Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ

Հունիս 05,2002 00:00

ՊԱՅՔԱՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ Հունիսի 3-ին Ուլսենում կայացած Բրազիլիա-Թուրքիա հանդիպումում («C» խումբ) աշխարհի քառակի չեմպիոնը կամային հաղթանակ տարավ։ Պարտվելով 0։1 հաշվով՝ բրազիլացիների գործողությունները խաղադաշտում գնալով ավելի վճռական ու նպատակային էին դառնում։ Մրցակիցն ամբողջ ուժերը կենտրոնացրել էր պաշտպանության վրա եւ առաջին իսկ հարմար առիթով սուր հակագրոհների էր դիմում։ Այդուհանդերձ, հարավամերիկացիների ջանքերը շուտով պսակվեցին հաջողությամբ։ Բրազիլիայի հարձակման գծի առաջատար Ռոնալդոն թուրքերի տուգանային հրապարակում խառն իրադրությունում գնդակն ուղարկեց դարպասը։ Իսկ հանդիպման վերջին րոպեներին Ռիվալդոն, հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, առաջ մղեց իր թիմին՝ 2։1։ Հաջող մեկնարկը շատ կարեւոր էր բրազիլացիների համար մի քանի առումներով։ Նախ, նրանք ավելի հավատացին իրենց ուժերին, քանի որ վերջին տարիներին աշխարհում մի փոքր ընկել է նրանց հեղինակությունը։ Ապա, հաղթանակը ձեռք բերվեց առանց թիմի ավագ եւ առանցքային խաղացող Էմերսոնի, որը նախօրեին մարզման ժամանակ վնասել է ուսը եւ զրկվել առաջնությանը մասնակցելու իրավունքից։ Եվ վերջապես շատ կարեւոր էր, թե պատասխանատու այս հանդիպումում ինչպես կխաղա Ռոնալդոն։ Նա ծնկահոդի վնասվածքի պատճառով բավականին երկար ժամանակ չէր խաղացել եւ միայն վերջերս է սկսել մարզումները։ Բարեբախտաբար, «Ճագարիկը» լիովին արդարացրեց իրեն եւ այս մասին խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսում գոհունակությամբ հայտարարեց բրազիլացիների գլխավոր մարզիչ Սկոլարին՝ ավելացնելով նաեւ, որ ինքը ստիպված էր փոխարինել Ռոնալդոյին, որովհետեւ նա, այնուամենայնիվ, դեռ ֆիզիկապես պատրաստ չէ ամբողջ 90 րոպե ինքնանվիրումով անցկացնել խաղադաշտում։ Խմբային մրցաշարում Բրազիլիայի հաջորդ մրցակիցը Չինաստանն է։ Այդ խաղը տեղի է ունենալու հունիսի 8-ին։ Իսկ երեկ Մաո Ցզեդունի հայրենակիցները մեկնարկային խաղում 0։2 հաշվով զիջեցին Կոստա Ռիկայի հավաքականին։ Ճիշտ է, չինացիները բավականին ակտիվ էին դաշտում, սակայն, ըստ ամենայնի, նրանց մեջ բացակայում էր նման մակարդակի մրցաշարերի փորձը։ Չինաստանը նույնպես առաջին անգամ է հանդես գալիս աշխարհի առաջնություններում։ «C» խմբում առաջին տուրն անցավ առանց անակնկալների։ Հաղթանակ տոնեցին ավելի ուժեղները։ Մրցաշարային աղյուսակ 1. Կոստա Ռիկա 1 1 0 0 2-0 3 2. Բրազիլիա 1 1 0 0 2-1 3 3. Թուրքիա 1 0 0 1 1-2 0 4. Չինաստան 1 0 0 1 0-2 0 Մեկական հանդիպում կայացավ նաեւ «D» եւ «H» խմբերում։ Դրանց նկատմամբ հետաքրքրությունն այնքանով էր մեծ, որ յուրաքանչյուր խմբում աշխարհի առաջնությունում իրենց անդրանիկ մրցելույթներն էին ունենալու կազմակերպիչ երկրների ազգային հավաքականները։ Առաջ անցնելով՝ ասենք, որ երկու խաղերն էլ անցան բացառիկ լարված պայքարում։ Եվ եթե Հարավային Կորեայի ներկայացուցիչները, հուրախություն տրիբունաներում տեղ զբաղեցրած տասնյակ հազարավոր իրենց երկրպագուների, գեղեցիկ հաղթանակ տարան բազմափորձ լեհերի նկատմամբ՝ 2։0, ու խմբային մրցաշարը հաջող հաղթահարելու լուրջ հայտ ներկայացրին, ապա նույնը չես ասի ճապոնացիների մասին։ Նրանք անչափ անզիջում հանդիպում անցկացրին Բելգիայի ընտրանու դեմ։ Հաշիվը բացեցին եվրոպացիները։ Դաշտի տերերը, դրսեւորելով աննկուն կամք, նախ հավասարեցրին հաշիվը, ապա իրենք գլխավորեցին պայքարը՝ 2։1։ Բայց որքան էլ ջանացին, այդուհանդերձ չկարողացան պահպանել հաղթական հաշիվը եւ անչափ կարեւոր երեք միավորը վաստակել։ Հանդիպման վերջնամասում հյուրերին մեծ ջանքերի գնով հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը՝ 2։2։ Եվ թիմերը միմյանց հրաժեշտ տվեցին մեկական միավոր վաստակած։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել