Լրահոս
Օրվա լրահոսը

Իմունային համակարգի անվտանգության ծրագիր

Մարտ 22,2002 00:00

Իմունային համակարգի անվտանգության ծրագիր Առանց «Արմենիկումի» ՀՀ կառավարության երեկվա նիստում հաստատված Մարդու իմունային անբավարարության վիրուսի եւ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի կանխարգելման ազգային ծրագրում «Արմենիկում» դեղամիջոցը տեղ ու դեր չունի։ Ինչպես պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, «ցանկացած դեղամիջոցի հայտնագործումն ու կյանքի կոչելը միջազգային պրակտիկայում մոտավորապես 15-20 տարվա ճանապարհ է անցնում»։ «Այդ ճանապարհը մենք (նկատի ունի «Արմենիկումը».- Ա. Գ.) դեռ չենք անցել։ Ծրագիրն ավելի ընդհանրական է ներկայացված, քան կոնկրետ «Արմենիկումի» խնդիրն է»,- ասաց պրն Մկրտչյանը։ Վերոնշյալ ծրագրին աջակցող միջազգային կազմակերպությունները եւս, նախարարի հավաստմամբ, այս ուղղությամբ ուսումնասիրություններ են անելու։ «Հայկակական ժամանակի» թղթակցին հետաքրքրում էր՝ ծրագրի քննարկումների ժամանակ «Արմենիկում» անունը շոշափվել է, թե ոչ։ Պարզվեց, որ՝ ոչ։ Միակ «մխիթարությունն» այս առումով կարող է լինել այն, որ որպես ենթածրագրի՝ միջազգային կազմակերպությունները կաջակցեն նոր դեղամիջոցների եւ բուժման նոր մեթոդների ուսումնասիրմանը եւ ներդրմանը։ 2002-2006 թթ. համար հաստատված ծրագրի իրականացման համար ստեղծվել է նաեւ միջգերատեսչական հանձնաժողով։ 2003 թվականից նախատեսվում է ծրագիրն ընդգրկել պետբյուջեում՝ ամենամյա պետական նպատակային ծրագրի տեսքով։ Կառավարության նիստում հաստատվել է նաեւ փախստականների, նաեւ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետեւանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը պետբյուջեից, ճապոնական դրամաշնորհի հաշվին ներկրված 40 տրակտորների, աճուրդային վաճառքի միջոցով, տնօրինման կարգը։ Նշանակալից է, որ «Զվարթնոց օդանավակայան» ՓԲԸ-ին է միացվել «Ավիավառելիք» ՓԲԸ-ն։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել