Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պարտավոր են վճարել բոլորը՝ անկախ «մասնագիտությունից»

Մարտ 26,2002 00:00

Պարտավոր են վճարել բոլորը՝ անկախ «մասնագիտությունից» «Առավոտի» մարտի 19-ի «Ինչպես գռփել պետությանը» հրապարակման առիթով ՀՀ էներգետիկայի նախարարության վերահսկողության տեսչությունը կատարել է համապատասխան ուսումնասիրություն (բաժանորդի ներկայությամբ): Եւ պարզել է, որ Երեւանի Հ/Ա Բ-1 թաղամասի 51 շենքի 1 բնակարանի բաժանորդի՝ Երեւանի ՆԳՎ պետավտոտեսչության հետախուզության բաժանմունքի նախկին ավագ տեսուչի հաշվին հավելագրումներ չեն կատարվել, բնակարանը սնող հաղորդալարից չկա նաեւ ապօրինի միացում: Հաշվիչի՝ տեղում կատարած ստուգաչափումը պարզել է, որ այն աշխատում է նորմալ եւ շեղումը ճշտության դասի տիրույթում է: Ստուգման արդյունքի հետ համաձայնել եւ արձանագրության տակ ստորագրել է նաեւ բաժանորդը: Չնայած բաժանորդ Ա.Գասպարյանի անհիմն բողոքներին, նրա կուտակած 300 հազար դրամ պարտքն իրական է եւ ենթակա է վճարման: Պարտքը կուտակվել է երկար ժամանակ չվճարելու արդյունքում (այդ մասին վկայում է նաեւ բաժանորդի էպիկրիզը): Մայրաքաղաքի Հ/Ա Բ-1 թաղամասի 51 շենքի տեսուչ Կայծակ Կարողլանյանը հերքում է բաժանորդ Ա.Գասպարյանի պնդումը, ըստ որի, իբր հսկիչն առաջարկել է գործարքի գնալ, 300 հազար դրամ պարտքի կեսը վերցնել եւ ինֆորմացիան չմուտքագրել համակարգիչ: Հսկիչը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէր կարող նման առաջարկ անել, ավելին՝ այն իրագործել, քանի որ բաժանորդի յուրաքանչյուր ամսվա սպառած էլէներգիայի եւ գումարի չափը յուրաքանչյուր ամիս մուտքագրվել է համակարգիչ (այդ մասին եւս կան փաստացի ապացույցներ. որ համակարգչի տվյալներին որեւէ կերպ միջամտելն անհնար է): Տեսուչ Կ.Կարողլանյանը բացատրագիր է ներկայացրել նաեւ, թե ինչու՞ է տեւական ժամանակ բաժանորդ Ա.Գասպարյանին «հանդուրժվել» էլէներգիայի դիմաց չվճարելու եւ պարտք կուտակելու առավելությունը: Բացատրագրի մեջ նշված է, թե բաժանորդ Ա.Գասպարյանը, որը պարտքը կուտակելու ժամանակաշրջանում Երեւանի ՆԳՎ պետավտոտեսչության հետախուզության բաժանմունքի ավագ տեսուչն էր, չարաշահելով ծառայողական հնարավորությունները՝ սպառնացել է ջարդել հաշվիչների արկղը, «վատություն անել հսկիչին», վկայակոչել է, թե «ինքը կռված տղա է եւ ոչ ոք իրավունք չունի անջատել իր հոսանքը»: Ի դեպ, նմանատիպ ագրեսիվ վերաբերմունք Ա.Գասպարյանը դրսեւորել է նաեւ նախարարության վերահսկողության տեսչության աշխատակիցների նկատմամբ: Ինչեւէ, տեսուչ Կ.Կարողլանյանը, բացատրությունից անկախ, աշխատանքային պարտականությունը չկատարելու համար ստացել է նկատողություն: «Շահումյան» մասնաճյուղին հանձնարարվել է պարտքի գանձման նպատակով բաժանորդ Ա.Գասպարյանի գործն ուղարկել դատարան: Ի դեպ, չնայած Ա.Գասպարյանը «Առավոտի» թղթակցին բողոքել է, թե բազմիցս դիմել է, որ հաշվիչը տանեն լաբորատորիա ստուգելու, սակայն երբեւէ սահմանված կարգով չի դիմել էլեկտրաէներգիա մատակարարող ձեռնարկությանը: Այս պահին արդեն բաժանորդի բնակարանը հոսանքազրկված է, եւ հաշվիչն ուղարկված «Էներգաչափ» ՓԲԸ՝ լաբորատոր ստուգման: ՀՀ էներգետիկայի նախարարության ԼԾ Հ.Գ. Ինչ վերաբերում է էներգահամակարգի՝ այդքան շահարկվող չարաշահումներին, ապա էներգետիկայի նախարարությունը պատրաստ է ուսումնասիրել ցանկացած ստույգ փաստ (ցանկության դեպքում ընդգրկել նաեւ լրագրողներին) եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: Հատկանշական է, որ ՆԳ նախարարությունից որեւէ պատասխան չստացվեց այս կապակցությամբ, մինչդեռ՝ ասելիք պետք է որ ունենային։ Միլիցիայի լեյտենանտ Ավագ Գասպարյանը տեղեկատվությունը հայտնել է ձայնագրիչի առկայությամբ եւ առայժմ չի հրաժարվում իր ասածներից։ Ինչ վերաբերում է նրա պահվածքին, ապա կարծես թե ծառայողական քննության կարիք կա, որին ինքն էլ դեմ չէ։ Իսկ գործարքի վերաբերյալ հերքումներին (չժխտելով, որ ոստիկանը կարող էր պատեհապաշտությունից ելնելով հայտնած լիներ այդ մասին) «Առավոտը» վերապահումով է մոտենում, քանի որ դրա համար ապացույցներ, որպես կանոն, չեն լինում՝ գրավոր կամ վկաների ներկայությամբ չեն արվում այդպիսի առաջարկները, իսկ ստուգելու հստակ եւ հավաստի մեխանիզմ չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել