Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԱՍԱՑ՝ ԹԱՏՐՈՆ ՉԿԱ

Մարտ 26,2002 00:00

Ո՞Վ ԱՍԱՑ՝ ԹԱՏՐՈՆ ՉԿԱ Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է Հանդիպեցինք Թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Ղազանչյանին։ – Ասում ենք՝ ապրում ենք անթատրոն ժամանակներ։ Համամի՞տ եք։ – Իհարկե, ծանր ժամանակներ են նաեւ թատրոնի գործիչների համար։ Այո, խոսում են ու ասում՝ թատրոն չկա։ Ցավալի է, որ այս միտքը արտահայտում են մասնագետները եւս։ Հիմա եկեք նայենք իրականությանը։ Միայն անցյալ տարի՝ Համազգայինի, կոմեդիայի, տիկնիկային, մնջախաղի, պատանի հանդիսատեսի թատրոնները եւ անհատ դերասաններ, մասնակցելով արտերկրում հեղինակավոր փառատոների՝ վերադարձան մրցանակներով։ Էլի ասում են՝ թատրոն չկա։ Ո՞վ է ասում… Արդեն տարիներ շարունակ, թող ինձ ներեն, թատրոնի մարդը գտնվում է թշվառ վիճակում։ Ավելի քան 10 տարի նրանցից յուրաքանչյուրը հերոս է։ Սա մի անբացատրելի, աներեւակայելի նվիրում է։ Թատրոնը հազվադեպ կառույցներից էր, որ մնաց ժողովրդի կողքին։ Թատրոնը կարիք ունի ոչ միայն ֆինանսական, այլեւ բարոյական օգնության։ Չկարծեք՝ մեղքի բաժինը մեր վրայից հանում եմ, մենք էլ մի տեսակ իներտ ենք դարձել։ Սրա պատճառը մեկն է՝ հավատն է կորել։ Ամեն ինչ քանդեցինք ու քանդվեց։ Թեպետ ուշացած, բայց հիմա թատրոնը պետք է դառնա լուրջ քննարկման առարկա։ Ախր, գիտե՞ք ինչ ժառանգություն է մեզ հասել… Մենք պարտավոր ենք մեզ հասածը պահել, պահպանել ու փոխանցել գալիք սերունդներին։ – Առաջարկում եք թատրոնի մասին օրե՞նք ընդունել։ – Ես անձամբ այն կարծիքին չեմ, որ հենց թատրոնի մասին օրենք եղավ՝ փրկված ենք։ Ի՞նչ է նշանակում թատրոնի մասին օրենք։ Ինձ թվում է, պետք է լինի մեկ նախադասություն՝ ֆինանսավորել եւ պահանջել որակ։ Պահանջել՝ չպետք է հասկանալ հսկողություն։ Արվեստագետը պետք է լինի ու գործի ազատ, բայց այսօր ազատություն կոչվածը դարձել է անտերության հոմանիշը։ Գյոթեն ասել է. «Կյանքի եւ ազատության լոկ նա է արժանի, ով դրանց համար ամեն օր գնում է մարտի»։ Թատրոնի մարդը ամեն օր ու ժամ եւ թատրոնում, ե՛ւ թատրոնից դուրս վերջինիս հոգսերով է զինված ե՛ւ իսկական մարտնչող մարտիկ է։ Այսօր ի՞նչ է նրա ուզածը կամ պահանջածը՝ կարգավորել աշխատավարձերը։ Օրինակ, ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ է նշանակում պարտքերը սառեցնել մինչեւ 2005 թվականը։ Միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ 10 տարեկան երեխայից ամեն ինչ պահանջել հնարավոր չէ։ Կատեգորիկ բողոքում եմ մեր հանրապետության թատրոնների թիվը, քանակը տեղի-անտեղի շահարկելու համար… – Մեր ժողովրդի պատմությունը հուշում է, որ 2 անգամ հայ թատրոնները փակվել են։ Մեկը՝ Սուլթան Համիդի, մյուսը՝ Ստալինի հրամանով։ – Իհարկե, հիմա ի՞նչ է նշանակում, թե՞ թատրոնները շատ են։ Գիտե՞ք, այս պայմաններում տարեկան 32-34 պրեմիերաներ են լինում հանրապետության թատրոններում։ 2000 տարվա պատմություն ունի հայ թատրոնը։ Դե եկեք, դնենք ու փակենք թատրոնները, հետո՞… Ի վերջո, աշխատել է պետք, որ ֆինանս ունենաս։ Շատ եմ լինում մարզային թատրոններում։ Ասել, թե ոչինչ չի արվում՝ չեմ կարող։ Շարժ կա, աշխատել է պետք։ – Մարզային թատրոնները ինչպե՞ս պետք է հանդիսատես հավաքեն եւ որտե՞ղ խաղան։ – Օրինակ, Գորիսի թատրոնը ամիսը 10 ներկայացում կարո՞ղ է խաղալ։ Իհարկե՝ այո։ Այնտեղ մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղն է, կան դպրոցներ… ասելիքս այն է, որ հանդիսատես կա։ Հետո կարելի է, չէ՞, խաղալ Սիսիանում, Լաչինում։ Կամ վերցնենք Կապանի թատրոնը։ Ներկայացումները թող գնան նաեւ Քաջարանում, Մեղրիում։ Կամոյի թատրոնը, խնդրեմ՝ հսկայական Սեւանի ավազանը, Հրազդանը կպած… Մի խոսքով ե՛ւ խաղալու տեղեր կան, ե՛ւ հանդիսատես։ Այսօր, օրինակ, Էջմիածնի նման քաղաքը թատրոն չունի։ Ինչո՞ւ… էլի ֆինանսի խնդիր է, բայց ցանկության դեպքում ելք կարելի է գտնել։ Աղանդները միլիոններ են ծախսում։ Վերցնենք միայն դրանց գրքերի որակը… հնարավոր չէ՞ Հայ առաքելական եկեղեցին հովանավորի Էջմիածնի՝ ժողովրդականի կոչմանն արժանացած թատրոնը։ Չեմ ասում, թե առավոտից իրիկուն քրիստոնեական թեմաներով ներկայացումներ խաղան։ Հասկանո՞ւմ եք՝ մարզը թատրոն չունի։ Էջմիածինցին այսօր կամ վաղը ինձ էլ, ձեզ էլ, մարզպետին էլ չի ների։ Եվ իրավացի կլինի։ Իսկ թատրոնները պետք է աշխատեն, որ ֆինանս ունենան։ – Ի՞նչ է, վերջնականապես հույսներդ կտրե՞լ եք պետությունից։ – Ոչ։ Այսօր ամենակարեւոր խնդիրը բոլոր թատրոնները վերադարձնել մշակույթի նախարարության իրավասությանը։ Ես չեմ կասկածում մարզպետների ու քաղաքապետերի ընդունակություններին, բայց թատրոնը թող թողնեն պրոֆեսիոնալներին։ Այսինքն՝ հսկողությունը պետք է վերապահել միայն պրոֆեսիոնալ վերադասին՝ մշակույթի նախարարությանը։ – Ամենուր խոսվում ու խոսում ենք հայապահպանության մասին… – Այո, այս գործում, անկասկած, մեծ է թատրոնի դերը։ Պետք է մտածել երիտասարդի, ինստիտուտը նոր ավարտած դերասանի մասին, որ վերջինս չընկճվի, չհուսահատվի, վերջապես՝ դիպլոմը, ստացած կրթությունը մի կողմ չդնի… – Որքան գիտեմ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդառաջում է երիտասարդ դերասաններին։ – Այո, ամեն տարի թատերական ինստիտուտի 3-4 շրջանավարտ նախարարի օժանդակությամբ աշխատում է Ստեփանակերտի թատրոնում։ – Սա՝ Ստեփանակերտի թատրոնում, իսկ մյուս մարզերում… – Կարծում եմ, որ մարզերի թատրոնների տնօրենները եթե քայլեր անեն, այսինքն՝ դիմեն, մերժում չեն ստանա։ Մի մոռացեք, որ մարզերում մշակույթի կենտրոնը թատրոնն է եւ ընդհանրապես մշակույթին տոն տվողը թատրոնն է։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել