Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆԻՆ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Մարտ 28,2002 00:00

ԹԱՏՐՈՆԻՆ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցությունն Աբովյանում եւ նրան հարակից բնակավայրերում տեղական կառույցներ չունի։ Համենայնդեպս, այսպես էին ներկայացնում իրավիճակը բյուրեղավանցիները։ ՀԺԿ ղեկավար մարմնից նախորդ օրը փորձեցինք պարզաբանումներ ստանալ տարածված այն լուրերի մասով, ըստ որոնց՝ ՀԺԿ-ից մի քանի մարդ դուրս է եկել եւ անդամակցել «ԱՄ»-ին։ Պատասխանելու փոխարեն՝ կուսակցության ղեկավարությունը մեզ հրավիրեց Բյուրեղավան՝ բնակչության հետ հերթական հանդիպմանը։ Շարքային ՀԺԿ-ականներին զայրացրել էր Արտաշես Գեղամյանի կուսակցության պահվածքը։ Հանդիպման եկածները բազմաթիվ էին եւ հարցերի շարքում անպայման ուզում էին իմանալ, թե ինչո՞ւ Ստեփան Դեմիրճյանը ժամանակին համաձայնեց համագործակցել Արտաշես Գեղամյանի հետ, չէ՞ որ, էն գլխից հայտնի էր, թե ով է Գեղամյանը։ Իհարկե գիտեին, եւ հենց դա էր պատճառը, որ պարզապես մեկ հարցի շուրջ էր համագործակցությունը եւ ոչ թե՝ դաշինքային։ «Ազգային միաբանության» բարձրացրած աղմուկը, թե 2500 ՀԺԿ-ական դուրս է եկել կուսակցությունից եւ անդամակցել «ԱՄ»-ին, ՀԺԿ նախագահի կողմից որակվեց որպես դատարկ եւ անիմաստ խոսակցություններ. «Նախ, ՀԺԿ-ից որեւէ արտահոսք չկա, դա սուտ է։ Երկրորդը՝ ուղղակի պետք է վերջ տալ թատրոններին, որովհետեւ սա միայն ջուր է լցնում իշխանության ջրաղացին։ Իրականում ամենաշատ դիմումները միայն ԱՄՆ դեսպանատանն են տրվում, երկրից գնալու համար։ Սրա դեմն է պետք առնել։ Մնացածը դատարկ խոսակցություններ են»։ Ստեփան Դեմիրճյանի եզրակացությունը հետեւյալն էր՝ ՀԺԿ-ն կա, լինելու է եւ չեն կարողանալու կոտրել ՀԺԿ-ն։ Կուսակցության ղեկավարն առաջարկեց չկորցնել իրականության զգացողությունը։ Ստ. Դեմիրճյանը վստահ է, որ հաջողության չի կարող հասնել նա, ով հողից կտրված է եւ ում թվում է, թե միայնակ կարող է բոլոր հարցերը լուծել. «Այդպես չի լինում, հարկավոր է լուրջ, մտածող մարդկանց, քաղաքական ուժերի համախմբում, որին ժողովուրդը կհավատա»։ Իսկ ժողովրդի վիճակը ծանր է, արտագաղթը գնալով մեծ չափերի է հասնում եւ ՀԺԿ նախագահի գնահատմամբ՝ «այս պայմաններում կեղծ թվեր ասելը, իրարից կուսակցական փախցնելը այնքան մանր, այնքան անհեթեթ են, որ պարզապես ամոթ է։ Ամեն մեկը վեր է կենում, թե՝ այսքան մարդ ունեմ։ Ամոթ է»,- եզրափակեց Ս. Դեմիրճյանը։ Նրա ներկայացմամբ, եթե հավատանք այս կամ այն կուսակցության ներկայացրած թվերին, ապա կստացվի, որ մեր երկրում միայն կուսակցականներ են եւ ժողովուրդ չկա. «Հասկանալի չէ, թե որքան ժողովուրդ է մնացել մեր երկրում, բայց եթե գումարենք «կուսակցականների» թվերը, կստացվի՝ երկու այդքան կուսակցական կա»։ «Ազգային միաբանության» ներկայացուցիչը չէր զլացել մի թեթեւ շոշափել նաեւ Ստեփան Դեմիրճյանի՝ գործարանի տնօրեն լինելու հանգամանքը, մոտավորապես հետեւյալ ենթատեքստով՝ գործարա՞նն է պահում, թե՞ քաղաքականությամբ է զբաղվում։ Այս կապակցությամբ բյուրեղավանցիների հետ հանդիպման ժամանակ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Գործարանը պահել եմ, չեմ թողել թալանել, չեմ էլ թողնելու թալանեն, քաղաքականության մեջ էլ մտել եմ, մինչեւ վերջ գնալու եմ։ Ի՞նչ է պատահել։ Եվ ինձ չեն հետաքրքրում այդ մանր-մունր խոսակցությունները»։ ՀԺԿ նախագահն ասաց, որ ընդհանրապես երկրի եւ ժողովրդի մասին ամեն մեկը չէ, որ իրավունք ունի մեծ-մեծ խոսել։ Երկրի եւ ժողովրդի մասին խոսելու իրավունք պետք է ունենան մարդիկ, «ովքեր էս երկրի վրա մի «ամագ» ունեն, մի բան ստեղծել են։ Այո, ես հպարտ եմ, որ գործարան եմ ստեղծել»։ Բյուրեղավանցիներին բացի բուն կուսակցական թեմաներից հետաքրքրում էր նաեւ անկախ մամուլի եւ հեռուստաընկերությունների գլխին կախված դամոկլյան սուրը։ Մարդիկ դժգոհ էին այս ամենից եւ ամենեւին չէին հավատում, որ «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» հաճախականությունների տրամադրման մրցույթում «ամեն ինչ լինելու է բաց եւ թափանցիկ»։ Այս կապակցությամբ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «մեկ-երկու օբյեկտիվ հեռուստաընկերություն կա, այն էլ ուզում են փակել, որ բոլորս մեզ զգանք Շվեյցարիայում։ Բայց չենք թողնելու»։ Հետաքրքիր է, ո՞նց չեն թողնելու, երբ այսօր փաթեթները բացվելու են եւ «անկախ մրցույթի» շրջանակներում 37-րդ հաճախականությունը «տրվելու է»… Վերադառնանք Բյուրեղավան եւ փաստենք, որ այստեղի քաղաքապետը պարզապես զարմացրեց իր քաջությամբ։ Նա ոչ միայն մշակույթի տան դահլիճը տրամադրել էր ՀԺԿ նախագահի այցին, այլեւ ինքը եւս մասնակցեց հանդիպմանը, թեպետ որեւէ կուսակցության անդամ չէ։ Հանդիպումը բազմամարդ էր, մարդիկ՝ հարցասեր։ Հանդիպման մասնակիցներից մի քանիսի վկայությամբ, հանդիպմանը մասնակցում էին նաեւ երկու «Խթը»-շնիկներ, որոնք սուսուփուս մասնակցեցին հանդիպմանը եւ սուսուփուս էլ անհետացան։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել