Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էլ նկարես՝ ինքնանկար է

Մայիս 01,2002 00:00

Ինչ էլ նկարես՝ ինքնանկար է Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը աշխարհի շատ երկրներում է եղել ու ցուցահանդեսներ բացել։ Նկարներից շատերի վերնագրերը բանաստեղծական են՝ «Էս մեր գյուղը չէ», «Քամոտ սարեր», «Ուր ես գնում, օրիորդ», «Թափվող կակաչներ», «Կողբի ծաղիկներ»… Կողբը նկարչի ծննդավայրն է։ Նիկոլ Աղաբաբյանի երեւանյան վերջին ցուցահանդեսը Թումանյանի թանգարանում է բացվել։ Նկարների մեջ Թումանյանի դիմանկարը չկար, բայց այն ամենը կար, ինչը որ հարազատ է Թումանյանին։ – Սկիզբդ, Նիկոլ։ Երբ որ տանը նկատեցին, որ այս մի երեխան թուղթ ու մատիտ շա՞տ է սիրում։ – Դե որ հարցդ այդպես տվեցիր, ասեմ։ Մեծ եղբայրս գրողների դիմանկարներ էր նկարում, ես էլ ուզում էի իրեն նմանվել, չարչարվում էի, ձգտում էի նրա նման սիրուն նկարել։ Հետո, երբ ես արդեն նկարչության մեջ էի մտել, եղբայրս խոստովանեց, որ գրողների նկարները ապակու վրա ուրվագծում էր, հետո էր նկարում։ – Դու նկարիչ ես, բայց նաեւ սահմանում կռված հայ մարդ։ – Պետք է եղել, տղերքով հավաքվել ենք, մեր տունը պահել։ Ճիշտը դա է, ամեն մարդ իր տունը պիտի պահի։ – Հիմա՞ էլ կգնայիր։ – Մի օր տղերքի հետ էի խոսում, մեկը բորբոքված բողոքում էր, հարցրինք՝ հիմի որ կռիվը սկսվի, դու չե՞ս գնալու, տանը նստելո՞ւ ես։ Ընկերս ասաց՝ ո՞նց կնստեմ։ Ինքն էլ գիտեր, որ էլի գնացողը նույն մարդիկ են լինելու։ – Ինչ-որ շատ չե՞ն նկարիչները Հայաստանում, երկիրը փոքր ու աղքատ եւ հազարով՝ նկարիչ։ – Իտալիան, որ օպերայի երկիր էր, վա՞տ պտուղ տվեց։ Եթե նկարվում է, նկարիչը կա, ուրեմն ես ու դու չէ, որ այդ հարցը պիտի պարզաբանենք։ Ուրեմն դա անհրաժեշտ է, ուրեմն աշխարհի մի կետում նկարիչները քչացել են եւ կգան- կհավասարվեն։ – Եղե՞լ է մի շրջան քո կյանքում, որ դժվար ես բաժանվել նկարից։ – Առաջին անգամ Սիրիայում ցուցահանդես էի բացել։ Բազմաթիվ նկարներ վաճառվեցին։ Իսկ ես պատրաստ չէի դրան, ինձ թալանված էի զգում, մի քանի ամիս տեղս չէի գտնում։ – Քո ինքնանկարները դու հավանո՞ւմ ես եւ ի՞նչ պահ է լինում, որ մարդը ուզում է իրեն նկարել։ – Իմ ինքնանկարները հիմնականում այն ժամանակ են ծնվել, երբ ցանկություն է եղել դիմանկար անելու եւ բնորդ չի եղել մոտս. իմ դիմագծերից օգտվելով՝ մարդկային դեմք եմ նկարել։ Իսկ, ընդհանրապես, բնանկար էլ անես՝ ինքնանկար է։ Քո ներսից է, դու ես։ – Մեր նկարչությունը իրո՞ք արտասահմանում լավ է ընդունվում։ Էժան չե՞ն վաճառվում մեր նկարիչների աշխատանքները դրսում։ – Չէ, էժանի ու թանկի խնդիրը չկա։ Այնտեղ դա նկարչի անցած ճանապարհով է որոշվում։ Թե նկարիչը ինչ ցուցահանդեսներում է ցուցադրվել, ինչ ցուցասրահներում, հայտնիության ինչ մակարդակի վրա է գտնվում նկարչության աշխարհում։ Շատ կարեւոր է ճիշտ որակները ճիշտ մակարդակում ցուցադրելը։ Մենք շատ լավ նկարիչներ ունենք, որ, դժբախտաբար, վատ կազմակերպվածության արդյունքում երկրորդ-երրորդական տեղերում են ցուցադրվում եւ առանձնապես ուշադրության չեն արժանանում։ Բայց մի բան հստակ է, որ մեր նկարչությունը, կերպարվեստը՝ հատկապես, բավականին բարձրամակարդակ է։ – Դա՞ չէ պատճառը, որ Ձեզ այնտեղ «շուկա» են թողնում։ – Ուրեմն այդ «թողնելն» էլ հարաբերական է։ Մի աստիճան կա, մինչեւ որտեղ կարող ես հանգիստ քայլել։ Այդ աստիճանից բարձր պիտի մեկինը լինես, որեւէ գալերեայինը կամ կազմակերպությանը, որոնք էլ քեզանով կզբաղվեն։ Այլապես իրենք ուղղակի սկսում են քեզ խանգարել. պայմաններ են դնում, որոնք ընդունելի չեն։ Բայց, ամեն դեպքում՝ աշխարհը մեծ է եւ մեր հնարավորությունն էլ է մեծ, որովհետեւ նկարչությունը այն առավելությունն ունի արվեստի մեջ, որ թարգմանելու կարիք չունի.. – Հայ նկարիչներից ո՞ւմ ես սիրում։ – Մարտիրոս Սարյանի նկարչությունն է ինձ համար շատ բարձր։ Հզորագույն նկարիչ է, որ մենք մեզ համար դեռ չենք բացահայտել։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031