Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է

Մարտ 27,2002 00:00

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՌԴ մայրաքաղաքում ավարտվեց ԱՊՀ երկրների եւ Մերձբալթյան հանրապետությունների սպորտի ղեկավարների խորհրդակցությունը՝ նվիրված հունիսին մեկնարկող պատանեկան խաղերի նախապատրաստությանը։ Հրավերը կազմակերպել էր այդ համալիր մրցումների անցկացման նախաձեռնող, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Ըստ մեր ունեցած տեղեկատվության, առաջին նիստը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաք ժամանել էին ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների պետական կառույցների եւ ԱՕԿ-ների բոլոր ղեկավարները, վարել է Մոսկվայի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Շանցեւը։ Քննարկվել են Խաղերի անցկացման հետ կապված կարեւորագույն հարցեր՝ սկսած դրանց բացման հետ առնչվող խնդիրներից՝ յուրաքանչյուր հանրապետության պատվիրակությանը հատկացվելիք բնակության վայրից, մինչեւ առանձին մարզաձեւերի անցկացման կազմակերպումն ու փակման հանդիսավոր արարողությունը։ Խորհրդակցության ընթացքում արվել ու հավանության են արժանացել մի շարք նոր առաջարկներ։ Մասնավորապես, որոշվել է, որ առաջին անգամ մինչեւ Խաղերի սկսվելը մասնակից յուրաքանչյուր պետությունում խորհրդանշական կրակ է վառվելու, որը հասցվելու է Խաղերի մայրաքաղաք։ Հավանության է արժանացել դրա հետ կապված այն առաջարկը, որի համաձայն, այդ արարողությունը պետք է նկարահանվի Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսության կողմից եւ մինչեւ պատանեկան խաղերի մեկնարկը ցուցադրվի եթերում։ Ամենայն հավանականությամբ, այդ արարողությունը Հայաստանում կկատարվի Գառնիի հեթանոսական տաճարի կամարների ներքո։ Երկրորդ կարեւոր նորությունն այն է, որ կազմակերպիչները խնդրել են, որպեսզի յուրաքանչյուր մասնակից երկիր իր պատվիրակության կազմում ընդգրկի նաեւ արվեստի ու մշակույթի գործիչների կամ խմբերի, քանի որ Մոսկվայի կառավարությունը որոշել է Խաղերի ծրագրում մտցնել նաեւ մշակութային միջոցառումներ, որպեսզի բոլոր ազգերը ներկայանան նաեւ այս ոլորտում։ Ու այս գաղափարը կյանքի կոչելու համար Մոսկվան պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել նաեւ դրա հետ կապված բոլոր ծախսերը, բացի ճանապարհից։ Խորհրդակցության մասնակիցները նույն օրը շրջագայել են նաեւ ապագա մրցումների անցկացման մարզական օբյեկտներում, այն հյուրանոցներում ու մարզական ավանում, որտեղ հանգրվանելու են պատվիրակությունները եւ գոհ են մնացել արված աշխատանքներից։ Հաջորդ օրը խորհրդակցությունը շարունակվել է արդեն Յուրի Լուժկովի մասնակցությամբ։ Մոսկվայի քաղաքապետն ու Խաղերի կազմկոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ բացման արարողությանը ներկա գտնվելու ցանկություն են հայտնել Խուան Անտոնիո Սամարանչը եւ ՄՕԿ-ի ներկայիս նախագահ Ժակ Ռոգեն։ Եվ, որ ամենակարեւորն է, Ռոգեն նույնպես, ինչպես իր նախորդը, համաձայնել է, որ այս Խաղերը ստանան Պատանեկան օլիմպիական խաղերի կարգավիճակ ու դրա ծրագրի մեջ մտցվեն նաեւ ձմեռային մարզաձեւերը։ Եվ որպես առաջին քայլ, Ամառային պատանեկան օլիմպիական խաղերի կազմակերպման պատիվը վստահվելու է Մոսկվային։ Յուրի Լուժկովը հայտարարել է նաեւ, որ ինքը արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Յուտայի նահանգապետի հետ, որպեսզի Սոլթ Լեյք Սիթին ընդունի առաջին Ձմեռային պատանեկան խաղերը։ Խորհրդակցությանը մասնակցած ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե Մոսկվայում նա հանդիպումներ ունեցե՞լ է մյուս հանրապետությունների իր գործընկերների հետ։ Նա պատասխանեց. «Աշխատանքային, գործնական կարճատեւ հանդիպում եղավ իմ եւ Ադրբեջանի սպորտի, երիտասարդության հարցերի եւ տուրիզմի նախարար Աբուլֆազ Մուրսալ-օղլի Գարաեւի հետ։ Թեման Բաքվում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն էր։ Նա վստահեցրեց, որ Հայաստանի պատվիրակությանը կդիմավորեն բարձր մակարդակով եւ որեւէ խնդիր չի լինի։ Ես էլ տեղեկացրի, որ մենք որոշել ենք մասնակցել այդ առաջնությանը։ Իսկ թե քանի՞ քաշային կարգերում՝ հայտնի կդառնա ավելի ուշ։ Առանձնազրույց ունեցա նաեւ Ռուսաստանի սպորտի նախարարի եւ ՕԿ նախագահի հետ։ Դեռ Սոլթ Լեյքում պայմանավորվել էինք, որ նրանք Ծաղկաձորի օլիմպիական ավանի հետ կապված խնդիրներով ապրիլին ժամանելու են Երեւան։ Բայց քանի որ նույն ամսի կեսերին սպորտի պետական կառույցների եւ ՕԿ-երի ղեկավարների մասնակցությամբ կոլեգիա է հրավիրվելու Մինսկում, որի աշխատանքների արդյունքում ամենայն հավանականությամբ համատեղ հայտարարություն կընդունվի սպորտի ղեկավարների նախարարների խորհուրդ ստեղծելու մասին, որոշեցինք Ռոժկովի եւ Տյագաչովի այցելությունը մի փոքր հետաձգել կամ մինչեւ ապրիլի վերջ, կամ՝ մայիսի սկիզբ»։ – Խորհրդակցության ընթացքում հայկական կողմը ինչ-ինչ հարցեր բարձրացրե՞ց։ – Դրա անհրաժեշտությունը չեղավ, քանի որ մինչ այդ մեր եւ Մոսկվայի կառավարության սպորտվարչությունները աշխատել էին ու բոլոր հարցերի լուծումները գտնվել էին նախապես։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել