարգացման ընթացքը նորից դեպի փակուղի տանելու համար: Այնինչ, եթե նորաստեղծ Հայաստանը կարողանար օգտագործել հայ-թուրքական հարաբերություններում առկա իր իրավական եւ բարոյական առավելությունները, ապա բավականին ծանրակշիռ լծակներ կստանար Հայաստանը հզորացնելու համար: Քաղաքական հանցագործության հեղինակների այսօրվա հետնորդներին կուզեինք ասել հետեւյալը. եթե դուք իսկապես ուզում եք «Ազատ, Անկախ եւ Միացյալ» Հայաստան, ապա այսօր ձեր նպատակը դրա տարփողումը չպետք է լիներ, այլ դրան հասնելու նախապատրաստությունը, այսինքն, մանուկ Հայաստանի հզորացումը, որը պատմական շանսի դեպքում պատրաստ կլիներ պոկել իր պատառը: Ի՞նչ իմանաս, ի՞նչ է անելու մի 20 տարի հետո Արեւմտյան Հայաստանում տարեկան 5,6 տոկոսով բազմացող հսկայական քրդական զանգվածը: Պետք է հատուկ ընդգծել, որ դաշնակցական պատկերացումներում Հայաստանի անկախությունը «հանգրվանային կշռույթով» իրագործվող նպատակ է: Ոչ բոլորն են մոռացել 1988-1991 թվականները, երբ դաշնակները ձգտում էին գալ ոչ թե Անկախ Հայաստան, այլ Ռուսահայաստան: Այսինքն, դեռ պետք է գային Ռուսահայաստան, «խորամանկորեն» ռուսներին ներքաշեին թուրքերի հետ ընդհարման մեջ, Անկարան դարձնեին արյան ծով եւ, ռուսների գրաված հողերը Ռուսահայաստանի հետ նվեր ստանալով, հռչակեին «Ազատ, Անկախ եւ Միացյալ»-ը: Այնինչ, հհշականները իրենց «ապազգային» գործունեությամբ առաջ ընկնելով՝ «ժամանակից շուտ» հռչակեցին երկրի անկախությունը եւ գործը «փչացրին»: Ահա նավթալինով հիվանդության բուժման Հայ Դատի այս դաշնակցական պատկերացումներն են դրված ներկա քաղաքական վարչակարգի արտաքին քաղաքականության հիմքում եւ կազմելու են այդպես էլ չգրված «ազգային գաղափարախոսության» հիմնական դրույթները: Քոչարյանը մինչեւ 1998թ. երբեք որեւէ կերպ ցույց չէր տվել իր քաղաքական-գաղափարախոսական կողմնորոշումը: Ճիշտ է, նա այդ ընթացքում հակվել էր ՀՀՇ-ի կողմը, եղել էր ՀՀՇ վարչության անդամ, բայց երբեւիցե չէր արտահայտել իր քաղաքական համոզմունքները: 1998-ին էլ նա «ընտրությունների» գնաց առանց կոնկրետ գաղափարախոսական ուղղության ցուցադրման եւ հայտարարեց՝ «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է»: Այս տարօրինակ քաղաքական պլատֆորմը, ՀՀՇ-ի իշխանության տապալման եռուզեռի մեջ, լուրջ ուշադրության չարժանացավ: Բայց հասկացողը հասկացավ, որ այդ հիմքի վրա նա երկիր չի կարող ղեկավարել, որ ստիպված է լինելու ցաքուցրիվ, չհամակարգված իր քաղաքական չնչին գիտելիքներով խարխափել այս ու այն կողմ եւ ի վերջո հայտնվել ավանդական քաղաքականության ճահճում: Այդպես էլ եղավ, չնայած առայսօր Քոչարյանը ձգտում է իրեն ներկայացնել վերգաղափարախոսական, վերկուսակցական եւ համազգային մի «երեւույթ»: 1998-ից, երբ զավթեց իշխանությունը, ինքնահաստատման պայքարում Քոչարյանը ստիպված էր այսպես թե այնպես, թեկուզ ոչ բացահայտ, կողմնորոշվել քաղաքական առկա ուժերի միջեւ: Եվ, քանի որ իշխանությունը զավթել էր ՀՀՇ-ի քաղաքականությանը հակադրվելով, ինքնըստինքյան հասկանալի է, որ նա լռելյայն որդեգրելու էր ՀՀՇ-ին առավել արմատական հակառակորդ քաղաքական ուժի սկզբունքային դիրքորոշումները: Բնական է, դա չէր կարող լինել իր նախկին կուսակցությունը՝ Կոմկուսը, որն արդեն հայտնվել էր պատմության ճամփեզրին, չէին կարող լինել ՀՀՇ-ից պոկված հավակնոտ բեկորները, որոնք լուրջ գաղափարախոսական հակասություններ չունեին ՀՀՇ-ի հետ, չէր կարող լինել Վազգեն Սարգսյանի հովանավորյալ տհաս Հանրապետականը, չէին կարող լինել նաեւ մանր-մունր, ուժ եւ ազդեցություն չունեցող ՀՌԱԿ-ն ու Հնչակը, ՍԻՄ-ն ու Ազգային միաբանությունը եւ այլն: Քոչարյանն ընտրեց ՀՅԴ-ին: Ընտրեց ոչ նրա համար, որ դաշնակցությունն իր միֆերով իրեն սրտամոտ էր, ոչ նրա համար, որ հորջորջվում էր «100-ամյա ազգային», ոչ նրա համար, որ նա պահանջատեր կուսակցություն էր, ոչ նրա համար, որ «ծովից ծովը» լուրջ էր ընդունում, այլ նրա համար, որ դաշնակցությունը պաթոլոգիական ատելություն էր տածում ՀՀՇ-ի հանդեպ: Ի լրումն այդ բոցաշունչ ատելության, դաշնակցությունը Հայաստանի ամենահարուստ կուսակցությունն է, տիրապետում է քարոզչական մեծ միջոցների եւ քաղաքական բանսարկության տեխնոլոգիաների: Կարճ ասած, Քոչարյանը ձգտում էր դաշնակցությանը օգտագործել իր անձնական նպատակների համար, եւ այդպես էլ եղավ ու շարունակվում է: Այդ ընթացքում դաշնակցությունը սկսեց տիրանալ պատգամավորական եւ նախարարական աթոռների: Բայց դաշնակցության գլխավոր ձեռքբերումը Քոչարյանի օրոք դա չէ, այլ այն, որ կառավարման համակարգի բյուրոկրատիայի մեջ նա շարունակում է տեղավորել մեծ թվով իր անդամների եւ համակիրների, որոնք իրականացնում են դաշնակցական պատկերացումները երկրի ապագայի վերաբերյալ: Ի դեպ, չնայած այս իրողությանը, դաշնակները մինչ օրս ապարդյուն փորձեր են կատարում խուսափել երկրի ընթացքի համար պատասխանատվությունից: Դա նրանց հարկավոր է, որպեսզի առանց որեւէ պարտավորության մասնակցելով երկրի կառավարմանը, քաղաքական ընդդիմադիր ուժերի հանդեպ իրենց պայքարում օգտագործեն պետական մեքենան: Դրա արտառոց արտահայտություններից մեկն էլ այն է, որ դաշնակցական թերթերը Գլխավոր դատախազությունից նյութեր են ստանում: Այլ կերպ դժվար է բացատրել դեռ նախաքննության փուլում գտնվող գործերի մասին դաշնակցական թերթերի հաճախակի հրապարակումները: Այս եւ այլ իրողություններ ցույց են տալիս, որ ոչ միայն Քոչարյանն է ձգտում օգտագործել դաշնակցությանը, այլեւ վերջինս՝ Քոչարյանին: Բայց առայժմ նրանց միջեւ լուրջ խնդիր չկա: Քոչարյանի սնապարծությունը, անգրագիտությունը եւ գավառամտությունը նրան մղում են ցուցադրական քայլերի: Ինչպես այլեւայլ ասպարեզներում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ նրա գործողությունների իմաստը ոչ թե համակարգված, նպատակամղված քայլերի շղթան է, այլ իր «տղամարդկության» ցուցադրման ձգտումը: Այդ նպատակին նա ծառայեցրեց նաեւ դաշնակցության «սրբության սրբոցը» համարվող Հայ Դատը: Դրա առաջին կարեւորագույն տարրի՝ ցեղասպանության ճանաչման մասին ՄԱԿ-ի 1998թ. նստաշրջանում նրա ելույթն, ըստ էության, սոսկ դեկլարատիվ բնույթ ուներ եւ հենց դա էլ նրան հետաքրքրում էր: Դեկլարատիվ էր, որովհետեւ, եթե գնում էր քաղաքական արկածախնդրության եւ դեռ պետականությունը չամրապնդած երկիրը տանում իր կարողությունից վեր խնդիրներին դիմագրավելու ուղիով, ապա գոնե կոնկրետ հարցերով գործընթացներ պետք է սկսեր: Քոչարյանի ելույթին որեւէ կոնկրետ բան չհաջորդեց, իսկ դրան, ինչպես անզեն աչքով երեւում էր, պետք է նախորդեին եւ հետեւեին տարբեր բնույթի մի շարք նախաձեռնություններ: Քոչարյանը եւ նրան այս կապակցությամբ հերոսացնողները շատ հեռու էին դրանք գիտակցելուց: Անձամբ Քոչարյանն արեց միայն այն, ինչ իրեն պետք էր՝ իշխանական մամուլը եւ «ազգային» մտավորականությունը նրա «տղամարդկության» գովքն էին անում: Որ Քոչարյանը սկզբունքորեն թքած ունի Հայ Դատի վրա, երեւաց նրա հարցազրույցից, որ նա ՄԱԿ-ում իր ելույթից անմիջապես հետո տվեց թուրք լրագրողին, որով հիմնավորապես եւ պաշտոնապես հրաժարվեց այդ նույն Հայ Դատի մյուս կարեւորագույն տարրից՝ պահանջատիրությունից: Սա մերկացրեց դաշնակցությանը, որն իր 55-րդ հայտնի շրջաբերականով ցույց տվեց, թե իր համար ինչ արժեք ունի Հայ Դատը: Միայն առուծախով իր իշխանությունն ընդլայնելու, այսինքն մի քանի պաշտոնների համար դաշնակցությունը փաստորեն հրաժարվեց իր «սրբության սրբոցից»: Սա բացահայտ ցուցանիշ է այն բանի, որ օտար հողերում ծնված եւ օտարի գաղափարախոսությունը որդեգրած կուսակցությունների համար Հայաստանը մի անտեր քարվանսարա է, որտեղ ժամանակավորապես նրանք բնավորվում են, փչացնում նրա ունեցվածքը, վերջում՝ հրդեհում ու հեռանում: Եվ այդ բոլորն անում են «կեղծ» ազգայնականության ծնծղաների եւ ավանդապաշտության զուռնադհոլի աղմուկի ներքո: Այդ բոլորն անում են պետական փողերով, գրողի եւ նկարչի, գիտնականի եւ ակադեմիկոսի դերը ստանձնած «հայ մտավորականություն» կոչվածի միջոցով, որը միշտ պատրաստ է եղել հանուն իր շահերի, այսօր նույնիսկ հանուն 200 դոլարի, ընդհանրապես թքել հայ ժողովրդի բոլոր շահերի վրա: Եվ այսօր էլ կանգնում ու հայտարարում են, թե հեյ, հհշականներ, չմոռանաք, որ դուք պարտվել եք հայդատականությանը: Ո՛չ, պարոնայք դաշնակներ, դուք նորից սխալվում եք: ՀՀՇ-ն չէր կարող պարտվել բարոյական կատեգորիա դարձված մի սնամեջ գաղափարի: ՀՀՇ-ն ժամանակավորապես ընկրկել է մի այլ ուժի առջեւ, որի համար Հայ Դատի ձեր պատկերացումները մանրուք են եւ օգտագործվում են պամպերսի դերով: Դա ռուսական կողմնորոշման մոլորությունն է, որ դարեր ի վեր ներարկվել է մեր ժողովրդի մեջ ձեր նմանների եւ ձեր միջոցով: Այս մոլորության հետեւը կանգնած հզոր ուժը չէր ներելու ՀՀՇ-ին, Վ. Սարգսյանին եւ Ս. Բաբայանին՝ հաղթանակների համար: Այդ ուժի ծրագրերում հայերը միշտ պիտի մաշվելով օգտագործվեն: Այդ ծրագրերի շրջանակում դուք՝ դաշնակցականներ, միշտ փայլուն եք կատարել ձեզ տրված առաջադրանքները: Սա, ի դեպ: Քոչարյանն ասաց, որ Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից: Սա նրա մեծագույն նվերն էր թուրքերին եւ քրդերին, որովհետեւ անցած ժամանակներում ոչ մի հայ ղեկավար, նույնիսկ կոմունիստ, իրեն թույլ չէր տվել այսպիսի հայտարարություն անել: Բայց ի՞նչ ստացվեց: 1. Ցեղասպանության ճանաչման հարցը առանց պահանջատիրության տեղափոխվել է դաշնակների այնքան սիրած «բարոյական» ոլորտը: 2. Թուրքիան ավելի կոշտացրեց իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ եւ, ի հավելումն նախկին նախապայմանների, առաջ քաշեց Մեղրիի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու նոր նախապայման դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: 3. Հայ Դատի դաշնակցական պատկերացումները դարձնելով պետության արտաքին քաղաքականության ելակետային գլխավոր սկզբունք, ըստ էության, Ղարաբաղը եւս մտցվեց Քոչարյանի եւ դաշնակցության ջանքերով «բարոյական» կատերգորիա դարձած պահանջատիրության ոլորտը: Սա հանցագործություն էր Հայաստանի եւ Ղարաբաղի իսկական շահերի տեսանկյունից: դ) Ղարաբաղյան հակամարտության լուծումը՝ փակուղում Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումը Հայաստանի առջեւ կանգնած խնդիրներից ամենակարեւորագույնն է: Մնացած խնդիրների լուծումները համարյա անհնարին են առանց այս հարցի լուծման: Այն անձնավորությունը, որը չի հասկանում այս պարզունակ խնդիրը, իրավունք չունի քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորություն ունենալ: Դժբախտաբար, հայ քաղաքական եւ մտավորական վերնախավը հենց սկզբից այս տարրական ճշմարտությունը չըմբռնեց կամ չուզեց ըմբռնել: Հայաստանի տարաբնույթ քաղաքական ուժերի եւ «ազգային» մտավորականության համընդհանուր միավորումը ՀՀՇ-ի դեմ անհնար դարձրեց այն քաղաքական կուրսի շարունակումը, որով հնարավոր էր դառնում այդ հակամարտության լուծումը հայերի համար առավել նպաստավոր պայմաններով: Քոչարյանը Ղարաբաղն արհեստականորեն հակադրում է Հայաստանին: Նա ի վիճակի չէ կամ չի ուզում հասկանալ, որ Ղարաբաղը չի որոշելու Հայաստանի ապագան, այլ Հայաստանն է, որ Ղարաբաղի հետ որոշելու է նրա ապագան: Ղարաբաղյան հարցում Քոչարյանը որդեգրեց սխալ քաղաքական ելակետեր: 1. Ղարաբաղյան հարցի լուծումը կարելի է իրականացնել կատարված փաստի հիմքի վրա: Այսինքն, նրա փոխզիջումային թեմայով խոսակցությունները ձեւավորվում էին ընդամենը քաղաքականության ռետուշային հարդարումներով եւ դա ցույց էր տալիս, որ ոչ ինքը եւ ոչ էլ իրեն սատարող ուժերը չեն պատկերացնում ներկա միջազգային իրողությունները կամ, որ ավելի վատ է, կատարում են օտարերկրյա պատվեր: 2. Ղարաբաղյան հարցում ստատուս քվոն կարելի է ձգձգել անորոշ ժամանակով: Այսինքն, մինչեւ «հաղթական» դիրքերից հարցի լուծումը, այսինքն՝ Ադրբեջանի կապիտուլյացիան, այսինքն՝ պատերազմի վերսկսման մշտական հնարավորության պահպանում, Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազք, այսինքն՝ երկրի կարողություններից վեր մեծաքանակ զինված ուժերի մշտական պահպանում: 3. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կարելի է վարել Հայաստան-Ադրբեջան ֆորմատով, քանի որ դրա համար բավարար հիմք է ծառայում իր ղարաբաղցի լինելը: Այսինքն՝ Ղարաբաղին կարելի է դուրս թողնել բանակցային գործընթացից եւ իր ծագումն ու կարգավիճակը դարձնել բանակցային ֆորմատի հիմք, այսինքն՝ Հայաստանը ներքաշել պատերազմի պատասխանատվության ոլորտ եւ նրա տարածքը դարձնել բանակցության առարկա, որի հետեւանքով Մեղրին հայտնվեց բանակցությունների սեղանին: 4. Ղարաբաղյան հարցի լուծումը կապ չունի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ: Ի դեպ, 1997թ., Հայաստան գալուց ընդամենը մի քանի ամիս անց, նա խորիմաստորեն հայտարարեց, որ չկա մեկը, որը պատկերացնի, թե Հայաստանն ինչ պոտենցիալ ունի: Այսինքն՝ Հայաստանի շրջափակումը, ճանապարհազուրկ լինելը եւ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրադրությունից բխող ռիսկայնության գոտի լինելու հանգամանքը չեն կարող ազդել այդ զարգացման վրա: Այս ելակետերի որդեգրման հետեւանքը եղավ այն, որ չնայած Քոչարյան-Ալիեւ հանդիպումներն արդեն մոտ երկու տասնյակի են հասել, ղարաբաղյան հակամարտության լուծման հարցն, ըստ էության, ետընթաց է ապրել, եւ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի չզիջող: Դրանց հետեւանքները միջազգային ասպարեզում եւս էապես թուլացրել են եւ՛ Հայաստանի, եւ՛ Ղարաբաղի դիրքերը՝ ի դեմս Պետդեպարտամենտի «զավթած» տարածքների մասին զեկույցի, Եվրամիության, Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի ոչ «հայանպաստ» հայտարարությունների: ԱՄՆ-ի դիվանագիտությունը վերջերս ավելի կտրուկ ձեւակերպումներով է արտահայտվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ: Այսպես, Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը անցյալ դեկտեմբերին հայտարարեց, որ Ադրբեջանում ամերիկյան դիվանագիտության գլխավոր նպատակը այդ երկրի տարածքային ամբողջականության վերականգնում է: Իր հերթին, Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանը նշում է, որ ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը, ի շարս այլ մարտահրավերների, կանգնած են տարածաշրջանային անկայունությունների, մարտնչող ազգայնականության եւ «չկայացած պետությունների» սպառնալիքների առջեւ (տե՛ս, «Նեզավիսիմայա գազետա», 4.3.2002թ.): Այս բոլորը Քոչարյանի քաղաքական անգրագիտության հետեւանքն էր կամ նրա եւ նրան սատարող ուժերի կողմից ավելի վտանգավոր՝ Հայաստանի ազգային շահերը առք ու վաճառքի դնելու հետեւանքը: Այդ անգրագիտության կամ այլ նպատակների ծառայելու ապշեցուցիչ փաստեր էին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում 1999թ. հոկտեմբերին Հայաստանի կողմից «մարտնչող սեպարատիզմի» դեմ պայքարելու մասին փաստաթղթի ստորագրումը, Ե.Պրիմակովի դրդմամբ նույն թվականի դեկտեմբերի 2-ին Քոչարյանի կողմից Ստամբուլի խարտիայի ստորագրումը, որով վավերացվեց Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության ճանաչումը: Հայտնի է, թե Ադրբեջանում ինչ են հասկանում «մարտնչող անջատողականություն» եւ «սահմանների անձեռնմխելիություն» ասելով: Քոչարյանի վարչակարգի 1998-2001թթ. քաղաքական եւ դիվանագիտական գործունեության հետեւանքով Ադրբեջանը հնարավորություն ստացավ Հայաստանի կողմից իր սահմանների ճանաչման եւ ղարաբաղցիներին «անջատողականներ» կոչելու միջոցով ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել իբրեւ իր երկրի ներքին խնդիր: Այսինքն՝ ազգերի ինքնորոշման իրավունքի ոլորտից այն տեղափոխել քրեական դաշտ եւ, միջազգային հանրության առջեւ իր ապագա ագրեսիվ գործողություններն արդարացնելու համար, Ղարաբաղը ներկայացնել որպես թմրադեղերի, զենքի, միջուկային թափոնների իրացման եւ ահաբեկչության կենտրոն: Այսպիսով, ղարաբաղյան հակամարտության լուծումը ոչ թե հիմնականում Ղարաբաղի ժողովուրդի գործն է, այլ պահանջատեր Հայաստանի, այսինքն՝ Ղարաբաղը «հանգրվանային կշռույթով» կերտվելիք «Միացյալ, Ազատ եւ Անկախ» Հայաստանի առաջին նվաճումն է: Իսկ քանի որ պահանջատիրությունը Հայաստանի համար դարձել է «բարոյական» կատեգորիա, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ ապագա է նախապատրաստվում Ղարաբաղի համար: Հայ «ազգային» վերնախավի եւ վարչախմբի այս գործելակերպը ոգեշնչվում եւ ուղղորդվում է Ռուսաստանի կողմից, որը, դա օգտագործում է Հայաստանի հարեւանների վրա քաղաքական ճնշում բանեցնելու, Հարավային Կովկասում ռուսական տարաբնույթ ազդեցությունները մեծացնելու եւ իր շահերի ոլորտն ընդլայնելու համար: Սա սոսկ ենթադրություն չէ, սա ներկայումս փաստ է: Դա են ցույց տալիս ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական վերջին մերձեցումները, որոնք ընթանում են Հայաստանի շահերի շրջանցմամբ: Ռուսները ղարաբաղյան ճզմիչով Հայաստանից քամում են այն, ինչ հնարավոր է: Հենց դրա համար էլ նրանք շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության լուծումով: Իհարկե, պաշտոնապես դա նրանք չեն տարփողում, բայց գաղտնի էլ չեն պահում: Այսպես, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կ. Զատուլինը «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթի 2000թ. վերջին համարներից մեկում հայտարարում էր. «… այսօր Ռուսաստանն օբյեկտիվորեն, իր ազգային եւ պետական ռազմավարության տեսակետից, շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, շուտափույթ լուծումով…, … թեկուզեւ այն պատճառով, որ դա մեր նպատակը չէ եւ նման հարցադրումը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին»: Ահա Ռուսաստանի այս դիրքորոշումն է հիմք հանդիսացել Քոչարյանի համար, երբ նա վերջերս փաստորեն Ղարաբաղի անկախության ճանաչումը հռչակեց որպես նախապայման հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում: Սա ցույց է տալիս, որ, ի շահ Ռուսաստանի, ղարաբաղյան հակամարտության լուծումը մտցվել է փակուղի: Այսինքն՝ առկա է պատերազմի վերսկսման մշտական սպառնալիք, Հայաստանի եւ Ղարաբաղի տնտեսական զարգացումը մատնված է շարունակական ձախողումների, բնակչությունը՝ հետագա աղքատացման եւ արտագաղթի: Այսինքն՝ Հայաստանի պետականության ռեսուրսները, որոնցով որոշվում է նաեւ Ղարաբաղի ապագան, քամուն են տրվում: 2. ՀՀ քաղաքական դաշտի քայքայումը Անցած չորս տարիներին Քոչարյանի մեծագույն «նվաճումը» Հայաստանի քաղաքական դաշտի ամլացումն ու քայքայումն է: Դա իրականացվեց հետեւողականորեն՝ օգտագործելով քաղաքական կազմակերպությունների եւ անհատ գործիչների տարաբնույթ շահերն ու նպատակները: Եվ այդ ընթացքում ակնառու դարձան Քոչարյանի ու նրա շրջապատի՝ բարոյականության եւ տղամարդկության հետ ոչ մի առնչություն չունեցող գործելակերպի դրսեւորումները: Հետեւենք դրանց: ա) Խարդավանքներ Քաղաքական խարդավանքի հետեւանքով էր, որ Քոչարյանը հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին: Մինչ այդ Քոչարյանը Ղարաբաղում քարշ էր տալիս իր նվաստացած դրությունը՝ «դիտորդի» կարգավիճակի առաջին սերիան: Դա 1993-1997թթ. էին, երբ Ղարաբաղի իրական տերն ու տնօրենը Ս.Բաբայանն էր, որն, ի հավելում անսահմանափակ իշխանության, սկսեց «ստեղծել» նաեւ ֆինանսական հզորություն: Իսկ Քոչարյանը զբաղված էր ընդամենը Հայաստանից եւ արտասահմանից կատարվող մատակարարումները «հաջողացնելու», օտարերկրացիներին Ղարաբաղը ներկայացնելու դրվագներով եւ պարապությունից անգլերեն էր սովորում: Այդ նույն ժամանակ Հայաստանում Ս.Սարգսյանը արագորեն տարածում էր իր ազդեցությունը ուժային եւ իրավապահ մարմիններում՝ ֆինանսական տարաբնույթ գործարքների մեջ ներքաշելով դրանց կարեւոր լծակներին տիրապետող անձանց: Թերեւս այս հանգամանքը 1996-ից հետո էապես կանխորոշեց Հայաստանում իրադարձությունների զարգացման ուղղությունը: Հետեւում էին մնացել տեղական թայֆայական հակասությունները, որոնց հետեւանքով 1993թ. Ս.Սարգսյանը դուրս էր մղվել Ղարաբաղից: Վազգեն Սարգսյանն առանց զգալու, որ ուրիշի կամքն է կատարում, մոսկովյան իր ուղեւորություններից մեկի ժամանակ «համոզվել» էր, որ Ս.Սարգսյանը պաշտպանության նախարարի ամենահարմար թեկնածուն է այն դեպքում, երբ ինքը դեռ որոշակի պատճառով չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը: Հայաստանում որեւէ դիրք ու ազդեցություն չունեցող Ս.Սարգսյանը համարվում էր վերադասին անվերապահ ենթարկվող եւ հարմարվողական: Հենց դրա համար էլ, երբ Ս.Սարգսյանը 1995թ. որոշակի պատճառով ստիպված էր ազատել պաշտպանության նախարարի աթոռը, Վ.Սարգսյանն ինքն էր առաջին պնդողը, որ վերջինս նշանակվի ազգային անվտանգության նախարար: Ըստ երեւույթին, Ս.Սարգսյանի նորահայտ որակները նախկիններին գումարելով, Վ.Սարգսյանը կարծում էր, որ նա իրենից փախչելու տեղ չի ունենա: Այդպես էր թվում Վ.Սարգսյանին, այդպես էր թվում նաեւ ուրիշներին: Իսկ Ս.Սարգսյանի գլխավորած նախարարությունում անմիջապես լծվեցին իշխանության վերնախավի բոլոր անդամների եւ քաղաքական ու տնտեսական գործիչների վրա «կոմպրոմատներ» հավաքելու եւ ստեղծելու գործին: Սրա հետեւանքները հետագայում երեւացին հասարակության մեջ տարածվող ասեկոսեներով եւ մամուլի մերկապարանոց «հրապարակումներով»: Նորահայտ Թալեյրանը չի սիրում առաջին գծի վրա երեւալ, նախաձեռնություններով բացահայտ հանդես գալ: Դրա համար էր, որ նրա քաղաքական համոզմունքները մինչեւ վերջերս՝ քանի դեռ իր գործերով չէր բացահայտել, հասարակության համար մնում էին անհայտ: Նա չէր խորշում կառավարող քաղաքական ուժից սահմանազատվել, կրկնելով, որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ՝ պետական: Ներքաղաքական խարդավանքները նա իրականացնում է ուրիշների միջոցով, նրանց իր պաշտոնի բարձունքից ներշնչելով, թե այդ գաղափարներն իրենցն է: Այսպես եղավ 1997թ. գարնանը, երբ ակնհայտ դարձավ, որ վարչապետ Արմեն Սարգսյանը այլեւս չի կարող շարունակել իր պաշտոնավարությունը: Ս.Սարգսյանի մի օգնականը, իբր իր նախաձեռնությամբ, առաջինը «միտք» հայտնեց, թե Քոչարյանը վատ թեկնածու չէ վարչապետի պաշտոնի համար: Բայց Քոչարյանի անունը չմտավ թեկնածուների ցանկի մեջ: Այդուհանդերձ, Վ.Սարգսյանին «մշակելու» համար շատ ժամանակ չպահանջվեց, եւ վերջինս իրեն բնորոշ համառությամբ սկսեց «իր» նախաձեռնությունն առաջ տանել: Հատկանշական է, որ Վ.Սարգսյանն իր ընկերները համարվող երկրի բարձրաստիճան գործիչներից ոչ մեկի համար այդպիսի համառություն չէր ցուցաբերում: Ընդհակառակն, ուզում էր, որ վարչապետի պաշտոնը գրավի Հայաստանում որեւէ հիմք ու ազդեցություն չունեցող մեկը: Այդպես էր 1996թ. աշնանը, երբ նրա նախաձեռնությամբ վարչապետի պաշտոնում հայտնվեց Ա.Սարգսյանը, որը Հայաստանի քաղաքական իրականությանն անմիջապես չէր առնչվել եւ դրա համար էլ արժանացավ ընդդիմադիր մամուլի դրվատանքին: Այդպես եղավ եւ 1997թ. գարնանը, եր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել