Լրահոս
Օրվա լրահոսը

Աղանդները մտնում են դպրոց

Մայիս 15,2002 00:00

Աղանդները մտնում են դպրոց Հայաստանում երեխաները պաշտպանված չեն աղանդներից։ Ցանկացած աղանդավորական ընտանիքի երեխա ապագա աղանդավոր է։ Սակայն գրեթե բոլոր եվրոպական երկրներում կա պետական մոտեցում այս հարցի նկատմամբ։ Մասնավորապես Ֆրանսիայում, որտեղ գործող օրենսդրությունը հնարավորություն է ստեղծում անուղղակիորեն կասեցնել երեխաների նկատմամբ աղանդների կատարած օրինախախտումները, հանցագործություններն ու զանցանքները։ Օրենքը պատասխանում է 3 հիմնական հարցի. 1) վերահսկողություն սահմանել մինչեւ 16 տարեկանների կրթական համակարգի վրա, 2) սահմանել պարտավորություններ, որոնք վերաբերում են կրթական համակարգում չընդգրկված երեխաներին, 3) դպրոցական տարիքի երեխաները առեւտրական, գաղափարական կամ կրոնական նպատակներով ո՛չ հասարակական հիմունքներով, ո՛չ էլ առեւտրային գործունեությամբ զբաղվել չեն կարող։ Թույլտվությունը տրվում կամ հետ է վերցվում պրեֆեկտի կողմից՝ երեխաների պաշտպանության բաժանմունքային հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Որոշ դպրոցներում սկսել են փորձնական անցնել կրոնագիտություն առարկան։ Կթության եւ գիտության նախարարությունից եւ Կրթական բարեփոխումների կենտրոնից պարզ դարձավ միայն այն, որ արգելվում է (ոչ պաշտոնապես) առարկայի ուսուցանումը։ Պատճառը հարցի նկատմամբ պետական վերահսկողության բացակայությունն է։ Ցանկացած վերապատրաստված մասնագետ կրոնագիտություն առարկայի անվան տակ կարող է ուսուցանել աղանդավորական գաղափարներ։ Մանկավարժները գտնում են, որ դպրոցական ծրագրին համապատասխանում է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» անվանմամբ առարկան։ Հայաստանում գործող բազմաթիվ կրոնական հոսանքները մեծ հաջողությունների են հասնում ոչ միայն որսալով, այլեւ գնելով հոգիները, սակայն ցավալին այն է, որ այս ամենի թիրախ են դառնում երեխաները։ Եթե ոչ դպրոցը, ապա ո՞վ այսօր պետք է պայքարի աղանդների դեմ։ Բայց այդ նույն դպրոցը իր հարկի ներքո հյուրընկալում է եկեղեցուն մոտ գտնվող Ավետարանչական կրոնական հոսանքը։ Մտավոր թերի զարգացած երեխաների թիվ 8 գիշերօթիկ դպրոցին օգնում են մորմոնները։ Աղանդներում ներքաշված երեխաների առողջությունն ու կրթությունը շատ հաճախ վտանգվում է։ Աղանդավոր երեխաները մեկուսանում են հասարակությունից. Եհովայի վկաներ աղանդն արգելում է երեխային ընտրվել դասարանի ավագ, նշել տարեդարձ, մասնակցել խմբակների։ Իսկ աղանդավորական շարժումը մեծ թափ է ստանում Հայաստանում՝ օրեցօր ընդլայնելով իր գործունեության շրջանակները։ Կրոնի գործերի պետական խորհուրդը հրատարակել է գրքույկ՝ «Աղանդները եւ երեխաները», սակայն ոչ մի երեխա նման կերպով չի պաշտպանվի աղանդից։ Պետական մոտեցումն այս հարցի նկատմամբ եւ պարտադիր վերահսկողությունը կրթական համակարգում այսօր անհրաժեշտություն են Հայաստանի համար։ ԵՎԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԵՊՀ 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել