Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ խոսքից հետո

Մարտ 28,2002 00:00

Ազատ խոսքից հետո Անկախ հեռուստաալիքի հավակնություն ունեցող «Շարմ» ընկերության երեկվա ասուլիսի առիթը, ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանի խոսքերով՝ «լրատվամիջոցների բարձրացրած հիստերիան էր»՝ կապված «Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Ի դեպ, անկախ հեռուստաալիքի հավակնություն ունեցող ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանը թույլ չտվեց նկարահանել ասուլիսը՝ խոստանալով հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ առանձին հանդիպել։ Իսկ «Շարմի» գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը կարդաց ընկերության «Մի խառնեք մեզ ձեր խաղերին» վերնագրով հայտարարությունը, որն արդեն տպագրվել է «Առավոտի» երեկվա համարում։ Նկարահանումն արգելող Ռ. Ջաղինյանը լրագրողներին փորձեց հավաստիացնել, որ իրենց ապագա հեռուստաալիքը չի զիջելու «Ա1+»-ին որակով եւ բովանդակությամբ, իսկ որ ամենակարեւորն է՝ «լինելու են ատամնավոր լուրեր»։ «Դա կլինի այն հեռուստաընկերությունը, որը պետք է բոլորիս»,- համոզված էր նա։ Ռ. Ջաղինյանը հերքեց նախագահի խորհրդականի հետ «Շարմի» ջերմ հարաբերությունների մասին լուրերը։ Հետո էլ ավելացրեց, որ թեեւ «տարբեր ճամբարներում գտնվող մարդկանց հետ «Շարմը» կապեր ունի», սակայն «Շարմի» մեջքին ինքը՝ «Շարմն» է կանգնած, նրա ընկերները եւ ընկերների ընկերները»։ «Ա1+» հեռուստաընկերության հետ մրցակցությունը ընդամենը ստեղծագործական եւ կոմերցիոն մրցակցություն դիտող «Շարմ» ընկերության տնօրենը, ի թիվս այլ խոստումների, մեկն էլ տվեց՝ «Ա1+»-ի լրատվական բլոկի աշխատակիցներին աշխատանքի վերցնել իր մոտ։ «Ե՛վ հաղթանակի, ե՛ւ պարտության դեպքում ունենք մշակված առաջարկ»,- լրագրողներին հայտնեց ընկերության գլխավոր պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը։ Նրա համոզմամբ, հաղթանակի դեպքում նախընտրական այս շրջանում իրենց «ամենամեծ պրոբլեմը իշխանությունների հետ աշխատանքն է լինելու», քանի որ «իրենք փորձելու են հնարավորինս անկախ լինել»։ «Շարմ» ընկերության փոխտնօրեն Հրանտ Թ ոխատյանն էլ, որ նեղացած էր լրագրողների անտարբերությունից (քանի որ «մինչեւ օրս չեն փորձել հետաքրքրվել «Շարմի» ներկայացրած ծրագրով») հայտարարեց. «Ապրելով փոքրիկ, քաղաքականացված, «պոլիցեյսկի» երկրում՝ ուզած-չուզած պետք է խառնվես քաղաքականությանը»։ Բավականին ուշագրավ են «Ա1+»-ի զբաղեցրած հաճախականության մյուս հավակնորդի՝ «Դոֆին» ընկերության նախագահ Հրայր Հակոբյանի՝ «Առավոտին» հայտնած դատողությունները իր ապագա «կանալի» նպատակների վերաբերյալ։ Ասում են՝ ատելությունից սեր ուղիղ մեկ քայլ է։ Երեւի նույն օրինաչափությամբ էլ «Դոֆին» ընկերության նախագահ Հրայր Հակոբյանի հախուռն ատելությունն «Առավոտի» հանդեպ մի օր լուրջ սիրո կվերաճի։ Թե չէ ինչո՞ւ պետք է նա ցանկանար չսիրած «Առավոտի» հետ «հավասար դաշտում լինել»։ Ու թեեւ պրն Հակոբյանն ասում է, որ, ի դեմս 37-րդ հաճախականության, ուզում է «Հայաստանում ունենալ մի նոր «կանալ», որպեսզի կարողանա հերքել այն անհիմն բաները», որ գրում է իրեն դեռեւս ատելի «Առավոտը» եւ «նրա նման թերթերը»։ Բայց մենք հո հավատում ենք, որ վերջինս հոգու խորքում վստահ է, որ «Առավոտի» նմանը չկա։ Թե չէ, հակառակ դեպքում Հ. Հակոբյանը ինչո՞ւ պետք է ցայտուն ուշադրության արժանացներ «Առավոտին»՝ իր կարճ խոսքում բազմաթիվ անգամներ տալով նրա անունը։ «Դոֆին» ընկերության նախագահը եւ «Ոսկե ձկնիկի» ու Շամպայն գինիների գործարանի սեփականատերը մի ցանկություն էլ ունի. առաջիկայում իր ապագա «կանալով» լույսը բացվելուն պես հերքել «առանց հիմքի մարդկանց պատվի հետ խաղացող» «Առավոտի» նախորդ օրվա բոլոր հրապարակումները։ Նա նաեւ անկեղծորեն ցանկանում է 37-րդ «կանալի» համար պայքարում շատ ու շատ մասնակիցներ տեսնել։ Բայց ինքն ինչ անի, եթե «Ա1+»-ի կապուղին հատկապես երկուսին է գրավում։ Հ. Հակոբյանը անվերապահորեն համոզված է, որ հատկապես «Դոֆին» ու նրա նման «ֆինանսապես հագեցած ֆիրմաներն» են լինելու փրկիչը «դժվարությամբ գոյատեւող կանալների» եւ միայն իրենք են «կարողանալու ստեղծել լավ կանալներ», որպեսզի «Առավոտին» եւ մյուս լրատվամիջոցներին վերջապես հասկացնեն, որ հարկավոր է ճիշտ գրել եւ ճիշտ մեկնաբանել»։ Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, իր խոսքով, «ըմբռնումով է մոտենում» մամուլի հրապարակումներին եւ բնական է համարում «Ա1+»-ի շուրջ ստեղծված աղմուկն ու հարցի քաղաքականացվելը։ Սակայն իբրեւ հանձնաժողովի նախագահ՝ նա գերադասում է հեռու մնալ մրցույթի մասնակիցների մասին կանխակալ վերաբերմունք հայտնելուց։ Գ. Ամալյանի կարծիքով, ճիշտ չէ, որ մրցույթի մասնակիցները նախօրոք, ինչպես «Կիկոսի մահը» հեքիաթում, ենթադրություններ են անում ու իրենց հաղթող կամ պարտված համարում, քանի դեռ չեն ամփոփվել մրցույթի արդյունքները։ Ու թեեւ Գ. Ամալյանը պնդում է, որ մրցույթը որեւէ հեռուստաընկերության հեռարձակվելու շնորհից զրկելու միտում չունի, սակայն փաստն այն է, որ «Ա1+»-ի բացախոսությունը ոչ բոլորի ականջն է շոյում։ Պատահական չէ եւ այն, որ «հանգամանքներն» այնպես են դասավորվել, որ «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվի եթերից։ Իսկ դրա եղանակներից մեկն էլ հայտնի մրցույթն է, որը միջոց է «Ա1+»-ի հարցերը «գեղական կարգով» լուծելու համար։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել