Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ -ի անհատական դիմումը ՍԴ-ն մերժեց

Հոկտեմբեր 26,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Թիվ ՎԴ /12837/05/21 վարչական գործով բանկը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ վերջինիս կողմից «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ -ի լուծարման մասին 2021 թ. հուլիսի 22-ին կատարված պետական գրանցումը և ՀՀ արդարադատության նախարարության 2021 թ. հոկտեմբերի 6-ի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումն ընդունման պահից անվավեր ճանաչելու, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ -ի պետական գրանցումը՝ որպես գործող ընկերություն, վերականգնելու պահանջների մասին: ՍԴ դիմած Հոլդինգի սեփականատեր Մանվել Առաքելյանն այդ վարչական գործով դատավարության մասնակից չի հանդիսացել:

2022 թ. ապրիլի 12-ին դիմողի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից վարչական դատարան է մուտքագրվել երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդություն, որը Վարչական դատարանի նույն թվի ապրիլի 15-ի՝ «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու դիմումը մերժելու մասին» որոշմամբ մերժվել է: Նշված որոշմամբ վարչական դատարանն արձանագրել է.  «Սույն վարչական գործով հայցի առարկան հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության լուծարման մասին 22.07.2021 թ. կատարված պետական գրանցումը, որպիսի հանգամանքը հիմք է հանդիսանում փաստելու, որ սույն վարչական գործով  կայացվելիք գործն ըստ էության լուծող դատական ակտը իրավական և փաստական հետևանքներ առաջացնելու է իրավաբանական անձի՝ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության համար: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության պարտավորությունների համար գրավադրված է եղել Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող անշարժ գույքը, ապա դատարանն արձանագրում է, որ նշվածը սույն հայցի առարկայի շրջանակներից դուրս է և ենթակա չէ քննման վարչական դատավարության կարգով: Դատարանը գտել  էր, որ վարչական գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով չեն կարող շոշափվել Մանվել Տեր -Առաքելյանի իրավունքները, հետևաբար վերջինիս երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը ենթակա է մերժման»: Այսինքն,  Վարչական դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է, որ համապատասխան վարչական գործով կայացվելիք «արդեն իսկ կայացված» գործն ըստ էության լուծող դատական ակտն իրավական և փաստական հետևանքներ է առաջացնելու« արդեն իսկ առաջացրել է համապատասխան իրավաբանական անձի՝ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ -ի համար, իսկ դիմողի՝ որպես ֆիզիկական անձի իրավունքները դրանով չեն կարող շոշափվել:

Վճռաբեկ դատարանի՝ 2026 թ. հուլիսի 8-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման ուսումնասիրությունը ևս վկայում է, որ դիմողը այդ վարչական գործին մասնակից չի դարձվել: Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ վարչական դատարանի 2026 թ. ապրիլի 16-ի որոշման դեմ դատավարության մասնակից չդարձած անձ Մանվել Տեր -Առաքելյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը ևս իր որոշմամբ արձանագրել է Մանվել Առաքելյանի՝ որպես ֆիզիկական անձի դատավարության մասնակից չլինելու հանգամանքը:

Սահմանադարական դատարան դիմած Մանվել Առաքելյանի ներկայացուցիչը  նշել էր, որ «սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման գործընթացում ո՛չ սնանկության գործով կառավարիչը և ո՛չ էլ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումն իրականացնող մարմինը չունեն պարտականություն և գործիքակազմ՝ պարզելու, թե արդյո՞ք առկա է իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործի կամ կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկատվություն»: Ըստ դիմողի՝ կատարվածը օրենսդրի վրիպման արդյունք չէ, այլ պայմանավորված է նրանով, որ «սնանկության արդյունքում իրավաբանական անձի լուծարման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանն ինքն է գնահատում բոլոր այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ նման դատական գործերի և կատարողական վարույթների առկայության արդյունքում, ինչպես նաև դրանց առկայության դեպքում որոշում է լուծարման գործընթացի վրա վերջիններիս ազդեցության հարցը»:

Ըստ դիմողի՝ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը հակասում են Սահմանադրության 63 -րդ հոդվածի 1-ին մասին այնքանով, որքանով դրանք վերաբերում են նաև սնանկության հետևանքով իրավաբանական անձի լուծարման մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա այդ իրավաբանական անձի լուծարման գրանցման գործընթացին՝ լուծարման մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում՝ փաստացի թույլ տալով որոշակի դեպքերում չգրանցել իրավաբանական անձի լուծարումը։

Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով անհատական դիմումը մեժվեց։

Դիմումը Սահմանադրական դատարանում էր 2026 թ. սեպտեմբերի 23-ից։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել